Անկախությունից ի վեր՝ ՀՀ-ն չի ունեցել չորս ուղղություններով տնտեսական հարաբերություններ կառուցելու և տեղաշարժվելու հնարավորություն. Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ադրբեջանի տարածքով կարողանում ենք բեռներ տեղափոխել, և այդ մեծ ապաշրջափակման ծրագիրը մեծ հաշվով համընկնում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» տեսլականի և ծրագրի հետ, իսկ ԹՐԻՓՓ նախագիծը սրա շատ էական բաղկացուցիչ մասն է»: Այս մասին 2027 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցերին:
Միրզոյանը հիշեցրեց, որ անկախությունից ի վեր Հայաստանը չի ունեցել չորս ուղղություններով տնտեսական հարաբերություններ կառուցելու և տեղաշարժվելու հնարավորություն, եղել է շրջափակման ներքո, իսկ այժմ տարածաշրջանում տնտեսական, տրանզիտային, տրանսպորտային ենթակառուցվածքներն արագորեն ապաշրջափակվում են։
ԱԳՄԱ նախարարաը ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է օր առաջ գետնի վրա տեսնել ԹՐԻՓՓ նախագծերի իրականացումանն ուղղված աշխատանքների մեկնարկը։
«Հիշում եք, որ ԹՐԻՓՓ նախագծեր ասելով՝ նկատի ունենք տարբեր ենթակառուցվածքներ, առաջին հերթին՝ երկաթուղի, էլեկտրահաղորդակցության գծեր, օպտիկական մալուխներ։ Ապագայում ցանկություն կա կողմերի միջև ունենալ գազամուղ, նավթամուղ և այլն»,- ասաց Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ ապաշրջափակումը, ենթակառուցվածքների օգտագործումը մեծ տնտեսական հնարավորություններ են բացում Հայաստանի համար, բայց նաև առկա է քաղաքական շերտ, ինչը նշանակում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ մյուս անմիջական հարևանները, և՛ Արևմուտքում ու Արևելքում գտնվող շատ երկրներ էապես ավելի շատ են շահագրգռված լինելու տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ, տնտեսական զարգացմամբ։
«Սա, բացի տնտեսական ծրագիր լինելուց, ամրապնդում անդառնալի է դարձնում խաղաղությունը»,- ընդգծեց ԱԳՄԱ նախարարը։