«Եկեք մեկ տարի հետ գնանք։ Սամվել Կարապետյանի ձերբակալություն։ Ինչի՞ համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար։ Այս անգամ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ թույլ չի տալու, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունվի ալիևյան սահմանադրությունը։ Ու դրան միանգամից հաջորդեցին էլի շինծու քրեական գործեր, որոնք, իմ տեղեկությամբ, մի տարուց ավելի է՝ կան, բայց չգիտես ինչի այդ ամենի մասին նոր հիշեցին»,- ՀԿԴ-ի առջև լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։
«Ու սկսվեց ձերբակալությունների շղթան։ Աննախադեպ։ Միաժամանակ 65 բնակարանում, հասցեում արել են խուզարկություն։ Այս ամենը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի վախերը։ Այդ մարդն արդեն Սամվել Կարապետյանի նկարից էլ է վախենում։ Այդ մարդը շարժվելու տեղ չունի։ Ինքը այս ութ տարվա մեջ աշխարհում՝ ամեն տեղ, ում ինչ խոսք է տվել, եկել է հատուցման ժամանակը։ Ինքը պետք է իր խոսք տվածը արդեն տա։ Ինքը պետք է Ալիևին խոսք տված սահմանադրությունը Հայաստանում ընդունել տա՝ չգիտեմ ոնց, պետք է այս անի, այն անի։ Արցախը հանձնեց։ Ամեն ինչ արեց։ Եկել է հատուցման ժամանակը, որ պիտի տա։ Ու դրա համար ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը չի հանդուրժելու այս ամեն ինչը։ Ու Ալիևի սահմանադրությունն էր պատճառը, որ այսօր Սամվել Կարապետյանը կրկին գտնվում է այս դատարանում։
Ես զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որ զարմանում են։ Այս մարդը ոչ թե անկանխատեսելի է, այլ ինքն իր վախերից ելնելով պատրաստ է ամեն ինչի։ Հիմա կարող է փողոցով քայլող մարդուն էլ ձերբակալեն, որովհետև Փաշինյան Նիկոլն ուզել է։ Ուղղակի այդ ձերբակալողների մեծ մասը չեն հասկանում, որ պետք է գործեն բացառապես օրինականության շրջանակում։
Եթե Նիկոլ Փաշինյանի հայտարարած «ընդդիմությանը համոզելը» սա է, մենք չենք համոզվելու։ Մեկին ձերբակալեց, երկուսը ելնելու են ոտքի։ Մենք դրոշակը փոխանցելու ենք մեկը՝ մյուսին։ Ինչպես չկարողացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ծնկի բերել, նույն ձևով էլ նրան չի հաջողվելու ալիևյան սահմանադրությունը բերել»,- ասաց Արթուր Միքայելյանը։
Տեսանյութն ամբողջությամբ
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: