Հարյուր հազարավոր ֆրանսիացիներ բողոքի ցույցերի և գործադուլների են դուրս եկել՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը

Տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ հինգշաբթի միացել են համազգային գործադուլին և ցույցերին՝ պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և աջակցել դպրոցականների բողոքի շարժմանը։ Ակցիաներ են անցկացվել Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում՝ տևական սոցիալական ճգնաժամի ֆոնին, որն ուժեղացնում է ճնշումը կառավարության վրա։

Ֆրանսիական Le Monde պարբերականի տվյալներով՝ իշխանություններն ակնկալում էին, որ Փարիզից դուրս ցույցերին կմասնակցի 500 հազարից մինչև 700 հազար մարդ, իսկ մայրաքաղաքում՝ 40 հազարից մինչև 80 հազար։ Ամբողջ երկրում նախատեսված էր ավելի քան 240 ակցիա։

Արհմիությունները պահանջում են բարձրացնել աշխատավարձերը, փոխհատուցել կենսապահովման ծախսերի աճը և ավելացնել պետական ծառայությունների ֆինանսավորումը։ Դժգոհություն են առաջացնում նաև բյուջետային սահմանափակումներն ու պետական ծառայողների աշխատավարձերի ինդեքսավորման սառեցումը։ Գործադուլին միացել են երկաթուղային տրանսպորտի աշխատակիցները, իսկ դպրոցականներն ու ուսանողները հանդես են եկել կրթական համակարգում միջոցների սղության դեմ։

Le Monde-ի տեղեկություններով՝ խոշորագույն արհմիութենական միավորումները ձգտում են հասնել նվազագույն աշխատավարձի բարձրացմանն ու աշխատանքային պայմանների բարելավմանը։ Մասնավորապես, Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) պահանջում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել 10%-ով, իսկ Աշխատանքի ֆրանսիական ժողովրդավարական համադաշնությունը (CFDT) առաջարկում է հարկերը վճարելուց հետո ստացվող գումարն ավելացնել 100 եվրոյով։

Ներկայիս համախմբումը դարձել է շաբաթներ շարունակվող բողոքի ակցիաների շարունակությունը, որոնք ուղեկցվում են ցույցերով և պարբերական բախումներով։ Իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները․ ֆրանսիական լրատվամիջոցների տվյալներով՝ հասարակական կարգի պահպանման համար ներգրավվել են տասնյակ հազարավոր ոստիկաններ և ժանդարմներ։

NEWS.am

Leave a comment