Ֆինլանդիայի դատարանը ադրբեջանցի նավաստուն 3 տարվա ազատազրկման է դատապարտել ստորջրյա մալուխները վնասելու գործով

Ֆիննական դատարանը ազատազրկման է դատապարտել ադրբեջանցի նավաստուն՝ մեղավոր ճանաչելով նրան «Fitburg» նավի ռուսաստանցի կապիտանին Ֆիննական ծոցում ստորջրյա մալուխները վնասելու հարցում աջակցելու համար, գրում է OC Media-ն։

Հելսինկիի շրջանային դատարանը 2025 թվականի Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ծանրացուցիչ հանգամանքներով գույքը վնասելու համար նավի կապիտան Անդրեյ Մաքսիմենկոյին դատապարտել է երեք տարի վեց ամիս, իսկ ադրբեջանցի ավագ նավաստի Վուսալ Մաջիդովին՝ երկու տարի տասը ամիս ազատազրկման։

Դատարանը պարզել է, որ նավը խարիսխը ծովի հատակով քարշ է տվել շուրջ 130 կիլոմետր՝ վնասելով հեռահաղորդակցության երկու ստորջրյա մալուխ և վտանգի տակ դնելով մի քանի այլ մալուխներ ու գազատարը։ Երկու մեղադրյալներն էլ հերքում են իրենց մեղքը։ Դատարանի վճիռը կարող է բողոքարկվել։ Դատավարության ընթացքում Մաջիդովը հայտարարել է, որ վստահ չէ՝ արդյոք «Fitburg» նավն է վնասել մալուխները։

Մաքսիմենկոն ևս  դատարանում հայտարարել է, որ չգիտի՝ արդյոք իր նավը խարիսխը ծովի հատակով քարշ է տվել։ Նախաքննական հետաքննության ընթացքում նա կտրականապես հերքել էր «Fitburg» նավի առնչությունը մալուխների վնասմանը։

Դատարանը նաև պարտավորեցրել է նրանց համատեղ փոխհատուցել տուժած կողմերին՝ վնասված մալուխների և գազատարի վերանորոգման, ինչպես նաև հետաքննության ծախսերը։

Դատավճիռներն ավելի խիստ են եղել, քան դատախազության պահանջած նվազագույն՝ երկու տարի վեց ամիս ազատազրկումը։ Տղամարդկանց մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներով գույքը վնասելու և հեռահաղորդակցության աշխատանքին ծանրացուցիչ հանգամանքներում միջամտելու համար։ Միևնույն ժամանակ դատարանը մերժել է հեռահաղորդակցության աշխատանքին ծանրացուցիչ հանգամանքներում միջամտելու առանձին մեղադրանքը՝ որոշելով, որ այդ արարքն արդեն իսկ ներառված է գույքը ծանրացուցիչ հանգամանքներում վնասելու հանցակազմում։

Դատարանը նաև որոշել է, որ գործը քննելու իրավասություն ունի Ֆինլանդիան, քանի որ ենթադրաբար դիտավորյալ կատարված հանցագործությունների հետևանքներն առաջացել են այդ երկրի տարածքում։ Դատարանի վճիռը վերջնական չէ և կարող է բողոքարկվել։

Դատարանի տվյալներով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի առավոտյան «Fitburg» նավը մի քանի ժամ շարունակ խարիսխն ու խարիսխի շղթան ծովի հատակով քարշ է տվել շուրջ 130 կիլոմետր՝ նավարկելով Ֆիննական ծոցում՝ Ֆինլանդիայի տարածքային ջրերից դուրս։ Միջադեպի հետևանքով վնասվել է ստորջրյա հեռահաղորդակցության երկու մալուխ։ Վնասվելու վտանգի տակ են հայտնվել նաև ևս ութ հեռահաղորդակցական և էլեկտրական մալուխներ, ինչպես նաև գազատարը։

Դատարանը պարզել է, որ խարիսխի ամրացման մեխանիզմն աշխատել է, իսկ դեկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգի նավահանգստից մեկնելիս խարիսխը բարձրացված է եղել։ Դատարանի տվյալներով՝ խարիսխն իջեցվել է Սանկտ Պետերբուրգից մեկնելուց հետո, սակայն դեռևս Ռուսաստանի տարածքային ջրերից դուրս գալուց առաջ։ Այն բարձրացվել է միայն դեկտեմբերի 31-ի առավոտյան, երբ Ֆինլանդիայի իշխանությունները հայտնաբերել են, որ նավը խարիսխը քարշ է տալիս, և այդ մասին տեղեկացրել անձնակազմին։

Դատարանը նշել է, որ թեև մեղադրող կողմը չէր պնդել, թե Մաքսիմենկոն անձամբ է հրահանգել իջեցնել խարիսխը, կամ Մաջիդովն անմիջական մասնակցություն է ունեցել դրա իջեցմանը, երկու տղամարդիկ էլ պետք է տեղյակ լինեին, որ նավը մալուխների և գազատարի վրայով անցնելիս խարիսխն իջեցված է եղել։ Դատարանը նաև եզրակացրել է, որ Մաքսիմենկոն թույլ է տվել նավի հետագա ընթացքը՝ չնայած այն հանգամանքին, որ խարիսխը քարշ էր տրվում ծովի հատակով։

Մաջիդովը, իր հերթին, մեղավոր է ճանաչվել այն բանում, որ նպաստել է նավի նավարկության շարունակմանը մոտ երկու ժամ շարունակ՝ այն բանից հետո, երբ Ֆինլանդիայի իշխանություններն առաջին անգամ կապ են հաստատել նավի անձնակազմի հետ։

Դատարանը նաև որոշել է, որ Մաջիդովը, որպես ավագ նավաստի, չի կատարել իր պարտականությունները՝ չապահովելով նավարկության ընթացքում խարիսխի բարձրացված լինելը։ Դատարանը նավի կապիտանին ավելի մեծ պատասխանատվություն է վերագրել՝ հաշվի առնելով, որ նա ընդհանուր պատասխանատվություն էր կրում նավի շահագործման, շարժման և նավարկության համար։

Հաշվի առնելով պատճառված վնասը և զգալիորեն ավելի մեծ վնասի առաջացման վտանգը՝ դատարանը եզրակացրել է, որ մեղադրյալների գործողությունները հասարակության կենսական նշանակության գործառույթների համար բացառիկ լուրջ վտանգ են ստեղծել։ Գործը քննվել է շրջանային դատարանի երեք դատավորից բաղկացած կազմի կողմից, և որոշումը եղել է միաձայն։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment