Մոլդովան վերստին Դնեստրի երկու կողմերո՞ւմ. եվրոպական հեռանկարը փոխում է մերձդնեստրյան հավասարումը

Euneighbours east. Մոլդովայում՝ Դնեստրի ձախ ափին, գտնվում է նեղ հողակտոր՝ Ուկրաինային սահմանակից անջատողական շրջան, որտեղ ծածանվում է Ռուսաստանի դրոշը, տեղակայված է ռուսական կայազոր, իսկ տները տաքացվում են Մոսկվայի կողմից վճարվող գազով։ Այնուամենայնիվ, պաշտոնական Բրյուսելը ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններ է սկսել Մոլդովայի հետ։

Նախկին Մոլդովայի Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունում զինված բախումներից գրեթե 35 տարի անց, որոնք ավարտվեցին Մերձդնեստրում սառեցված անջատողական հակամարտությամբ, կա հնարավորություն, որ Մոլդովան կրկին դառնա միասնական պետություն, կամ առնվազն նրա երկու մասերը կարողանան խաղաղ կերպով վերամիավորվել. մեկը կենտրոնացած կլինի Քիշնեւում, մյուսը՝ Տիրասպոլում՝ միջազգայնորեն չճանաչված Մերձդնեստրի անջատողական տարածաշրջանի մայրաքաղաքում։

2026 թվականի հունիսի 15-ին Եվրոպական միությունը բացեց Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների հիմնարար սկզբունքների կլաստերը, իսկ հուլիսի 14-ին՝ արտաքին հարաբերությունների կլաստերը։ Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարեց, որ Մոլդովան տեխնիկապես պատրաստ է բացել բոլոր վեց կլաստերները։ Այնուհետեւ հոկտեմբերին բացվեց եւս երկու կլաստեր՝ «ներքին շուկա եւ մրցունակություն» եւ «ներառական աճ»։ Քիշնեւը ցանկանում է բանակցությունների տեխնիկական փուլն ավարտել մինչեւ 2028 թվականի վերջը։

Դնեստր գետը։ Աղբյուր՝ UNDP Moldova

Այս քայլերից եւ ոչ մեկը պայմանավորված չէ սեփական ռուբլով, «խորհրդարանով» եւ ռուսական կայազորով տարածաշրջանի՝ Մերձդնեստրի կարգավիճակի հարցի լուծմամբ։

2026 թվականի մայիսի 8-ին Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը Քիշնեւում հայտարարեց, որ Մերձդնեստրի հարցի գոյությունը Մոլդովայի ԵՄ անդամակցության ուղու համար խոչընդոտ չէ: Հունիսին Մոլդովայի արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը հայտարարեց, որ անդամակցությունը եւ Մերձդնեստրի հարցի կարգավորումը ընթանում են «զուգահեռաբար»:

Մոլդովայի ուղին դեպի Եվրոպական միություն

Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի կողմից Եվրոպական միությանը չանդամակցող նախկին արեւելյան բլոկի երկրների վրա ճնշման գործադրման պայմաններում (առավել ակնհայտ եւ դրամատիկ Ուկրաինայի դեպքից զատ դա վերաբերում է Վրաստանին, Հայաստանին եւ նույնիսկ Սերբիային) Մոլդովայի ԵՄ անդամակցության հարցը թվում է ավելի ու ավելի հրատապ։ Հատկապես այն պատճառով, որ նույնիսկ Մերձդնեստրը, կարծես, պրագմատիկ մոտեցում է ցուցաբերում այս հարցում։

Այս պարագայում Դնեստրի ձախ ափի հետխորհրդային մթնոլորտը կարող է մնալ այնպիսին, ինչպես այն հաճախ պատկերվում է արեւմտյան մամուլում՝ զբոսաշրջային տեսարժան վայր։

Դեռեւս 2023 թվականի հունիսին ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը բացահայտ հայտարարեց, որ բաժանված տարածք ունեցող երկիրը կարող է միանալ Եվրոպական միությանը, ինչպես Կիպրոսը՝ 2004 թվականին: Կիպրոսի անդամակցության պայմանագրի թիվ 10 արձանագրությամբ կասեցվեց ԵՄ օրենսդրության կիրառումը կղզու չճանաչված, թուրքական օկուպացիայի տակ գտնվող հյուսիսային մասում՝ մինչեւ վերամիավորումը:

Տիրասպոլ, Մերձդնեստր։ Լուսանկար՝ Andrea Mancini/NurPhoto

Այնուամենայնիվ, արժե ավելի մանրամասն դիտարկել այդ հնարավորությունը։ Մերձդնեստրն արդեն աստիճանաբար մտնում է Մոլդովայի եւ Եվրոպական միության իրավական ուղեծիր՝ մաքսային, հարկային եւ առեւտրային հարցերի միջոցով, չնայած նրա քաղաքական կարգավիճակը մնում է չլուծված։ Իրավիճակը շարունակում է բարդ մնալ։ Խոչընդոտները պահպանվում են. տարածաշրջանում գերիշխում է «Շերիֆի»կոնգլոմերատի շուրջ կառուցված օլիգարխիկ ցանցը, որին կանդրադառնանք ավելի ուշ, իսկ բնակչությունը, ընդհանուր առմամբ, իրեն ավելի մոտ է զգում Ռուսաստանին, քան Մոլդովային։ Դնեստրի երկու ափերին էլ բնակչության թիվը նվազում է, մինչդեռ մոլդովական պետությունն ինքը մնում է խոցելի ռուսական փողերի եւ ապատեղեկատվության դեմ հանդիման։

Դեռեւս 2020 թվականին այնպիսի փորձագետներ, ինչպիսին է քաղաքագետ Բոգդան Կոշելը Պոզնանի Ադամ Միցկեւիչի անվան համալսարանից, Մոլդովային եվրոպամետ ուղու վրա պահելու Եվրոպայի ջանքերը որակեցին որպես «ձախողման դատապարտված»՝ վկայակոչելով գետի երկու կողմերում արմատներ գցած կոռումպացված էլիտաներին եւ ազգային ինքնության թույլ զգացումը: Սակայն այս գնահատականն այժմ այլ դարաշրջանից է: Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը փոխել է իրավիճակը:

Ինչպես OKO.press-ում գրել է Պավել Յեդրալը, Մերձդնեստրը կարելի է բնութագրել որպես «պրագմատիկ օլիգարխների հանրապետություն»։ Այն, անկասկած, ռուսական ազդեցության տակ գտնվող տարածք է։ Սակայն այն չի կառավարվում «ռուսական աշխարհի» գաղափարախոսական տեսլականով, ոչ էլ Վլադիմիր Պուտինին անձամբ հավատարիմ կլանի կողմից, ինչպես Չեչնիայում։ Մերձդնեստրում գերակա են բիզնես շահերը։

Ներկա իրավիճակը հասկանալու համար մեկնարկային կետը Մոլդովայի հետ Եվրոպական միության 2014 թվականի Ասոցացման համաձայնագիրն է: 2015 թվականի դեկտեմբերի կեսին ԵՄ-Մոլդովա Ասոցացման խորհուրդը Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտին (ԽՀԱԱԳ) ընդլայնեց ամբողջ երկրի համար: Այսպիսով, ձախ ափի ընկերություններին թույլատրվեց մուտք գործել ԵՄ շուկա՝ պայմանով, որ նրանք իրենց ապրանքները մաքսազերծեն Մոլդովայի մաքսային ծառայության միջոցով:

Հետազոտողները սա նկարագրում են որպես 2005 թվականից ի վեր իրականացվող քաղաքականության էությունը՝ «ներգրավվածություն առանց ճանաչման»։ Տնտեսական կապերը կայուն կերպով ամրապնդվել են, չնայած տարածաշրջանի քաղաքական կարգավիճակը մնացել է անփոփոխ։

Ժոզեպ Բորելը և Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն Քիշնևում

Մերձդնեստրի տնտեսության վրա ազդեցությունն անմիջական էր, ինչի մասին վկայում է դեպի Եվրոպական միություն արտահանման աճող մասնաբաժինը.

  • 2021 թվականին՝ 56.9%
  • 2022 թվականին՝ 67.1%
  • 2024 թվականին՝ 83%։

Միեւնույն ժամանակ, տարածաշրջանի արտահանման մեջ Ռուսաստանի մասնաբաժինը նվազում է.

  • 2021 թվականին՝ 14%
  • 2022 թվականին՝ 11%
  • 2024 թվականին՝ 6%։

Մոլդովայի կառավարությունում աղբյուրներից մեկը 2026 թվականի հունիսին Voxeurop-ին ասել է, որ տարածաշրջանի արտահանման 71 տոկոսը ներկայումս ուղղվում է Եվրոպական միություն եւ «որոշ առումներով Մերձդնեստրն ավելի լավ է ինտեգրված [ԵՄ շուկային], քան Մոլդովան», որն իր արտահանման 68 տոկոսն է ուղարկում դաշինքի երկրներ։

2024 թվականի հունվարից ի վեր ձախ ափի ընկերությունները Քիշնեւին մաքսատուրքեր են վճարում Մոլդովայի 2021 թվականի մաքսային օրենսգրքի համաձայն՝ արտահանման արժեքի 0.4%-ի եւ ներմուծման արժեքի 0.1%-ի չափով։ Տիրասպոլի լրատվամիջոցները դատապարտել են այս քայլը՝ այն որակելով որպես «տնտեսական ցեղասպանություն»։

Քիշնեւն ավելի հեռու գնաց։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ին այն 20% ավելացված արժեքի հարկ, ինչպես նաեւ ակցիզային տուրքեր մտցրեց Մերձդնեստր ներմուծվող շքեղության եւ ակցիզային ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի, ծխախոտի, օծանելիքի, զարդերի, թանկարժեք մետաղների եւ հրավառության ապրանքների վրա։ Մոլդովայի նախկին փոխվարչապետ Գեորգե Բալանը այս միջոցառումը որակեց որպես մաքսանենգության ցանցերի վերացման ջանքերի մի մաս՝ հավելելով, որ տարածաշրջանում ռուսական զորքերի առկայությունը եւ սպառազինության պաշարները մնում են ինտեգրման հիմնական խոչընդոտները։ 2027 թվականին նախատեսվում է նմանատիպ օրենք ընդունել էներգետիկ ապրանքների եւ մետաղների համար։

Եվրոպական միության սահմանային աջակցության առաքելության (EUBAM) ներկայացուցիչները սահմանային անցակետում։

2024 թվականի մարտի դրությամբ Մերձդնեստրում պաշտոնապես բնակվում էր 367,800 մարդ, որոնցից գրեթե 359,000-ը Մոլդովայի քաղաքացիներ էին: Շատերն ունեն երկու, երեք կամ նույնիսկ չորս անձնագիր: Սոցիալական ծառայությունները Մերձդնեստր մուտք են գործում նաեւ «կողմնակի մուտքի» միջոցով. Եվրոպական միության վստահության ամրապնդման միջոցառումներն օգնում են նրանց ֆինանսավորել Դնեստրի ձախ ափին:

Այդ անձնագրերից մեկը, սակայն, ռուսականն է։ Մինչեւ անցյալ տարի տարածաշրջանի եկամտի հիմնական աղբյուրը աջ ափին գտնվող Մոլդովային էլեկտրաէներգիայի վաճառքն էր, որը ստացվում էր անվճար ռուսական գազի միջոցով։ Այս եկամուտները կազմում էին Տիրասպոլի բյուջեի մոտավորապես 60 տոկոսը։

2022 թվականի փետրվարի 24-ից հետո Ուկրաինան փակեց տարածաշրջանի հետ սահմանային անցակետերը եւ պայթեցրեց Կուչուրանի երկաթուղային կամուրջը, որը Տիրասպոլը կապում էր Օդեսայի հետ եւ ժամանակին Մերձդնեստրի մայրաքաղաքից Ուկրաինայի եւ օկուպացված տարածքների միջոցով դեպի Ռուսաստան տանող երթուղու մի մասն էր կազմում։ Այսօր ամբողջ արտահանումը տարածաշրջանից դուրս է գալիս Քիշնեւի կողմից վերահսկվող տարածքով։

Մերձդնեստրը՝ օլիգարխների դրախտ

Որպեսզի պատկերը չափազանց լուսավոր չթվա, կարեւոր է հստակեցնել մեկ կետ. գործնականում Մերձդնեստրը մեկ կորպորացիայի սեփականություն հանդիսացող պետություն է, որին աջակցում են հետխորհրդային օլիգարխները։

Ներքին գործերի նախարարության նախկին պաշտոնյաներ Վիկտոր Գուշանի եւ Իլյա Կազմալիի կողմից հիմնադրված «Շերիֆ» կոնգլոմերատը տիրապետում է սուպերմարկետների, բենզալցակայանների, հեռուստաալիքի եւ տարածաշրջանի արդյունաբերության մեծ մասին: Դրա քաղաքական թեւը՝ «Օբնովլենիեն», 2016 թվականից ի վեր մեծամասնություն է կազմում Գերագույն խորհրդում: Այն նաեւ նախագահական պաշտոն է զբաղեցնում. Վադիմ Կրասնոսելսկին, որը սերտորեն կապված է «Շերիֆի» հետ, վերընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին՝ ստանալով ձայների 79.4%-ը՝ ընդամենը 35.2% մասնակցության պայմաններում, ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է նախագահական ընտրությունների համար:

Միակ թեկնածուն, որին թույլատրվել էր մասնակցել ընտրություններին, Գրիգորիոպոլի շրջանի պաշտոնյա Սերգեյ Պինզարն էր։ Ընտրական հանձնաժողովը մերժեց երկու հայտնի ընդդիմադիր գործիչների՝ Անատոլի Դիրունի եւ Նիկոլայ Մալիշեւի գրանցումը՝ վկայակոչելով ստորագրահավաքի հետ կապված խախտումները։

Չորս տարի անց՝ 2025 թվականի նոյեմբերի 30-ին կայացած ընտրություններում, «Օբնովլենիեն» հաղթեց Գերագույն խորհրդի ընտրություններում՝ վերցնելով բոլոր 33 տեղերը։ 21 ընտրատարածքներում մրցակից թեկնածուներ չկային։ Մասնակցության ցուցանիշը կազմեց 26 տոկոս։

Անցորդներ՝ այսպես կոչված «ԽՍՀՄ ճաշարանի» մոտ, որը գտնվում է Բենդեր քաղաքի կենտրոնական շուկայում՝ Մոլդովայի միջազգայնորեն չճանաչված անջատողական Մերձդնեստրի տարածաշրջանում։ Լուսանկարը՝ Benjamin Furst/Hans Lucas via Reuters Connect

Միեւնույն ժամանակ, Մերձդնեստրի բնակիչների շրջանում նկատվում են Մոլդովայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխության նշաններ: Zona de Securitate-ի եւ WatchDog.MD-ի կողմից 2026 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին անցկացված առցանց հարցումը ցույց է տվել, որ ձախ ափի բնակիչների 53%-ը հիպոթետիկ հանրաքվեի դեպքում կաջակցեր Մոլդովայի հետ վերամիավորմանը՝ ի տարբերություն 2024 թվականի 45%-ի: Մոտ 30%-ը նշել է, որ Ռուսաստանը համարում է պոտենցիալ սպառնալիք:

Մերձդնեստրի բնակիչները նաեւ քաջատեղյակ են աշխատավարձերի տարբերության մասին: 2023 թվականին ձախ ափին ամսական համախառն աշխատավարձը կազմել է մոտավորապես 360 դոլար, ինչը կազմում է աջ ափին գրանցված աշխատավարձի մոտավորապես կեսը: Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի տվյալներով՝ տարածաշրջանի ՀՆԱ-ն 2025 թվականին նվազել է 18 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրությունը՝ 30 տոկոսով:

Արեւելյան ուսումնասիրությունների կենտրոնը հաղորդում է, որ Մերձդնեստրի պաշտոնական բնակչությունը 1990 թվականի 740,000-ից նվազել է՝ 2024 թվականի սկզբին կազմելով 455,000, մինչդեռ իրական թիվը, հավանաբար, չի գերազանցում 300,000-ը: Կենսաթոշակառուները կազմում են բնակչության ավելի քան 30 տոկոսը: Աջ ափի տարածաշրջանը, սակայն, մի փոքր ավելի լավ վիճակում է. Մոլդովան 1991 թվականից ի վեր կորցրել է իր բնակչության մոտ 35 տոկոսը եւ մոտավորապես 1-1.2 միլիոն քաղաքացիներ աշխատում են արտերկրում:

2024 թվականի հոկտեմբերին Մոլդովայում կայացած հանրաքվեում, որը վերաբերում էր երկրի՝ Եվրոպական միությանը միանալու ձգտումները Սահմանադրությունում ամրագրելուն, Բրյուսելի հետ ինտեգրման կողմնակիցները հաղթեցին փոքր առավելությամբ։

Սահմանադրական փոփոխությանը կողմ քվեարկեց ընտրողների ընդհանուր 50.46 տոկոսը։ Նույնիսկ այս փոքր հաղթանակը մեծ հաջողություն էր եվրոպամետ ուժերի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի ֆինանսական միջամտության ծավալները։ Մոլդովայի իշխանությունների գնահատականի համաձայն, Ռուսաստանը մոտ 136 միլիոն եվրո է ներդրել հանրաքվեի արդյունքների վրա ազդելու համար՝ այդ թվում մոտ 130,000 ընտրողի կաշառելու միջոցով։

«Այս հակամարտությունը հիմնականում աշխարհաքաղաքական բնույթ ունի», — Gazeta Wyborcza-ին ասել է 2019-2020 թվականներին Մոլդովայի Մերձդնեստրի հետ վերաինտեգրման հարցերով նախկին փոխվարչապետ, իսկ այժմ՝ մոլդովական «Խաղաղության նախաձեռնություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Ալեքսանդրու Ֆլենսեան։ Վերջինս նշել է, որ Մայա Սանդուն լավ արդյունքներ է արձանագրել Դնեստրի ձախ ափի ընտրողների շրջանում 2024 թվականի նախագահական ընտրություններում, ինչը ենթադրում է, որ ռուսամետ ձայների ազդեցության վերաբերյալ մտահոգությունները չափազանցված են։

Մոսկվան փակում է Մերձդնեստրի ծորակը

Երեք տասնամյակ շարունակ տարածաշրջանը, ըստ էության, ապրում էր «Գազպրոմ»-ի կողմից Քիշնեւի կնքած պայմանագրի համաձայն մատակարարվող անվճար գազով։ Տիրասպոլը վերավաճառել է այն տնային տնտեսություններին եւ բիզնեսներին անվանական գներով՝ ստացված եկամուտն օգտագործելով, ի թիվս այլի, կենսաթոշակները ֆինանսավորելու նպատակով։ OKO.press-ի համար պատրաստված վերլուծության մեջ Պավել Յեդրալը գնահատել է մատակարարումների ծավալը տարեկան մոտ 2.1 միլիարդ խորանարդ մետր, որը գրեթե անվճար է մատակարարվել մինչեւ 2024 թվականը։ Գազի մի մասը այրվել է Կուչուրգանի MGREZ էլեկտրակայանում, իսկ արտադրված էլեկտրաէներգիան այնուհետեւ վաճառվել է աջ ափին։ Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտը՝ հղում անելով Ռուսաստանի «Էներգոկոմի» տվյալներին, նշում է, որ MGREZ-ը միայն 2024 թվականի հոկտեմբերին ապահովել է Մոլդովայի էլեկտրաէներգիայի 90 տոկոսը։

Էներգամատակարարումն առանցքային դեր է խաղացել Մերձդնեստրի և Մոլդովայի մնացած հատվածի միջև տնտեսական հարաբերություններում։

Այս համաձայնագրի ժամկետը լրացավ 2025 թվականի հունվարի 1-ին, երբ Ուկրաինան հրաժարվեց երկարաձգել գազի տարանցման համաձայնագիրը։ Հետեւանքները երեւան եկան անմիջապես. ջեռուցումն անջատվեց, երբ երկրում միջին ջերմաստիճանն իջավ մինչեւ -3 աստիճան, արդյունաբերությունը կանգ առավ, իսկ ածխի պաշարները, ըստ լուրերի, բավարարեցին ընդամենը 60 օր։ Տիրասպոլը մեղադրեց Մոլդովային եւ Ուկրաինային՝ երկու երկրներին էլ ներկայացնելով որպես «Արեւմուտքի» ներկայացուցիչներ։

Սակայն 2025 թվականի ապրիլին Ալեքսանդրու Ֆլենչեան հրապարակավ կասկածի տակ դրեց, թե որտեղից է տարածաշրջանը փող ստանում։ Արդյունաբերական հատվածի կեսը դադարեցրել էր գործունեությունը, իսկ եկամտի հիմնական աղբյուրը՝ աջ ափին MGRES-ի էլեկտրաէներգիայի վաճառքը՝ հօդս էր ցնդել, մինչդեռ աշխատավարձերն ու կենսաթոշակները շարունակում էին վճարվել։

Մոլդովան, որը 2022 թվականի վերջից գազ էր գնում արեւմտյան մատակարարներից, էլեկտրաէներգիայի համար դիմեց Ռումինիային: Տիրասպոլը սկզբում մերժեց «Մոլդովգազի» միջոցով մատակարարումները եւ փորձեց օգտագործել մասնավոր միջնորդ, սակայն մոլդովական հետախուզությունը համոզեց ընկերության ղեկավարին հրաժարվել գործարքից: Ավելի ուշ այն ընդունեց «Մոլդովգազի» միջոցով մատակարարվող եվրոպական գազը՝ Եվրոպական միության 64 միլիոն եվրոյի աջակցությամբ: ԵՄ-ն նաեւ առաջարկեց անվճար գազ եւ լրացուցիչ մատակարարումներ՝ քաղաքական բարեփոխումների դիմաց:

Տիրասպոլը հրաժարվեց։ Դրա փոխարեն այն ընդունեց Մոսկվայի առաջարկը։ Գազը մատակարարում է հունգարական MET էներգետիկ խմբին պատկանող շվեյցարական MET Gas and Energy Marketing ընկերությունը, իսկ վճարումը կատարում է Դուբայում գործող JNX General Trading ընկերությունը։ Տիրասպոլը պնդում է, որ գումարը ստացվել է ռուսական վարկից, չնայած Մոսկվան երբեք չի հաստատել նման վարկի գոյությունը։

Թե ինչպես է JNX-ը կարգավորելու իր հաշիվները Ռուսաստանի հետ, դեռեւս անհասկանալի է։

Ռուսական սուբսիդիաները դարձել են քաղաքական աջակցության աղբյուր, որը Մոսկվան կարող է միացնել եւ անջատել ըստ ցանկության: 2025 թվականի հունիսին գազի մատակարարումները նվազեցին օրական 1 միլիոն խորանարդ մետրից ցածր, ինչը հանգեցրեց եւս մեկ արտակարգ դրության սահմանմանը: Հուլիսի կեսին դրանք վերականգնվեցին՝ հասնելով 2 միլիոն խորանարդ մետրից ավելինի. պողպատաձուլական գործարանը վերսկսեց աշխատանքը, եւ MGREZ-ի արտադրանքը 150-ից ցածրից աճեց մինչեւ 200-250 մեգավատտ-ժամ: 2026 թվականի մարտին Մերձավոր Արեւելքում պատերազմը խափանեց վճարումները՝ դադարեցնելով գազի մատակարարումը արդյունաբերությանը եւ 158 կաթսայատներին, իսկ MGREZ-ն անցավ ածխի: MGREZ-ի լիցենզիան ուժի մեջ է մինչեւ 2026 թվականի վերջ եւ Քիշնեւը պատրաստում է արտակարգ իրավիճակների ծրագիր 2026-2027 թվականների ջեռուցման սեզոնի ընթացքում մատակարարման խափանման համար:

Այլ կերպ ասած, Ռուսաստանը պարզապես տնտեսապես պակաս օգտակար է դառնում Մերձդնեստրի համար։

Տարածաշրջանում կրճատվել է նաեւ ռուսական ռազմական ներկայությունը։ 2020 թվականին ռուսական զորքերի թիվը գնահատվում էր մոտավորապես երկու մոտոհրաձգային գումարտակ կամ 1500-1700 հոգի։ Նրանցից մոտ 400-ը 1992 թվականի համաձայնագրով տեղակայված խաղաղապահներ էին, մնացածը՝ Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ խմբի մաս։ Մինչեւ 2023 թվականը զորքերի ընդհանուր թիվը գնահատվում է մոտ 2000 հոգի՝ առանց ծանր տեխնիկայի եւ Մոլդովայի համար լուրջ ռազմական սպառնալիք ներկայացնելու։ 2025 թվականի հուլիսին Քիշնեւում Ռուսաստանի դեսպանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ տարածաշրջանում մնացել է մոտ 1000 զինծառայող, որոնք հիմնականում պահպանում են Կոբասնայի զինամթերքի պահեստները։ Ի հակադրումն՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2026 թվականի հունիսին այդ թիվը գնահատել էր 2500։

Կոմունիստական առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանը կանգնած է Տիրասպոլում գտնվող Սովետների տան առջև՝ Մերձդնեստրի տարածաշրջանի ամենակարևոր շենքերից մեկի դիմաց։ Լուսանկարը՝ David Cruz Sanz/ZUMA Press Wire via Reuters Connect

Շարքային զինծառայողների մեծ մասը տեղաբնակներ են՝ ռուսական անձնագրերով։ Հետեւաբար, նրանց դուրսբերումը կնշանակի ոչ այնքան զորքերի ֆիզիկական տեղափոխում, որքան նրանց իրավական եւ ռազմական կարգավիճակի փոփոխություն. համեմատաբար փոքր թվով զինվորականներ պետք է հետ ուղարկվեն Ռուսաստան։ Մոլդովացի փորձագետները բացահայտորեն պնդում են, որ ռուսական զորքերը կարող են ամբողջությամբ դուրս բերվել տարածաշրջանից եւ առանց արյունահեղության՝ տեղացի անձնակազմը զորացրելու, իսկ փոքրաթիվ ռուս սպաներին՝ անհատապես արտաքսելու միջոցով։

Մոլդովայի անվտանգության եւ հետախուզության ծառայության եւ ռազմական հետախուզության ծառայության 2026 թվականի օգոստոսի 21-ի զեկույցի համաձայն՝ 2006 թվականին Կոբասնա քաղաքում պահվող 20,000 տոննա զինամթերքից մոտ 14,000 տոննան ցայսօր այնտեղ է մնում։ Դրանից մոտ 2,800 տոննան պայթուցիկ նյութեր են։

Դադարեցվել են նաեւ այսպես կոչված «ընտրական ռեյդերը»՝ ռուսամետ թեկնածուների օգտին քվեարկելու համար մոլդովական անձնագրեր ունեցողներին ընտրատեղամասեր բերելու կազմակերպված ջանքերը: 2025 թվականին Ուկրաինան սառեցրեց Մերձդնեստրի օլիգարխների ակտիվները՝ ռուսական պաշտպանական արդյունաբերությանը զենք մատակարարելու պատճառով: Միեւնույն ժամանակ, Մոսկվան պնդում է, որ տարածաշրջանում իր մոտ 220,000 քաղաքացիներ «սպառնալիքի տակ են», իսկ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը պարզեցնում է տարածաշրջանի բնակիչների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը:

Քիշնեւը եւ Բրյուսելը՝ Տիրասպոլի կողքին

Քանի որ տարածաշրջանը գնալով ավելի է կտրվում Մոսկվայից, ինչն ինքնին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետեւանք է, Մերձդնեստրի օլիգարխները հասկանում են, որ պետք է համաձայնության գան Եվրոպական միության հետ։ Հարցն այն է, թե ինչ զիջումների են նրանք պատրաստ։

Բրյուսելի եւ Քիշնեւի ծրագիրը հստակ է. նախ՝ ԵՄ անդամակցություն, իսկ վերաինտեգրումը՝ զուգահեռաբար եւ Քիշնեւի պայմաններով: Տիրասպոլը դատապարտում է սա՝ որպես «անօրինական միջամտություն»: Այնուամենայնիվ, տարածաշրջանի կառավարության ղեկավար Ալեքսանդր Ռոզենբերգը նույնպես բաց է թողել որոշ ոլորտներում համագործակցության հնարավորությունը:

Բրյուսելն իրականացնում է ինչպես ֆինանսական, այնպես էլ մարդասիրական միջոցառումներ: 2025 թվականի հուլիսի 4-ին ԵՄ-Մոլդովա գագաթնաժողովում Եվրոպական միությունը կոչ ամբողջապես դուրս բերել ռուսական զորքերը մոլդովական տարածքից: ԵՄ-ի տնտեսական աճի ծրագիրը նախատեսում է 1.9 միլիարդ եվրոյի հատկացում երկրին, եւ դաշինքը պատժամիջոցներ է կիրառել ռուսամետ գործիչների դեմ, ինչպիսին է Իլան Շորը: Այսպիսով, Մերձդնեստրն ինտեգրվում է Մոլդովայի եվրոպական շրջանակին՝ կառավարվելով մաքսային կանոնակարգերի եւ կոնվերգենցիայի ֆոնդի միջոցով՝ այնպես, ինչպես դա արվել է օկուպացված Հյուսիսային Կիպրոսի դեպքում, որը ներառվել է Կիպրոսի Հանրապետության անդամակցության շրջանակում 2004 թվականին:

ԵՄ աջակցությամբ իրականացվող վստահության ամրապնդման նախաձեռնությունները նպաստում են Դնեստր գետի երկու ափերին բնակվող համայնքների մերձեցմանը։ Լուսանկարը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը Մոլդովայում

Իհարկե, առայժմ սրանք հիմնականում «թղթի վրա» համաձայնագրեր են։ Եվրոպական միությունը հետաքրքրված է Քիշնեւի արագ անդամակցությամբ, մինչդեռ Ռուսաստանի ուշադրությունն Ուկրաինայի պատերազմի վրա դրդել է Տիրասպոլի վերնախավին փնտրել արտաքին այլ ուժեր, որոնք կարող են օգնել աջակցել տարածաշրջանի տնտեսությանը, ինչպես վերջին տարիներին վարվում է նաեւ ավանդաբար ռուսամետ Սերբիան։

Մոլդովացիներն իրենք, կարծես, պատրաստ են սպասել: iData-ի կողմից 2026 թվականի մայիսին անցկացված հարցման համաձայն, աջ ափի բնակիչների 44.2%-ը նշել է, որ հակամարտության լավագույն լուծումը լիակատար վերաինտեգրումն է: Եվս 17.9%-ը նախընտրում է ստատուս քվոյի պահպանումը, 12.4%-ը՝ Մոլդովայի կազմում տարածաշրջանի համար հատուկ ինքնավարության տրամադրումը, եւ միայն 8.4%-ն է աջակցել Մերձդնեստրի անկախությանը:

Սակայն Ռուսաստանի կայսերապաշտական քաղաքականությունը եւ նրա համոզմունքը, որ ոչ միայն Մերձդնեստրը, այլեւ Մոլդովան ամբողջությամբ գտնվում է Մոսկվայի ազդեցության ներքո, չի կարող պարզապես անտեսվել։

1991-92 թվականների հակամարտության արձագանքները չեն մարել: 1990 թվականին Մերձդնեստրի անջատման եւ դրան հաջորդած զինված հակամարտության պատճառներից մեկը ռուսախոս փոքրամասնության վախն էր Մոլդովայի՝ Ռումինիայի հետ միավորումից, որը բորբոքվել էր Մոսկվայի կողմից: Ներկայիս ծրագիրը չի լուծում այս էթնիկական խնդիրները:

Մասնավորապես, կարեւոր գործոն է մնում լեզուն, եւ Ռուսաստանն անկասկած կշարունակի օգտագործել այս խաղաքարտը: Ինչպես նախկին Խորհրդային կայսրության այլ մասերում, ռուսերենը դարձել է տարածաշրջանի լեզուն, այդ թվում՝ այնտեղ ապրող ուկրաինացիների, թաթարների եւ գագաուզների համար: Սակայն, քանի որ Մոսկվան ավելի ու ավելի ազգայնական ուղի է բռնում, այս փոքրամասնություններն այժմ դժվար ընտրության առաջ են կանգնած՝ լիակատար ռուսացում, թե՞ ռումինական լեզվական եւ մշակութային ազդեցության ամրապնդում Եվրոպական միության շրջանակներում, որտեղ, մասնավորապես, վտանգված լեզուները պաշտպանված են ոչ միայն օրենքով, այլեւ նույնքան կարեւոր պետական ​​ֆինանսավորմամբ:

Առօրյա կյանքը Մոլդովայում։ Լուսանկարը՝ UNDP Moldova

«Մոլդովան հինգ տարի բանակցություններ վարեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի եւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ՝ առանց համաձայնագրերի ստորագրման կամ դրանց ուժի մեջ մտնելու հստակ ժամանակացույցի։ Հենց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումն էր (նախ՝ 2014 թվականին, ապա՝ 2022—ին), որը զգալիորեն արագացրեց ինտեգրման գործընթացը»,— նշում է Ֆլենչեան։

Նա պնդում է, որ Մոլդովայի եվրաինտեգրման հետագա առաջընթացը շարունակելու է կախված լինել աշխարհաքաղաքական գործոններից: Այնուամենայնիվ, այս փուլում, երբ անդամակցության բանակցություններն արդեն լիարժեք ընթացքի մեջ են, կարեւոր են նաեւ երկրորդ էշելոնի գործոնները՝ Մոլդովայի ներքաղաքական իրավիճակը, բարեփոխումների ուղղությունը, դրանց իրականացման մեթոդները եւ բանակցությունների կազմակերպումը:

«Օլիգարխները պրագմատիկ մարդիկ են։ Նրանց գլխավոր նպատակը փող աշխատելն է, ուստի նրանք կհամագործակցեն յուրաքանչյուրի հետ, ով թույլ կտա նրանց շարունակել դա անել»,- հավելում է նա։

«Համագործակցությանը եւ կառուցողական վարքագծին մղելու նրանց միակ միջոցը ընտրությունը մինչեւ երկու տարբերակ կրճատելն է։ Նրանք կարող են ենթարկվել օրենքին՝ նախ Մոլդովայի ներքին օրենսդրությանը, ապա՝ եվրոպական օրենսդրությանը, եւ դադարեցնել բիզնեսով զբաղվել այն կանոններով, որոնցով գործում են այսօր», — ասում է Ֆլենչեան։

«Ցանկացած երկրի յուրաքանչյուր քաղաքացի կանգնած է նույն ընտրության առաջ. կամ դուք ենթարկվում եք օրենքին եւ մնում օրինապահ քաղաքացի, կամ կորցնում եք ձեր ազատությունը։ Ամեն ինչ այս աստիճան պարզ է»։

Այնուամենայնիվ, Ֆլենչեան զգուշացնում է, որ շատ բան կախված կլինի Ուկրաինայում պատերազմի ընթացքից: Նրա խոսքով՝ մեկ բան պարզ է Դնեստրի երկու ափերին. ուկրաինացիները պայքարում են ոչ միայն իրենց գոյատեւման, այլեւ Մոլդովայի անկախության համար:

Հեղինակ՝ Քշիշտոֆ Կատկովսկի

Բնօրինակ հոդվածը հրապարակվել է լեհական Gazeta Wyborcza պարբերականում։

Գլխավոր նկարը՝ Andrea Mancini via Reuters Connect

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment