Սամվել Կարապետյանի կալանքով որևէ նպատակի չեն հասնելու. Մելոյան

«Իրավապահ մարմինները թույլ են տալիս իրենց ներգրավվել քաղաքական գործընթացներում և քաղաքական հրահանգավորման շրջանակում՝ խեղաթյուրելով մեր իրավական պետության ձևն ու բովանդակությունը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Անդրադառնալով երեկ Սամվել Կարապետյանի տանը և նրա հետ փոխկապակցված ընկերություններում կատարված խուզարկություններին՝ նա նշեց, որ Սամվել Կարապետյանն ավելի քան 500 օր ապօրինի ազատազրկված է եղել, որից առնվազն կեսը՝ կալանքի տակ։

«Այս կալանքով որևէ նպատակի չեն հասնելու։ Իսկ նպատակն ակնհայտ է․ սկսվել է համոզելու գործընթացը։ Մեր երկիրը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ թևակոխել է Ալիևի հագով կարվող՝ ալիևյան Սահմանադրության ձևավորման գործընթաց։ Բոլորս պետք է մեկտեղվենք՝ հասկանալով, որ վաղուց սա քաղաքականության հարց չէ, այլ ազգային ինքնության պահպանության հարց»,- ասաց նա։

Մելոյանը նկատեց, որ երեկվա իրադարձությունները ընդդիմությանը համոզելու գործընթացի մաս են՝ Ալիևի հագով կարված Սահմանադրության ընդունումն ապահովելու նպատակով։

Նրա խոսքով՝ հենց այսօրվա համար էր, որ «Ուժեղ Հայաստանը» դեռ հետընտրական շրջանում որոշում էր ընդունել վերցնել մանդատները։

«Նպատակն այն էր, որ այսօր այդ մանդատներով խոչընդոտենք, որ Փաշինյանը չկարողանա ընդունել ալիևյան Սահմանադրությունը։

Մենք խորհրդարանում ունենք 29 մանդատ, և այդ 29 մանդատով պայքարելու ենք մեր ազգապահպանության համար»,- ասաց Մելոյանը։

Մելոյանը նաև նկատեց, որ այս օրերին Սամվել Կարապետյանի դեմ սկսված գործընթացով իշխանությունը փորձում է նրան պիտակավորել և ժողովրդի աչքում վարկաբեկել։

Այս առնչությամբ նա հիշեցրեց.

«Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ի միակ սեփականատերն է։ 2015 թվականին, երբ ընկերությունը սնանկացման եզրին էր, նա իր վաստակած միջոցներից մոտ 800 մլն դոլարի ներդրում է կատարել։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ հսկայական գումար է 800 մլն դոլարը։ Ակնհայտ է, որ սա շահավետ բիզնես պլան չէր, և այդ գումարը Կարապետյանը կարող էր ծախսել շատ ավելի բարենպաստ նպատակներով։ Հինգ տարում Կարապետյանին հաջողվեց սնանկության եզրին գտնվող ՀԷՑ-ը հասցնել Moody’s-ի գնահատականին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment