Իրանի նախկին արտգործնախարար, երկրի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով նախկին խորհրդական Ալի Աքբար Վելայաթին կոշտ քննադատության է ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը՝ նրան ուղղված հոդված հրապարակելով իրանական «Ettelaat» պարբերականում։
«Բաց և անկեղծ՝ պարոն վարչապետի հետ» վերնագրված հոդվածում Վելայաթին պնդել է, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները խորացնում են երկրի կախվածությունը արևմտյան երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից։
Նա առանձին անդրադարձել է TRIPP նախագծին՝ այն համարելով Իրանի ազգային շահերին հակասող նախաձեռնություն։
Վելայաթին հիշեցրել է նաև 2021 թվականին Թեհրանում կայացած հանդիպումների մասին՝ նշելով, որ Իրանի այն ժամանակվա գերագույն առաջնորդը Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հետ զրույցներում դեմ է արտահայտվել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը։
Հոդվածում Վելայաթին ներկայացրել է նաև Հայաստանի դեսպանի հետ իր ունեցած զրույցը՝ նշելով, որ նրան ուղիղ զգուշացրել է Իրանի կարմիր գծի մասին։
«Հայաստանի դեսպանին բացահայտ ասացի, որ եթե Թրամփն ու նրա դաշնակիցները փորձեն հատել Իրանի այդ կարմիր գիծը, մենք նրանց ոտքերը կկոտրենք»,- գրել է նա։
Վերջում Վելայաթին քննադատել է նաև Հայաստանի խորհրդարանում միջանցքի կառուցման վերաբերյալ որոշման ընդունումը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների այդ քայլը կարող է ամոթալի լինել Հայաստանի ժողովրդի համար։