«Նրան ոչ ոք չի կարող հաղթել։ Նա հաղթանակների առաջնորդն է». Էդգար Ղազարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին

«Վերստին այս դատարան է բերվել հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը։ Եվ նա դատարան է բերվել հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը լինելու համար»,-երեկ կեսգիշերն անց, մինչ հայտնի կդառնար Սամվել Կարապետյանին մեկ ամսով կալանավորելու որոշման մասին՝ հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

«Մեր ժողովուրդը, մեր պետությունը հայտնվել են թշնամական տիրապետության տակ։ Այլեւս ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը, կորցրել է սեփական իշխանությունը եւ հայտնվել է Ալիեւի թակարդում։ Նա հայտնվել է Ալիեւի գերության մեջ եւ կատարում է նրա բոլոր պահանջները։

Ի՞նչ էր ցանկանում Իլհամ Ալիեւը իր նախագահության ամբողջ շրջանում։ Զավթել Արցախը, արցախահայությանը հեռացնել իր սեփական հայրենիքից եւ տիրանալ այդ սուրբ հողին։ Դա Ալիեւի մշտական ցանկությունն է եղել, բայց այդ ցանկությունը իրականություն է դարձել միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության շրջանում։

Ալիեւի ախորժակը դրանից չի սահմանափակվել։ Նա հիմա ցանկանում է տիրանալ Հայաստանին՝ մեր ողջ երկրին, մեր մայրաքաղաքին։ Ինքն է հայտնել մեր երկրի նկատմամբ իր հավակնությունները, այս տարածքը ադրբեջանցիներով բնակեցնելու իր ծրագրերը։ Քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, մեր հայրենիքը կանգնած է այդ վտանգի առջեւ։

Եվ ինչ է անում Սամվել Կարապետյանը։ Դիմակայում է այդ փորձությանը։ Եվ ինչ պետք է անենք մենք այս պայքարում։ Ընդունենք նրա անվերապահ առաջնորդությունը եւ նրա առաջնորդությամբ փրկենք մեր հայրենիքը, փրկենք Հայաստանի Հանրապետությունը Նիկոլ Փաշինյանի եւ նրա գործընկեր, նրա հայրենակից Իլհամ Ալիեւի կեղտոտ, արյունոտ ճիրաններից։

Սամվել Կարապետյանը սովորական մարդ չէ։ Սովորական մարդը՝ հեռավոր մի գյուղից, համեստ ընտանիքից, չէր կարող ողջ աշխարհով նման հաջողությունների հասնել։ Նա բացառիկ մարդ է։ Բայց իր բացառիկ կարողությունների հետ միասին բացառիկ է նաեւ իր հայրենասիրությամբ, սկզբունքայնությամբ, վճռականությամբ եւ իր մարդկային անպարտելի ուժով, ինչը մենք տեսել ենք հենց նրա ձերբակալման կադրերում։ Միայն այդ ուժն ունեցող մարդը կարող է հեգնանքով, ժպիտով նստել ոստիկանական մեքենան, այն մեքենան, որն իրեն տանում է ապօրինի անազատության։

Նրան ոչ ոք չի կարողացել հաղթել։ Նրան ոչ ոք չի կարող հաղթել։ Նա հաղթանակների առաջնորդն է»,-հայտարարեց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment