«Սաբոտաժ են անում»․ Արա Զոհրաբյանը՝ Կաթողիկոսի և եպիսկոպոսների գործով ոչ մի դատախազի չներկայանալու մասին

«Կարող եմ ենթադրություն անել, թե ինչու մեղադրող և տուժող կողմը չէր ներկայացել դատական նիստին։ Կարծում ենք՝ իրենք միտում ունեն ձգձգելու այս գործի քննությունը։ Գործով երեք-չորս դատախազ է ներգրավված, մեկի մասով ասում են՝ գործուղման է, մյուսը՝ դատական այլ նիստ ունի, թեև չէր նշել՝ ինչ նիստ։ Պարզ է՝ մյուս դատախազների բացակայության հանգամանքի մասին որևէ տեղեկություն չկար։ Այսինքն՝ չի կարող ամբողջ մի մեծ դատախազություն այս տիպի կարևոր հարցով զբաղված լինել այլ գործերով։ Սա ուղիղ խոսում է իրենց կողմից այս գործընթացը սաբոտաժ անելու մասին»,-Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նախագահող դատավոր Սերժ Ռուշանյանը որոշեց հետաձգել դատական նիստը, քանի որ նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազը՝ պատճառաբանությամբ, որ այլ դատական նիստով ծանրաբեռնված է։ Նիստին ներկա չէր նաև տուժող Արման Սարոյանը։ Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։00-ին։

Արա Զոհրաբյանի համար ակնհայտ է, որ Վեհափառ Հայրապետն ու մյուս եպիսկոպոսները մեղադրվում են իրենց կանոնական լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար, և դա ըստ նրա՝ դատական ակտի խոչընդոտման հետ որևէ կապ չունի․ «Նույնիսկ այն գործով, որով հայցի ապահովման միջով էր կիրառել և Վեհափառին հենց այդ հանգամանքից ելնելով՝ մեղադրանք էին առաջադրել, այդ գործի վարույթը կարճվել է,  նույնիսկ դատարանը գտել է, որ ինքը չի կարող ստուգման ենթարկել ներեկեղեցական այդ հարցը։ Այսինքն՝ ի սկզբանե գործընթացն ապօրինի, անհիմն է եղել։ Ստացվում է՝ անհիմն գործընթացի համար այսօր մեղադրում են Ամենայն հայոց հայրապետին ու բարձրաստիճան հոգևորականներին։ Ինչպես Վեհափառը, այնպես էլ եպիսկոպոսները չեն կարող ՀՀ-ի դուրս գալ, Վեհափառն իր հովվական առաքելությունը չի կարող իրականացնել այլ թեմերում։ Այս առումով խոչընդոտված է նաև եկեղեցու գործունեությունը, այս ձգձգումն անհարմարությունն ավելի երկարացնելու, ավելի երկար ճնշման տակ պահելու նպատակ է հետապնդում»։

Հարցին՝ քաղաքացիական վարույթը որքանո՞վ է կապված ու առնչվում այս գործի հետ, Արա Զոհրաբյանը պատասխանեց․ «Քաղաքացիական գործով Արման Սարոյանը վիճարկել էր Վեհափառ Հայրապետի այն տնօրինությունը, որով իրեն պաշտոնից ազատել էր, և որպես հայցի ապահովման միջոց՝ դատարանը արգելել էր խոչընդոտել նրա պաշտոնավարմանը։ Եվ երբ Վեհափառը Արման Սարոյանին կարգալույծ էր հռչակել, դատախազությունը մեկնաբանել էր, որ իբր դրանով խոչընդոտվում է այդ դատական ակտը։ Այսինքն՝ նրա պաշտոնավարման հանգամանքը խոչընդոտվում է կարգալույծ լինելու փաստով։ Եվ քրեական հետապնդում էին հարուցել Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների նկատմամբ։ Եպիսկոպոսներին մեղադրում են այն բանի համար, որ նրանք՝ որպես գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, քվեարկել են այն որոշմանը, որով առաջարկել են Վեհափառին կարգալույծ հռչակել Արման Սարոյանին։ Վեհափառին էլ մեղադրում են, որ նա, Արման Սարոյանին կարգալույծ հռչակելով, խոչընդոտում է դատական ակտի կատարմանը։ Ինչպես արդեն հիմա նաև նույն դատական համակարգն ընդունեց, որ ի սկզբանե այդ հարցը չէր կարող վիճարկվել դատարանում․ դատարանը միջամտելու իրավունք չուներ այդ հարաբերություններին։ Այս առումով ակնհայտ է, որ չկա նաև այդ վիճելի հանգամանքը։ Անհիմն մեղադրում են բարձրաստիճան հոգևորականներին և այսօր էլ շարունակում են սահմանափակումների տակ իրենց պահել»։

Հարցին՝ այս պահի դրությամբ Արման Սարոյանը Մասյացոտնի թեմո՞ւմ է, Արա Զոհրաբյանը պատասխանեց․ «Այո։ Բայց ինչքան էլ ձգձգեն այս գործընթացը, ի վերջո, գալու է մի օր, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին համապատասխան իրավական հարցեր է ուղղելու այս ամբողջ ժամանակահատվածում ապօրինի ֆինանսական միջոցները կառավարելու և վատնելու համար, առաջնորդարանը և մյուս եկեղեցիները ապօրինի զավթելու համար։ Այս բոլոր հարցերը իրեն ներկայացվելու են․ որքան ձգի, այնքան ավելի մեծանալու է վնասն ու մեր պահանջի չափը»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment