Եթե նույնիսկ գազի գինը թանկանա, այս ձմեռ սպառողի վրա չի ազդի. Մեսրոպ Մեսրոպյանը 3 սցենար նշեց՝ գազի գնի հնարավոր թանկացման դեպքում
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Եթե արտակարգ կամ սակագնային վերանայման սովորական ընթացակարգերից դուրս իրավիճակ չառաջանա, սպառողների համար գազի թանկացում առնվազն մինչև 2027 թվականի մարտ չի սպասվում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով ռուսական գազի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցերին։
Նրա խոսքով՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս պահին գազի գնի փոփոխության վերաբերյալ պաշտոնական գրություն չի ստացել։
Նա նշել է, որ հանձնաժողովը համապատասխան գրություն չի ստացել ո՛չ ռուսական «Գազպրոմից», ո՛չ «Գազպրոմ Արմենիա»-ից։ Միաժամանակ Մեսրոպյանը վերապահում է արել, որ իրավիճակը կարող է փոխվել, թեև ինքը հույս ունի, որ թանկացման առաջարկ չի ներկայացվի։
ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է, որ սակագները վերանայվում են սահմանված ընթացակարգերով՝ հանձնաժողովի կամ կարգավորվող ընկերության նախաձեռնությամբ։
«Մենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու։ Եթե հենց այսօր էլ դիմեն գործընկերները գազը թանկացնելու առաջարկությամբ, դա վերաբերելի է արդեն մյուս վեց ամսվա վերանայմանը, և ձմեռն արդեն դուրս կգանք»,- ասել է Մեսրոպյանը՝ այս գնահատականը պայմանավորելով արտակարգ կամ այլ բացառիկ իրավիճակների բացակայությամբ։
Մեսրոպյանը նաև նշեց, որ գազի գնի աճի դեպքում կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը:
«Մեր երկրում հետևյալ տոկոսային բաշխվածությունը կա. էլեկտրաէներգիայի արտադրության 100 տոկոս մասնաբաժնի մեջ մոտ 30-33 տոկոսը բաժին է հասնում ջերմային Էլեկտրակայաններին, հետևաբար եթե գազը թանկանա ՋԷԿ-երի սակագինը կախված գազի սակագնի թանկացման հետ բնականաբար կթանական ու նկան ձևով ազդեցություն կունենան սակագների վրա: Եթե սահմանի վրա գազի ներկրման գինը աճի 30 տոկոսով, այսօրվա սահմանի վրայի գինը, որը 174,46 դոլար է 1000 խորանարդ մետր գազի համար, կդառնա 226,8: Դա միջինացված կերպով էլեկտրաէներգիայի վրա 1,4 դրամի ազդեցություն կունենա»,-ասաց ՀԾԿՀ նախագահը և նշեց, որ եթե նույնիսկ գազի գինը թանկանա, այս ձմեռ սպառողի վրա չի ազդի։
Անդրադառնալով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի զեկույցի այն կետին, որ տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու դեպքում, գազը կթանկանա 69 տոկոսով, Մեսրոպյանը նշեց. «Եթե այդ դեպքը լինի, այս 174,4-ը կդառնա 294,8 դոլար 1000 խորանարդ մետրի համար: 300 տոկոս թանկացման դեպքում կդառնա՝ 697,85»:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ հանձնաժողովը մերժի գազի սակագինը բարձրացնելու հայտը, Մեսրոպյանը պատասխանել է, որ նախ անհրաժեշտ է ունենալ հայտն ու ուսումնասիրել դրա հիմնավորումները։
«Բազմաթիվ անգամներ եղել են, որ կարգավորվող ընկերությունները դիմել են հայտով հանձնաժողովին՝ թանկացնելու, և հանձնաժողովը մերժել է, քանի որ այդ հիմքերը չի տեսել։ Հիմա պետք է հայտը սեղանին դրված լինի, որ հասկանանք՝ մեջն ինչ է գրված, ինչին են հղում անում, ինչ են ուզում»,- նշել է նա։
Մեսրոպյանն ընդունել է, որ գազամատակարարման և գնի շուրջ քննարկումները որոշակի ռիսկեր ու անհանգստություն են առաջացնում, սակայն ընդգծել է՝ այս պահին գործնական քայլի մասին տեղեկություն չունի։
Նա նաև հրաժարվել է գնահատել, թե հնարավոր սցենարներից որն է առավել հավանական՝ նշելով, որ այլ պետության քաղաքական որոշումները կանխատեսելը հանձնաժողովի լիազորությունների շրջանակում չէ։