Զարգացող երկրների արտաքին պարտքը 2025 թվականին հասել է ռեկորդային՝ 9.4 տրիլիոն դոլարի

Զարգացող երկրների արտաքին պարտքը 2025 թվականին աճել է 5.5%-ով՝ հասնելով ռեկորդային 9.4 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է Համաշխարհային բանկի զեկույցում։

Ցուցանիշի աճը 2021 թվականից ի վեր ամենամեծն է եղել և շուրջ չորս անգամ գերազանցել է 2022-2024 թվականների միջին մակարդակը։

Զարգացող երկրների համար միջազգային ֆինանսավորման հասանելիությունը բարելավվել է, սակայն փոխառու միջոցների արժեքը մնացել է անփոփոխ։ Փաստաթղթում նշվում է, որ ամենաաղքատ երկրներում պարտքային բարձր բեռը կարող է հանգեցնել սոցիալական ոլորտում ներդրումների կրճատման։

Մասնավոր վարկատուներից փոխառությունների ծավալը կտրուկ աճել է, իսկ պետական կառույցների կողմից պարտատոմսերի թողարկումն ավելացել է գրեթե 35%-ով՝ հասնելով վերջին հինգ տարվա առավելագույն մակարդակին՝ 251 միլիարդ դոլարի։

Արտաքին պարտքն ամենաարագ տեմպերով աճել է առավել խոցելի պետություններում, որոնք իրավունք ունեն օգտվելու Զարգացման միջազգային ընկերակցության (IDA) արտոնյալ ֆինանսավորումից։ Այդ երկրների արտաքին պարտքն ավելացել է 8.1%-ով՝ հասնելով 1.3 տրիլիոն դոլարի։

«Մասնավոր վարկավորման վերադարձը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ դրական երևույթ է, սակայն այդ երկրները գնալով ավելի մեծ միջոցներ են փոխառում, ավելի բարձր տոկոսներ վճարում և հաճախ ավելի քիչ միջոցներ են թողնում երկարաժամկետ զարգացման համար։ Պարտքի պատասխանատու կառավարումը ենթադրում է բոլորին, այդ թվում՝ ապագա սերունդներին, բարգավաճելու հնարավորություն տալ», – նշել է Համաշխարհային բանկի գլխավոր վիճակագիր Հայշան Ֆուն։

Շատ կառավարություններ նոր պարտատոմսեր են թողարկել՝ մարելու մարման ժամկետը լրացող պարտքային պարտավորությունները, հաճախ՝ ավելի մեծ դիսկոնտով։

Համաշխարհային բարձր տոկոսադրույքների պայմաններում պարտքի սպասարկման հետ կապված բեռը շարունակել է զգալի մնալ։ 2025 թվականին ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները մայր գումարի և տոկոսների մարման համար վճարել են 1.4 տրիլիոն դոլար՝ 1.9%-ով ավելի, քան նախորդ տարի։

2022-2025 թվականներին զարգացող երկրները պարտքի սպասարկման համար վճարել են 436 միլիարդ դոլարով ավելի, քան ստացել են նոր ֆինանսավորման տեսքով։

Միևնույն ժամանակ, 2025 թվականին իրավիճակը փոխվել է․ անցած տարում զարգացող երկրներ փոխառու միջոցների զուտ ներհոսքը կազմել է 45 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ արձանագրվել էր 118 միլիարդ դոլարի զուտ արտահոսք։

Leave a comment