Կառավարությունը սահմանել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ու գործարար նախաձեռնությունների իրականացմանն ուղղված աջակցության նոր գործիք
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Գործադիրը հաստատել է 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։ Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ակտիվության խթանմանն ու գործարար նախաձեռնությունների իրականացմանն ուղղված աջակցության նոր գործիք՝ համադրելով ձեռնարկատիրական ուսուցումը, գործարար ծրագրի մշակումը և ֆինանսական կազմակերպությունների միջոցով տրամադրվող նպատակային ֆինանսավորումը։
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը, դիմումատու քաղաքացիները կկարողանան անվճար մասնակցել բազային ձեռնարկատիրական գիտելիքների ստացման դասընթացներին, ձեռք բերել այն անհրաժեշտ պաշարը, որը բավարար կլինի սեփական գործը սկսելու համար։ «Նրանց աջակցություն կտրամադրվի հենց սեփական գործարար ծրագիրը մշակելու հարցում։ Ունենալով կրթական մասով հավաստագիր և սեփական գործարար ծրագիր՝ կդիմեն տեղական բանկերին, որոնք կմասնակցեն նշված ծրագրին, և կստանան պետական աջակցությունը։ Մենք չենք խոսում այստեղ վարկային ֆինանսավորման մասին։ Խոսքը հենց պետական աջակցության մասին է, այսինքն՝ ծրագրի պայմանների պահպանման դեպքում գումարի վերադարձման խնդիր չի լինի»,-ասել է փոխնախարարը։
Արամ Խաչատրյանը նշել է նաև, որ ծրագիրն ունի մարզային ուղղվածություն։ «Մասնավորապես՝ սահմանել ենք որոշակի հերթականություն սահմանամերձ բարձր լեռնային, լեռնային և գյուղական բնակավայրերում բնակվող անձինք հաջորդաբար կունենան հնարավորություն։ Այսինքն՝ այդ հերթականությունը կսահմանի ըստ այդ տրամաբանության։ Տրամադրվող ֆինանսավորումը մինչև 2 միլիոն դրամ է։ Ծրագիրը նախատեսված է 400 անձի համար, առնվազն 400 անձի համար ուսումնական մասով և նրանցից ընտրված 200 անձի համար արդեն ֆինանսավորման տրամադրման մասով։ Բյուջենը ընդհանուր 400 միլիոն դրամ է։ Ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։ Այսինքն՝ մեկ տարվա աշխատանքի արդյունքում կփորձենք ամփոփել այն տվյալները, որոնք կկարողանանք հավաքագրել, գնահատել ծրագրի արդյունավետությունը և հասկանալ ծրագրի իրականացման մասով հետագա քայլերը», – ասել է փոխնախարարը։
Վարչապետը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել. «Մենք կարծում ենք՝ այս տարիքի մեր սիրելի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ։ Շատ դեպքերում մարդուն թոշակառուի պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Մենք խնդիր ունենք այս քաղաքական ուղերձը հղելու, որ 63 տարեկան մարդկանց համար դեռ կյանք կա առջևում, և դա պետք է կառուցել հագեցած և բովանդակային տրամաբանությամբ»։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ ՀՀ-ում 100 հազարից ավելի թոշակառու ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ է։ «Եվ այս նախաձեռնությունը նաև շարունակությունն է մեր մյուս քաղաքականությունների, երբ մենք վերացրեցինք, ըստ էության, գրեթե ամենուր այդ տարիքային արհեստական շեմերը։ Դրանից հետո քաղաքացիները նույնիսկ իրավունք էլ չունեին աշխատելու և պարզապես ստիպողաբար ազատվում էին աշխատանքից թե՛ մասնավոր սեկտորում, թե՛ մեծամասամբ նաև հանրային ծառայության մեջ»։
Այդ համատեքստում երկրի ղեկավարն արձանագրել է՝ 65 պլյուս տարիքի անձանց դեպքում նաև առողջության ապահովագրության համակարգը լրացուցիչ ներդրում է նշված տարիքային խմբի քաղաքացիների, այդ թվում՝ տնտեսական ակտիվության համար։
ՀՀ-ում կիրականացվի Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիր
Կառավարությունը հաստատել է Ֆիզիկական արհեստական բանականության 7-ամյա ծրագիրը, որն իրականացվելու է պետություն-մասնավոր համագործակցությամբ և համաֆինանսավորման սկզբունքով։
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոշումը բխում է միանգամից մի քանի ռազմավարական ուղղություններից՝ գիտության ոլորտում ներդրումները պետք է իրականացվեն ինչպես պետության, այնպես էլ մասնավորի կողմից, ծրագիրն ուղղված է բուհերում առավել ակտիվ գիտական հետազոտությունների իրականացմանը, բուհերի վարկանիշավորման համակարգում ակնկալվող առաջխաղացումն է, որը կարող է գրանցվել այս ընդհանուր համագործակցության և հետազոտության ու կրթության որակի բարձրացման արդյունքում։
Ըստ նախարարի՝ ծրագրի նպատակն է ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և Հայաստանի ամերիկյան համալսարանում ձևավորել ռոբոտաշինության և ԱԲ-ի հատման ոլորտում միջազգայնորեն մրցունակ գիտահետազոտական և կրթական կարողություններ։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ծրագրի իրականացման 7 տարիների արդյունքում նախատեսվում է առնվազն 14 մլն դոլարի ներդրում՝ կեսը՝ պետության, կեսը՝ մասնավորի կողմից։ «7 տարվա ընթացքում բուհերում կձևավորվի մշտական գիտական միջուկ` առնվազն երեք երկարաժամկետ ավագ գիտնականների, 12-ից ավելի հետդոկտորական հետազոտողների և 60-ից ավելի կարճաժամկետ հրավիրյալ գիտնականների միջոցով։ Միաժամանակ կաշխատեն 15 հետազոտողից բաղկացած թիմեր։ Կվերազինվի պոլիտեխնիկական համալսարանի խելացի համակարգերի և առաջադեմ կառավարման լաբորատորիան, որը կվերածվի ֆիզիկական արհեստական բանականության հետազոտական լաբորատորիային։ Կձևավորվի նաև երկրորդ լաբորատորիան։ Առաջին տարում պետության կողմից ֆինանսավորման համար կհատկացնենք 168,4 մլն դրամ։ Սա առավելապես կուղղվի գիտնականների վարձատրության բազային մասին»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հավելել է՝ կանխատեսվում է, որ ծրագրի 7-ամյա շրջանում կունենան ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում շուրջ 330 շրջանավարտներ, բարձր վարկանիշ ունեցող միջազգային պարբերականներում և գիտաժողովներում կգրանցեն ավելի քան 20 կան հրապարակումներ, կունենան առնվազն երկու գյուտի արտոնագրեր, կկազմակերպեն տարբեր միջազգային գիտաժողովներ և աշխատաժողովներ և այլն։
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ակնհայտորեն, բոլորս առնչվում ենք ԱԲ-ին, որը մեծ տեմպերով զարգանում է, և շատ բնական հարց է հնչում՝ ինչ է լինելու հաջորդիվ։ Բնականաբար, ԱԲ-ն իր գործիքներով զարգանալու է, բայց նաև կարևոր է արձանագրել, որ հիմա ոլորտի առաջատար մասնագետների գնահատմամբ և անխուսափելիորեն հաջորդ թիվ տեղի է ունենալու հետևյալը. արհեստական բանականությունն ավելի ու ավելի առարկայորեն և տեսանելիորեն տեղադրվելու է առարկաների մեջ»։
Վարչապետի խոսքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության զարգացման ուղղություններից մեկը նաև պետք է լինի արդյունաբերացումը, առնվազն պետք է փորձել ՀՀ-ում այս ոլորտի արդյունաբերական հզորություններ ունենալ կամ նման հզորություններ, ձևավորել նման ներդրումներ ունենալու համար պատշաճ միջավայր։ «Իհարկե, առաջին հերթին խոսքը մասնագիտական կարողությունների զարգացման մասին է, և այս նախագիծը նպատակադրված է հենց այս ուղղությամբ գիտական, մասնագիտական պոտենցիալի ձևավորմանը։ Այսինքն՝ պետք է լինեն մարդիկ, մասնագետներ, ովքեր դրանով զբաղվելու մասնագիտական կարողություններ ունենան։ Մեր խնդիրը ՀՀ-ում արդեն իսկ ԱԲ-ի ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ հետևյալն է՝ նպատակադրում կա մեր կոնկրետ կրթական հաստատություններում ձևավորել կադրային ներուժ, ձևավորել նաև լաբորատորիաներ, որտեղ այս արհեստական փափուկ բանականության հանդիպումը և ինտեգրացիան արդեն նյութական առարկայի հետ տեղի կունենա։ Կամ կուսումնասիրվեն այդ ոլորտի հարցերը՝ իհարկե, հեռահար և ռազմավարական նպատակ ունենալով Հայաստանը դարձնել գրավիչ այդ ուղղությամբ ներդրումների համար։ Ակնհայտ է, որ առաջիկայում արդյունաբերական ոլորտի ներդրումների մի հսկայական մասն այս բովանդակությունն է ունենալու։
Մենք, օգտվելով պատեհ առիթից, որ սփյուռքում բավականին ծանրակշիռ ներուժ ունենք՝ ի դեմս այս ոլորտում ներգրավված մասնագետների, որոնք ուզում են, որ Հայաստանում այս ուղղությունը զարգանա, հիմա կայացնում ենք այս որոշումը, որպեսզի արդեն կրթական մակարդակից կարողանանք հնարավորություններ բացել նման զարգացումների համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարությունը հաստատել է Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը
Կառավարությունը հաստատել է Բազմազավակ ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և դրա իրականացման կարգը։ Հիմնավորման համաձայն՝ ներկայում ՀՀ-ում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների թիվն ըստ համայնքներից հավաքագրված նախնական տեղեկատվության կազմում է 643, որից՝ 390-ը ունեն 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա և 1 ընտանիք ունի 12 երեխա։ Որոշմամբ առաջարկվում է իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր։
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հիշեցրել է, որ այս միտքը ծագել է վարչապետին դիմած մի քաղաքացու հետ նամակագրության հետքերով. «Քաղաքացին խնդրում էր իր բազմազավակ ընտանիքին որևէ պետական աջակցության ծրագրով օգնել, և մենք Ձեզ հետ քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ դրա լուծումը առանձին ծրագիր ունենալն է»։
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները. «Ծրագրի տրամաբանությունը հետևյալն է․ այն ընտանիքներին, որոնք 2027 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կունենան 6 և ավելի անչափահաս երեխա, յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 4-ական միլիոն դրամի հավաստագիր ենք տալիս, որը կարող է իրացվել բանկային հիփոթեքային ծրագրերի վարկավորման միջոցով՝ տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար։ Ավելին՝ եթե ընտանիքները որոշեն, որ այդ տունը կառուցվելու է գյուղական բնակավայրում, մենք ևս 4 մլն դրամ ենք տրամադրում»։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նման ծրագրերը որոշակի կապվածություն պետք է ունենան նաև «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հետ. «Եթե ունենք դեռևս այնպիսի իրավիճակներ, որ մենք կառուցել ենք դպրոցներ՝ նկատի ունենալով ոչ թե աշակերտների այսօրվա կամ նույնիսկ շատ տեսանելի պոտենցիալը, այլ պոտենցիալը մեծացնելը, պետք է ծրագիրը փորձենք կապել նաև այդ խնդրի հետ։ Եթե կան նորակառույց դպրոցներ և մանկապարտեզներ, որտեղ աշակերտների թվի խնդիր կա, մենք պետք է ծրագիրը, լրացուցիչ խթաններն ուղղենք այդ ուղղությամբ։ Ցավոք, նման կարգավիճակ և նման վիճակ ունեցող ընտանիքներում միշտ չէ, որ երեխաների կրթությունը պատշաճ ձևով կազմակերպվում է, և այստեղ մենք ունենում ենք փակ շղթա, որ անապահովությունը ծնում է անապահովություն, անապահովությունը՝ անապահովություն։ Եվ այս շղթան կանգնեցնելու համար մենք մի ձև գիտենք՝ դա կրթությունն է։ Եվ հիմա շատ կարևոր է, որ մենք կարողանանք ծրագիրն ուղղորդել և կցել նորակառույց դպրոցների հետ, ինչը որոշակի լրացուցիչ խթան կդառնա։ Նաև կիմանանք՝ երեխաները որտեղ են դասի գնալու, ինչ կրթություն են ստանալու, ինչ ֆիզիկական միջավայրում և այդպես շարունակ»։
Կապահովվի «Ալպիական» մարգագետիններ տանող լեռնային գրունտային ճանապարհի կառուցման աշխատանքների իրականացումը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է 838 մլն 544 հազար դրամ ուղղել ներքոնշյալ ճանապարհահատվածների կառուցման, հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքների իրականացմանը: Որոշմամբ նախատեսված Տավուշի մարզի դեպի «Ալպյան» մարգագետիններ և արոտավայրեր տանող կառուցվող գրունտային ճանապարհի երկարությունը 3,7 կմ է, իսկ Գեղարքունիքի և Շիրակի մարզերի հիմնանորոգվող, միջին նորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 12,9 կմ, որից 2,2 կմ հիմնանորոգում և 10,7 կմ միջին նորոգում:
Վարչապետը թվարկել է որոշմամբ ֆինանսավորվող ծրագրերը. Տավուշի մարզի Սևքար և Աչաջուր Սևքար և Աչաջուր բնակավայրերից դեպի Ֆիդայինների հովիտ տանող 3,7 կմ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներ (ավարտ՝ 2026 թ.), Գեղարքունիքի մարզի Սևան համայնքից դեպի Վարսեր բնակավայր տանող 3,3կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Զոլաքար բնակավայր տանող 2,0 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ծովինար բնակավայր տանող 2,4 կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Մ-10 միջպետական նշանակության ավտոճանապարհից դեպի Ձորագյուղ բնակավայր տանող 3,0կմ մարզային նշանակության ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտված են), Շիրակի մարզի Գտաշեն բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 1,85կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են), Ջրաձոր բնակավայրից դեպի Արեգնադեմ բնակավայրի կլաստերային դպրոց տանող 0,335կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ (աշխատանքներն ավարտական փուլում են)։
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է ներդնել բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ, ինչը կապահովի համապատասխան մարմիններ պաշտպանության կամ աջակցության տրամադրման նպատակով նրա ուղղորդման կարգի արդյունավետ իրականացումը։ Նախատեսվում է սահմանել բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և դրանց տրամադրման առանձնահատկությունները՝ հիմք ընդունելով՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքը։ Ըստ այդմ՝ սահմանվում է համապատասխան մարմինների ու կազմակերպությունների աշխատողների և ծառայողների համար որոշակի գործողությունների համապարտադիրությունը երեխայի նկատմամբ բռնությունը հայտնաբերելու համար։ Մասնավորապես, նրանք՝ ուշադրություն են դարձնում երեխաների վարքագծային, հուզական, ֆիզիկական կամ սոցիալական փոփոխություններին և այլ նախազգուշացնող նշաններին, որոնք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ երեխայի նկատմամբ կատարվել է բռնություն, ընտանեկան և կենցաղային բռնության դեպքում՝ ընտանիքում երեխայի առկայության դեպքում վարում են զրույց երեխայի հետ, պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխայի հետ իրականացնում են բացատրական աշխատանքներ՝ կրթության իրավունքը չիրացնելու պատճառները պարզելու համար։ Միևնույն ժամանակ այդ մարմիններն ու կազմակերպությունները, ինչպես նաև երեխաների հետ առնչվող մասնագետներն իրենց իրավասությունների և մասնագիտական գործունեության շրջանակում ուշադրություն են դարձնում երեխայի նկատմամբ բռնության հնարավոր նշաններին։ Երեխաների կարիքների ընկալումը՝ նույնականացումը, գնահատումը և ուղղորդումը բազմամասնագիտական աշխատանք է, որը պահանջում է տարբեր մարմինների և ծառայությունների ջանքերի միավորում: Շատ կարևոր է, որ այս համատեղ աշխատանքը հիմնված լինի միասնական նպատակների և մոտեցումների վրա:
Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը
2026 թ. հունիս-հուլիս ամիսներին ՀՀ մի շարք մարզերում տեղացած կարկուտի հետևանքով գյուղատնտեսական (բուսաբուծության) գույքին, բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասների մասնակի մեղմման և վնասների հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական հետևանքների նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ուսումնասիրությունների արդյունքներով արձանագրվել է, որ կարկտահարության հետևանքով վնասներ են արձանագրվել ՀՀ 9 մարզում։ Ընդհանուր գնահատված վնասի չափը գերազանցում է 3 մլրդ դրամը, որից գյուղատնտեսական վնասները՝ 2,046.8 մլն դրամ, իսկ ոչ գյուղատնտեսական գույքային վնասները՝ 1,084.3 մլն դրամ։ Գյուղատնտեսական վնասների ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են այն վնասները, որոնց նկատմամբ առկա են ապահովագրական կամ պետական աջակցության գործող մեխանիզմներ, և այն վնասները, որոնք դասակարգվել են որպես ոչ ապահովագրելի։ Ոչ ապահովագրելի գյուղատնտեսական վնասների ընդհանուր չափը կազմում է 269,269,095 դրամ։ Միաժամանակ գնահատվել են բազմաբնակարան շենքերի և անհատական բնակելի տների տանիքներին, տրանսպորտային միջոցներին, ինչպես նաև ջերմատներին պատճառված վնասները։ Մասնավորապես, բազմաբնակարան շենքերի տանիքների վնասված մակերեսը կազմել է 130,669 քմ, վնասված անհատական բնակելի տների տանիքների թիվը՝ 2,935, վնասված տրանսպորտային միջոցների թիվը՝ 3,638, իսկ ջերմատների ծածկի վնասված մակերեսը՝ 36,573.8 քմ։ Որոշմամբ առաջարկվում է Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետների աշխատակազմերին հատկացնել ընդհանուր 1,235,990.5 հազար դրամ։
Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար
Կառավարության որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ իրականացման նպատակով կհատկացվի 10.58 մլրդ դրամ։ Ըստ հիմնավորման՝ 2026թ-ի պետբյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 143,337,200.1 հազար դրամ: Ծրագրի շրջանակում ներկայումս ավարտված է ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները: Մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտի հասցնել ծրագրի 1-ին փուլը՝ ապահովելով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարական աշխատանքները, ինչի համար անհրաժեշտ է 2026թ-ի պետական բյուջեն ավելացնել շուրջ 15-20 մլրդ ՀՀ դրամով:
Կապահովվի 2026 թ. գյուղատնտեսական տարվա ապահովագրական հատուցումների նկատմամբ պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի շրջանակում 2026 թ. գյուղատնտեսական տարվա ապահովագրական հատուցումների նկատմամբ պետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով՝ գործադիրն ընդունել է որոշում։ Հիմնավորման համաձայն՝ գյուղատնտեսական տարվա համար ոլորտում ապահովագրվել են ծիրանի, խաղողի, խնձորի, դեղձի, սալորի, սեխի, ձմերուկի, կարտոֆիլի, բալի, կեռասի, ցորենի, գարու և վարսակի մշակաբույսերը՝ կարկտահարության, կարկտահարության և հրդեհի, գարնանային ցրտահարության և երաշտի ռիսկերից։ 2026 թ. գյուղատնտեսական տարվա համար ապահովագրական ընկերությունների կողմից վաճառվել է 9528 ապահովագրական պայմանագիր, որոնց շրջանակում համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 798.8 մլն դրամ, իսկ ապահովագրված այգիների և ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 10928 հա։ Նշված ցուցանիշները վկայում են գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ընդգրկվածության և կիրառության շարունակական ընդլայնման մասին։ Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի շրջանակում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարողներին տրամադրվում է պետական աջակցություն՝ ապահովագրական վճարների մասնակի սուբսիդավորման միջոցով, իսկ ապահովագրական ընկերությունների կողմից իրականացվող հատուցումների՝ սահմանված շեմը գերազանցող մասի նկատմամբ պետության կողմից նախատեսվում է համապատասխան փոխհատուցման մեխանիզմ։
Լրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման նպատակով
Մեծանուն հայ պոետ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյա հոբելյանի կապակցությամբ գրողին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման նպատակով լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում։ Ըստ հիմնավորման՝ ֆիլմում նոր տեխնոլոգիական գործիքների կիրառմամբ ընդգրկվելու են տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ, որոնք պատմելու են Վահան Տերյանի կյանքի տարբեր դրվագների, նշանակալի դեպքերի, նրա բացառիկ գործունեության մասին, նաև լույս են սփռելու մեր գրականության և պատմության բազմաթիվ անհայտ էջերի վրա։ Այս նախաձեռնությամբ առաջին անգամ փորձ է արվում լայն կտավի ստեղծագործություն ունենալ մեծանուն հայ պոետի մասին, որը հնարավորություն կստեղծի պահպանել, արժևորել և սերունդներին փոխանցել Վահան Տերյանի ժառանգությունը: Ֆիլմի ստեղծման համար արդեն տրամադրվել է 25972.5 հազար դրամ, որով հեղինակները իրականացրել են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև նկարահանումների մի մասը, ներառելով Հայաստանում և Վրաստանում՝ պոետի ծննդավայրում եղած անհրաժեշտ տարածքներն ու հատկանշական իրադարձությունները: Ներկայում սցենարական մտահղացման հիման վրա լիարժեք նյութի նկարահանման համար անհրաժեշտ է նկարահանումները շարունակել Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Օրենբուրգ), և տվյալ նկարահանումների ապահովման համար անհրաժեշտ է 30000,0 հազար դրամ: Ֆիլմի հետարտադրությունը և հանձնումը նախատեսված է 2027թ-ին:
Միջազգային համագործակցություն
Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «ՔԱՍԹԸՄՍ» ծրագրում, այն է՝ մաքսային ոլորտում համագործակցության վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրերի նախագծերը նախատեսում են էլ ավելի խորացնել հարկային և մաքսային ոլորտներում ՀՀ-ի՝ ԵՄ-ի հետ համագործակցության իրավական և գործնական հիմքերը՝ նպաստելով կողմերի միջև արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Հայաստանի համար ծրագրերին միանալը ոչ միայն խթանելու է տեխնիկական համագործակցությանն, այլև նպաստելու է ինստիտուցիոնալ զարգացմանը և հանդիսանալու է տնտեսական մրցունակության բարձրացման գործիք։ Ըստ հիմնավորման՝ մաքսային և հարկային քաղաքականության ու վարչարարության ոլորտներում համագործակցության լավարկումն ու կայունացումը զուտ տեխնիկական գործընթաց չէ, այն պետականության ինստիտուցիոնալ դիմակայունության բարձրացման վճռորոշ գործոն է։ Այս համագործակցությունը նպաստում է ինստիտուցիոնալ զարգացմանը՝ հնարավորություն տալով տեղայնացնել ԵՄ իրավական ակտերը (acquis communautaire): Սա ենթադրում է օրենսդրական բացերի վերացում, կանոնակարգերի հստակեցում և պետական ապարատի գործունեության իրավական հենքի արդիականացում: Թափանցիկ և կանխատեսելի վարչարարությունը խթանում է օրինական տնտեսական գործունեությունը: Միջազգային առևտրի պարզեցումը նվազեցնում է բիզնեսի ծախսերը, խթանում է օտարերկրյա ներդրումների հոսքը և տնտեսական մրցունակության աճը, ինչն էլ անմիջականորեն անդրադառնում է բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա: Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև մաքսային համագործակցության ԵՄ «CUSTOMS» և «FISCALIS»- ծրագրերին ՀՀ մասնակցության վերաբերյալ համաձայնագրերի կնքումը ռազմավարական քայլ է։ Այս նախաձեռնությունը նախատեսում է էլ ավելի խորացնել մաքսային և հարկային ոլորտներում Հայաստանի՝ ԵՄ-ի հետ համագործակցության իրավական և գործնական հիմքերը՝ նպաստելով արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը։ Ծրագրերի գործունեությունն իրականացվում է հիմնականում ներդրումային հատկացումների միջոցով։
Հավանություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «ՖԻՍԿԱԼԻՍ» ծրագրում, այն է՝ Հարկման ոլորտում համագործակցության վերաբերյալ Միության ծրագրում Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Գործադիրի հավանությանն է արժանացել ««Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտում¬ների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: Համաձայնագիրը կարգավորում է ինտերնետ ցանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտումների կանխարգելման գործուն մեխանիզմների ստեղծման ուղղությամբ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների միջև համագործակցությունը: Այն տարածվում է մտավոր սեփականության այնպիսի օբյեկտների վրա, ինչպիսիք են հեղինակային իրավունքի և/կամ հարակից իրավունքների օբյեկտները: Համաձայնագրի կնքումը կնպաստի ինտերնետ տեղեկատվական- հեռահաղորդակցական ցանցում մտավոր սեփականության օբյեկտների իրավատերերի շահերի պաշտպանության ապահովմանը:
Հավանություն է տրվել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։ Համաձայնագրի նպատակն է զարգացնել ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը՝ արդարադատության ոլորտում պետական քաղաքականության իրականացման, անձի և պետության իրավունքների ու օրինական շահերի ապահովման, իրավական տեղեկատվության և թվային նախագծերի վերաբերյալ փորձի փոխանակման ուղղություններով։
Հավանություն է տրվել 2026 թ. օգոստոսի 12-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հայաստան՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոններ. կանաչ հավաստագրման խորհրդատվական աջակցություն» համաձայնագիրը հաստատելու մասին» և «Հայաստան՝ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոններ Ծրագրի իրականացման մարմնի (ԾԻՄ) աջակցության թիմ» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին: Սյունիքի և Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնների ստեղծումն ու գործարկումը հնարավորություն կտան արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին մատուցել ժամանակակից, բարձրակարգ և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ՝ էականորեն բարելավելով սպասարկման որակը և գործընթացների արագությունը։ Միաժամանակ, նշված կենտրոնները կապահովեն մաքսային հսկողության և վարչարարության իրականացման համար անհրաժեշտ բարձր արդյունավետություն, թափանցիկություն և կանխատեսելիություն՝ նպաստելով ռիսկերի նվազեցմանը և մաքսային հսկողության դյուրացմանը։
Օրենսդրական նախաձեռնություն
Հավանություն է տրվել ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին։ Օրինագծերի փաթեթի ընդունման արդյունքում կստեղծվի ընդհանուր և մշտապես գործող օրենսդրական մեխանիզմ, որը կկիրառվի Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի հիման վրա և դրանց իրագործման նպատակով ստեղծվող բոլոր ընկերությունների նկատմամբ՝ պետության՝ 25 և ավելի տոկոս մասնակցության պայմաններում: Մասնավորապես՝ կապահովվի միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ իրավական հիմքը՝ ընկերության ստեղծման, կանոնադրության պետական գրանցման և կառավարման մարմինների գործունեության մասով, կբացառվի յուրաքանչյուր նոր միջպետական ծրագրի համար առանձին օրենք ընդունելու անհրաժեշտությունը՝ ապահովելով համադրելի իրավիճակներում միատեսակ կարգավորում և օրենսդրական գործընթացի տնտեսում, կբարելավվեն միջպետական ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման ներգրավման պայմանները՝ ներդրողների և ֆինանսավորող կազմակերպությունների համար ապահովելով իրավական կանխատեսելիություն:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։
«Պրիմառոսա» ՍՊԸ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել է 1,3 հա ունեցող ջերմատուն, որտեղ աճեցվում են տարբեր սորտերի, բարձր բերքատվության և որակի վարդեր։ Ծրագրի շրջանակում ներմուծվելու են լուսատու լամպեր, որոնք կավելացնեն վարդերի բերքատվության ցուցանիշները՝ ոչ բարենպաստ, այդ թվում նաև բնական ցածր լուսավորության օրերին: Ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 201 մլն դրամի կապիտալ ներդրում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 181 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 14․8 մլն դրամ։
«Լիկվոր» ՓԲԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել դեղամիջոցների արտադրության համար՝ իրականացնելով 1․3 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 2 նոր աշխատատեղեր 645 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 76․5 մլն դրամ։
«Նուվո վիլաժ» ՍՊԸ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է Կոտայքի մարզում, 5 հա ջերմատան արտադրական տարածքում ավելացնել մշուշապատման համակարգ, որը կնպաստի արտադրանքի որակի բարելավմանը և արտադրանքի քանակի ավելացմանը։ Նախատեսվում է նաև արկղերի արտադրամասի կառուցում, որը կնպաստի գործունեության անկախության ապահովմանը և ինքնարժեքի նվազեցմանը։ Ծրագրի շրջանակում ներմուծվող կոկոսի մանրաթելի հիմքով սուբստրատի պարկերի, սերմերի, գրանուլացված պոլիպրոպիլենի ձեռքբերումը թույլ կտա ստանալ լրացուցիչ արտադրական ծավալ։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել ընդհանուր շուրջ 170 մլն դրամի կապիտալ ներդրում և 237․7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 67 աշխատատեղ 258 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 73-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 237․7 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 15․5 մլն դրամ։
Այլ որոշումներ
Կառավարության որոշմամբ առաջարկում է Ազգային ժողովին նոյեմբերի 12-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ:
Գործադիրն ընդունել է որոշում, որով կապահովվի նոյեմբերի 10-ին Երևանում ԱՊՀ մասնակից պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ նիստի պատշաճ մակարդակով կազմակերպումը և անհրաժեշտ ծախսերի իրականացումը:
Կառավարությունը որոշել է Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունը վերանվանել Հուշարձանների և հնավայր-թանգարանների կառավարման ծառայություն։ Կարգավորման նպատակն է վերացնել գործող օրենսդրության և կազմակերպության անվան միջև առաջացած տերմինաբանական անհամապատասխանությունը, ապահովել իրավական ակտերի համակարգային ներդաշնակությունը, ինչպես նաև բացառել պետական կառավարման և պաշտոնական փաստաթղթաշրջանառության ընթացքում առաջացող հնարավոր անորոշությունները։
Կառավարության որոշմամբ նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքին նվիրաբերել ԲՌԴՄ-2Ս-1 տեսակի զրահատեխնիկա` համայնքում կառուցված հուշահամալիրի տարածքում տեղադրելու նպատակով:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: