Մեր շենք են մտել այնպիսի կազմակերպությունների հետ կապված խուզարկության որոշումներով, որոնք որևէ առնչություն չունեն մեզ հետ. Մելոյան

Իրավապահներն այսօր խուզարկություններ են իրականացրել նաև Տերյան 69 հասցեում գտնվող «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում։

«Առավոտվանից քննչական գործողություններ են տեղի ունեցել նաև մեր գրասենյակում։ Քննչական գործողությունները որևէ առնչություն չունեն մեր քաղաքական գործունեության հետ։ Մեր շենք են մտել այնպիսի կազմակերպությունների հետ կապված խուզարկության որոշումներով, որոնք որևէ առնչություն չունեն մեզ հետ։ Այդ կազմակերպությունների անունները երբևէ չեմ էլ լսել։ Մենք իրազեկել ենք, որ այս պահին այս հասցեում գործունեություն է ծավալում «Ուժեղ Հայաստանը», իսկ այդ կազմակերպությունների գործունեության վերաբերյալ որևէ տեղեկություն չունենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Հարցին, թե ինչ էին փնտրում իրավապահները, Մելոյանը պատասխանեց՝ համակարգիչներ, փաստաթղթեր և այլն։

«Կոնկրետ այս հասցեն և գրասենյակը նախընտրական փուլում շտաբ են եղել։ Հասկանալի է, չէ՞, որ այդ ժամանակվանից ի վեր ինչ բնույթի վերահսկողության տակ է եղել՝ թե՛ ներսից, թե՛ դրսից։ Սա ծայրաստիճան թափանցիկ գրասենյակ է։ Այս ամենը մեկ բացատրություն ունի՝ տնտեսական հիմքերով քողարկել քաղաքական հետապնդման տարրերը։ Կուսակցության գործունեությունը կաթվածահար են անում»։

Մելոյանը նույնպես այս գործողությունները կապեց սահմանադրական փոփոխությունների պարտադրված ժամկետների հետ։

«Իշխանությունը վերջնակետին է հասել, նրանց վերջնաժամկետ է տրված՝ Ալիևի կողմից այդ Սահմանադրությունն արագ կյանքի կոչելու համար։ Ալիևի օրակարգը սպասարկելու նպատակով երկրի բոլոր ընդդիմադիր ուժերին նման ձևաչափով արհեստական ճնշումների են ենթարկում»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment