«Ուզում եմ հասկանալ՝ ԵԱՏՄ-ն օգո՞ւտ է, թե՞ վնաս, ըստ ձեզ՝ ՀՀ-ին։ Այսինքն՝ եթե այդքան վնաս է, «զադերժկեն» ինչո՞ւմն է․ բռնեք, դուք ասեք՝ մենք ենք սառեցնում, պրծեք, ազատվեք։ Հիմա այնքան խառը խոսեցին ՔՊ-ականները, ուզում եմ մի հատ իրենց մտքերը դուք ամբողջականացնեք»,- խորհրդարանում՝ 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին հարց տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։
Գևորգ Պապոյանը վիրավորվեց Մեսրոպ Մանուկյանի այն դիտարկումից, որ ԵԱՏՄ-ՀՀ հարաբերությունների վերաբերյալ ՔՊ-ականները խառը արտահայտվեցին։
«Պարոն Մանուկյան, իմ ներկայությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հասցեին նման արտահայտություններ անելուց հաջորդ անգամ ես շատ խիստ եմ արձագանքելու»,- վրդովվեց նա։
ԵԱՏՄ-ի մասով էլ ասաց. «ԵԱՏՄ-ն մեր կառույցն է, մերն է՝ Հայաստանի Հանրապետության կառույցն է, ու Հայաստանի Հանրապետության ժողովուրդը երբ կորոշի դուրս գալ ԵԱՏՄ-ից՝ դուրս կգա, չի որոշի՝ դուրս չի գա։ Մենք ԵԱՏՄ-ում ենք, և ԵԱՏՄ-ում մեր պարտավորությունները կատարում ենք, և ԵԱՏՄ-ում աշխատում ենք շատ լավ։ Ու այդտեղ չեմ հասկանում՝ ի՞նչ եք ուզում, ի՞նչ պատասխան եք ակնկալում։ Մենք ԵԱՏՄ-ում փորձում ենք նախկինների կատարած սխալները ուղղել, դա եմ ասում, որը հեշտ չի, որովհետև կոնսենսուսով են ընդունվում որոշումները այնտեղ»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ավելի ուշ, պատասխանելով հարցին, Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ ՀՀ-ԵԱՏՄ հարաբերությունները հենց ընդդիմադիրներն են քաղաքական որակել։ Հիշեցրեց նաև, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էր դեմ արտահայտվում ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուն՝ հիմնավորելով բարձր մաքսատուրքերով։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: