«Վաղը պետք է կարևոր բան լիներ, բայց այդ կարևոր բանը կլինի»․ Նարեկ Կարապետյան

«Ո՞վ է ՀԷՑ-ի սեփականատերը․ Սամվել Կարապետյանը։ Չարաշահումներն իրենի՞ց են, այսինքն՝ մարդը չի կարող իր ընկերությունից… իր սեփական ֆիրման է, ամեն ինչը այդտեղ իրենն է, ի՞նչ չարաշահման մասին է… սեփականատիրոջ կողմից»,- ՔԿ-ի մոտ, լրագրողների հետ զրույցում տարածված պաշտոնական հաղորդագրության մասին իր տարակուսանքը հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, առավոտից խուզարկություններ էին իրականացվում Նարեկ եւ Սամվել Կարապետյանների բնակարաններում։ Սամվել Կարապետյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀԷՑ-ին 64, 5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել։ Քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ։

Ամբողջ այս պատմության հիմնական նպատակն, ըստ Նարեկ Կարապետյանի, համոզելն է․ «Նա հայտարարություն արեց, դուրս եկավ, ասում է՝ մենք կփորձենք համոզել ընդդիմադիրներին։ Հիմա մեզ համոզում են, հիմա մենք համոզման պրոցեսի մեջ ենք»։

Նարեկ Կարապետյանը պնդում է՝ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու իրենց համոզել։ Հարցին՝ երաշխավորո՞ւմ եք, որ չեն գտնվի վեց պատգամավորներ ձեր խմբակցությունում, նա պատասխանեց․ «Ես իմ թիմակիցներին ճանաչում եմ, իրանցից ոչ մեկը… բազմաթիվ բաների միջով են անցել։ Բոլորի վրա էլ համարյա ճնշումներ կան»։

Նարեկ Կարապետյանը կարծում է, որ Սամվել Կարապետյանին փորձելու են կալանքի տանել եւ դա «բանակցային» կետ դարձնել․ «Չի լինելու, այդ մարդու ձևը այդպես չի, այդ մարդը ուրիշ ձևի մարդ է»։

Հարցին, այս գործով հնարավո՞ր է իրեն էլ մեղադրանք առաջադրեն, քանի որ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի անդամ է, Նարեկ Կարապետյանը պատասխանեց, որ համոզելու այս գործընթացում ոչ ոք երաշխավորված չէ մեղադրանքներից։

«Մենք ունենք հետաքրքիր առաջարկ, որը վաղը պետք է Սամվել Կարապետյանը կազմակերպեր, այսօր իրենք արեցին, որ դրա դեմը առնեն։ Վաղը պետք է կարևոր բան լիներ, բայց այդ կարևոր բանը կլինի»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ հորդորելով մի քանի ժամ սպասել եւ մանրամասների ականատեսը լինել։

Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ նոյեմբերի 5-ին սպասվում է Սամվել Կարապետյանի խոստացած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հավաքը եւ ազգային օրակարգի շուրջ ենթադրվում է ընդդիմադիր լայն կոնսոլիդացիա։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Սամվել Կարապետյանը ԱԱԾ աշխատակիցների ուղեկցությամբ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքից դուրս գալիս պատասխանելով «Իշխանություն» լրատվականի հարցին՝ ընդունու՞մ է մեղադրանքը, ասել է. «Իհարկե ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment