«Ինձ համար առանցքային է, որ բուժծառայությունները լինեն մարդակենտրոն, իսկ բուժօգնության կազմակերպման գործընթացը՝ հնարավորինս պարզ և հասանելի քաղաքացու համար: Առողջապահության համակարգը պետք է հարմարվի քաղաքացու կարիքներին, և մենք պետք է դրսևորենք ճկունություն՝ խնդիրները արձանագրելու, բարձրաձայնելու և լուծում տալու հարցում»,- նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը՝ թերապևտիկ մասնագիտությունների բլոկի ԱՆ խորհրդատուների հետ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առոջապահության նախարարությունից:
Նախարարը կարևորել է ապահովագրության գործարկման այս շրջանում մասնագետների կողմից նեղ ոլորտային խնդիրների արձանագրումը և լավարկմանը միտված մտքերը, որոնք պետք է շարունակաբար թարմացվեն կլինիկական գործելակարգերում:
Համատեղ աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով քննարկմանը մասնակցել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչները:
Նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է նաև մասնագիտական ասոցիացիաների ակտիվ ներգրավման և նման ձևաչափով աշխատանքի շարունակականության կարևորությունը: