«Քայլերի հաջորդականությունը տանում է դեպի մահ կամ գաղթ». Դավիթ Ամալյանը ողջունեց համախմբումը ու աղետը կանգնեցնելը

«Ուժեղ Հայաստանի» անդամների հետ մտավորականների հավաքի ժամանակ մշակութաբան Սամվել Հարոյանը խոսեց մտավորականների դերի, երկրում առկա խնդիրների և հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին: Նրա ձևակերպմամբ՝ մտավորական է ցանկացած մարդ (անկախ մասնագիտությունից՝ կրթության, մշակույթի կամ այլ ոլորտի), որի սիրտը ցավում է երկրի խնդիրների համար, և որը մտածում է համազգային իմաստով: Հարոյանը հիշեցրեց 2021 թվականի հունվարին ստեղծված «Ձայն հայրենյաց» մտավորականների շարժման մասին, որը համակարգում էր նաև հանգուցյալ գրականագետ Սերժ Սրապիոնյանը, նաև առաջարկեց վերականգնել նմանատիպ հարթակը, համախմբել մտավորականներին, ներգրավել մարզերի գործընկերներին և հետևողականորեն բարձրացնել հասարակությանն ու երկրին հուզող հարցերը, քանի որ ժողովուրդը շարունակում է հավատալ մտավորականի գրագետ խոսքին:

Դերասան Արման Նավասարդյանը նշեց, որ շատ ողջունելի է ընդդիմության համատեղ հայտարարությունը, բայց մտավորականները պիտի հասկանան հաջորդ քայլերը: «Պիտի անկեղծ ասեմ՝ մեր լսարանն այդքան մեծ չէ, եթե հակադրվում եմ ձեզ, ներողություն, որովհետև ինչքան մեզ լսողների քանակն է, այդքան էլ մեզ հայհոյողներինը, հետևաբար պիտի շատ առարկայական խոսենք, շատ ռեալ հասկանանք՝ որոնք են մեր հաջորդ քայլերը, ի՞նչ ունենք անելու մենք: Բնականաբար սատարում ենք այդ հայտարարությանը, որ հավաքվել ենք այսօր այստեղ և ուզում ենք լսել՝ ինչ կարելի է անել, ինչ պիտի արվի, քննարկենք, խոսենք, լսենք նաև»,- ասաց դերասանը:

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասաց, որ այս պահին մարտահրավեր ունենք, որին հակադարձելու և որը թույլ չտալու շատ մեծ հնարավորություն կա. «Հակադարձելու բոլոր հնարավորությունները մեր ձեռքում են: Իշխանությունները գնում են հակաօրինական քայլերի, որպեսզի ինչ-որ հավասարակշռություն մտցնեն»: Հավելեց, որ փակ քննարկման ժամանակ կներկայացնեն իրենց ծրագիրը:

Հեղինակային երգերի հեղինակ, երգիչ Դավիթ Ամալյանն ասաց, որ մտավորականության նշաձողն իր համար մի փոքր այլ տեղ է, ապա հավելեց. «Այսօր Ալիևին դեմ լինելը մտավորականի խնդիր չէ, սովորական մարդու խնդիր է: Եվ համախմբված ընդդիմության կողքին լինելը դեռևս հերոսություն չէ մեր կողմից…»:

Նա ասաց, որ տվյալ պարագայում խոսքը թշնամության վերանալու մասին չէ, այլ, իր ձևակերպմամբ, շարունակվող քայլերի հաջորդականությունը տանում է դեպի մահ կամ գաղթ. «Մենք այսօր ընդամենը պայքարում ենք մեր թշնամիների դեմ, իսկ թշնամու դեմ պայքարելը պարտականություն է: Բոլորս ինչ-որ տեղ միսիոների դեր առած՝ պետք է փորձենք օրը թեկուզ մեկ հոգու հոգեդարձ անելով՝ մեր շարքերը շատացնենք, որովհետև դեռ գործ ունենք անելու»:

Հանդիպումն ամբողջությամբ

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Ամալյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment