Հասարակություն
05.11.2026 | 17:07
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) գործընկեր կազմակերպությունների հետ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ։
Կազմակերպությունների գնահատմամբ՝ պատգամավորների միջև ֆիզիկական բախումը չի կարող դիտարկվել միայն որպես քաղաքական տարաձայնություն կամ կարգապահական խախտում։ Նրանք պահանջում են ուսումնասիրել միջադեպի տեսագրությունները, պարզել մասնակիցների գործողությունները և գնահատել հնարավոր հանցագործությունների, այդ թվում՝ խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հանցափորձի հատկանիշների առկայությունը։
ԹԻՀԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․
ԹԻՀԿ-ն գործընկեր կազմակերպությունների հետ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում արձանագրված բռնության տարբեր դրսևորումների առնչությամբ։
Ազգային ժողովի նիստերի դահլիճում պատգամավորների միջև տեղի ունեցած ֆիզիկական բախումը չի կարող դիտարկվել միայն որպես քաղաքական տարաձայնության կամ խորհրդարանական կարգապահության խախտման դրսևորում։ Միջադեպի ընթացքում արձանագրված բռնի գործողությունները կարող են պարունակել քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ և պահանջում են պատշաճ քրեաիրավական գնահատական։
Կազմակերպությունները պահանջում են նախաձեռնել քրեական վարույթ, ուսումնասիրել միջադեպի ամբողջական տեսագրությունն ու մյուս ապացույցները, պարզել բոլոր մասնակիցների գործողությունները և ապահովել դրանց անաչառ ու համակողմանի քննությունը։ Անհրաժեշտ է գնահատել հնարավոր հանցագործությունների, այդ թվում՝ խուլիգանության և առողջությանը վնաս պատճառելու հանցափորձի հատկանիշների առկայությունը և դրանց հաստատման դեպքում ապահովել մեղավոր անձանց պատասխանատվությունը՝ անկախ նրանց պաշտոնից, պատգամավորական կարգավիճակից կամ քաղաքական պատկանելությունից։
Պատգամավորական մանդատը բռնության և անպատժելիության արտոնություն չէ»։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ նիստերի դահլիճում ֆիզիկական բախում էր տեղի ունեցել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» և ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։ Ավելի վաղ 13 հասարակական կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դատապարտել էին միջադեպը՝ պահանջելով պատգամավորների գործողություններին տալ իրավական և էթիկական գնահատական։