«Սամվել Կարապետյանը մեկ տարուց ավելի ցույց է տալիս հայ տղամարդու օրինակը, որը պետք է պայքարի իր երկրի, իր ժողովրդի շահերի համար». Անդրանիկ Գեւորգյան

Հակակոռուպցիոն դատարանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննությունը դեռ չի սկսվել, քանի որ այն դեռևս որևէ դատավորի չի մակագրվել. այս մասին հավաքվածներին կեսգիշերն անց հայտնեց «Ուժեղ Հայաստան»  խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ հավաքվածներին առաջարկելով գնալ տուն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակով ընտրված ԱԺ պատգամավորները, քաղաքական ուժի անդամները, Սամվել Կարապետյանի աջակիցները դատարանի բակում էին եւ աջակցում էին իրենց առաջնորդին։

Դիմելով հավաքվածներին՝ պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանն ասաց. «Մեկ տարի առաջ էլ մենք այստեղ էինք եւ պահանջում էինք արդարություն։ Ինչպես տեսնում եք, մեր պայքարը չի փոխվել, որովհետեւ մենք վախեցողներից չենք, նահանջողներից չենք։ Մեր պահանջները հստակ են ու մենք պայքարում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի։ Չեն կարողանալու մեզ կանգնեցնել։ Այս ամիսների ընթացքում մենք ցույց ենք տվել մեր հայրենակիցներին, որ պատրաստ ենք ամեն ինչի, պատրաստ ենք մինչեւ վերջ գնալու, որ ուժեղ ենք մեր առաջնորդի պես։

Սամվել Կարապետյանը մեկ տարուց ավելի ցույց է տալիս հայ տղամարդու օրինակը, որը պետք է պայքարի իր երկրի, իր ժողովրդի շահերի համար։ Ու թույլ չտա, որ օտարները փորձեն որոշում կայացնել մեր երկրում։ Մենք՝ պատգամավորներս՝ ֆրոնտի մարդիկ, ուժեղ ենք մեր առաջնորդի պես։ Վստահ եղեք, չի մնալու այսպես, չի լինելու, որ այս իշխանությունները փորձեն թշնամական երկրի օրակարգերով սահմանադրություն բերել։ Մենք թույլ չենք տալու, որ մեր ազգային ինքնությանը, մեր պետականությանը, մեր անկախությանը դիպչող քայլեր անեն այս իշխանությունները։

Այս իշխանության ներկայացուցիչները, որոնց հետ ամեն օր առնչվում ենք ԱԺ-ում, գլուխները բարձին դնելուց թող մի պահ մտածեն՝ էս ի՞նչ են անում։ Հայի դեմ են պայքարում ադրբեջանցու սահմանադրությունը այստեղ հաստատելու համար։ Սա մարդկային ու բարոյական բոլոր սահմաններից դուրս է։ Հային հայի դեմ եք հանում, հայի դեմ պայքարում եք թշնամու սահմանադրությունը Հայաստանում հաստատելու համար։ Մի արեք, բայց մի էլ մոռացեք, որ այստեղ մարդիկ կան կանգնած, որոնք ունեն առաջնորդ, որը ոչնչից չի վախեցել, գնացել է մինչեւ վերջ ու գնալու է մինչեւ վերջ։ Ու մեր թիմը՝ Ուժեղ Հայաստանցիները, ուժեղ է։ Մենք ասելու ենք ոչ ալիեւյան սահմանադրությանը, ասելու ենք այո Հայաստանի անկախության պահպանմանը։ Եվ թույլ չենք տալու, որ ալիեւյան սահմանադրություն հաստատվի Հայաստանի Հանրապետությունում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment