Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը տեղի է ունեցել Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովի և Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Դենիս Շմիգալի համանախագահությամբ։
Քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների, առևտրատնտեսական կապերի, ներդրումների, էներգետիկայի, տրանսպորտի, տեխնոլոգիաների և նորարարությունների, մշակույթի, գիտության, կրթության, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները։
Փարվիզ Շահբազովը, ընդգծելով, որ ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները զարգանում են ռազմավարական գործընկերության և փոխադարձ վստահության վրա հիմնված ամուր քաղաքական հենքի վրա, նշել է, որ չնայած տարածաշրջանային բարդ իրավիճակին՝ տնտեսական կապերը պահպանում են դրական դինամիկան։ Ընթացիկ տարվա առաջին ութ ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10,5%-ով, իսկ Ադրբեջանի արտահանումը Ուկրաինա՝ 17%-ով։ Փոխադարձ ներդրումների ընդհանուր ծավալը հասել է 513,5 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ադրբեջանում գործում է ուկրաինական կապիտալով 290 առևտրային կազմակերպություն։
Նիստի ընթացքում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի, էներգաարդյունավետության, էներգիայի պահպանման տեխնոլոգիաների, էլեկտրաէներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Ընդգծվել է «Կասպից ծով – Սև ծով – Եվրոպա» կանաչ էներգետիկ միջանցքի զարգացման կարևորությունը տարածաշրջանային էներգետիկ կապերի ամրապնդման տեսանկյունից։ Կարևորվել են նաև տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններով համատեղ նախագծերի իրականացումը։
Քննարկվել են նաև Ադրբեջանի կողմից Ուկրաինային տրամադրվող մարդասիրական օգնության և վերականգնողական աշխատանքներին աջակցության հարցերը։ Նշվել է, որ պատերազմի սկզբից ի վեր Ադրբեջանի տրամադրած մարդասիրական օգնության, ինչպես նաև վերականգնման և վերականգնողական աշխատանքներին ցուցաբերած աջակցության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 52 միլիոն ԱՄՆ դոլար։ Ներկայացվել են տեղեկություններ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին անհրաժեշտ սարքավորումների մատակարարման, Իրպեն քաղաքում սոցիալական օբյեկտների վերականգնման և ուկրաինացի երեխաների վերականգնողական ծրագրերին աջակցության միջոցառումների մասին։
Դենիս Շմիգալը հայտարարել է, որ Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության և տնտեսական համագործակցության զարգացմանը։ Բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող մշտական աջակցությունը՝ նախարարը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ցուցաբերած համերաշխության և տրամադրած օգնության համար։ Նշվել է, որ Ադրբեջանի կողմից մինչ օրս տրամադրված էներգետիկ օգնության ավելի քան 10 փաթեթների շրջանակում Ուկրաինային մատակարարված անհրաժեշտ սարքավորումները կարևոր դեր են խաղում էներգամատակարարման վերականգնման գործում։
Հաղորդվում է, որ քննարկումների արդյունքներով ստորագրվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը։ Բացի այդ, ընդունվել է 2026–2027 թվականների գործողությունների ծրագիրը, որը նախատեսում է միջոցառումներ համագործակցության 14 ուղղություններով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի