«Երբ որ գործը կարում են, ինչ-որ բան պիտի ստեղծեն, առաջանում են հակասություններ, ճշմարտություն չկա»․ Դավիթ Ղազինյանը՝ ՔԿ հաղորդագրության մասին

«Ինչ որ հրապարակվել է, որպես իրավաբանական կրթություն ստացած մարդ, ասեմ ձեզ, որ այդտեղ իրավական աբսուրդ կա։ Մի կողմից ասում են՝ եթե չեմ սխալվում, շահույթը շատացրել են հարկերից խուսափելու հաշվին, մյուս կողմից ասում են՝ վնաս է տվել ընկերությանը։ Այսինքն՝ իր սեփական ընկերությանն ինչո՞վ պետք է վնաս տար»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Հաշվի առնելով, որ գործը ամբողջությամբ չենք տեսել, չեմ կարող ասել, բայց այս հակասությունները գալիս են գործի կարված լինելուց։ Այսինքն՝ երբ որ գործը կարում են, ինչ-որ բան պիտի ստեղծեն, առաջանում են հակասություններ, ճշմարտություն չկա։ Այստեղ մի շատ կարևոր հանգամանք կա։ Մենք, երբ որ այսպես ասած, կառավարիչ պետությունը նշանակեց, և մենք այլևս չէինք տնօրինում ՀԷՑ-ը, իմ կողմից եղել է հստակ առաջարկ՝ եկեք ընդունում-հանձնում անենք, այդ թվում և էլեկտրաէներգիայի կիլովատի և մնացած նյութական արժեքների, և ՊԵԿ-ը թող գա բոլորիս հետ միասին ստուգի, այսպես ասած, տեղեկանք տա՝ ինչ է կատարվել։ Իշխանությունները հրաժարվեցին։ Իսկ դա հուշում է մի բանի մասին, որ մի բան պետք է սարքեին»,- շարունակեց Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը։

«2018 թվականից հետո գովասանագիր էին տալիս ու չգիտեմ կոնկրետ անունը ինչ է, բայց որպես լավ հարկ վճարողի ինչ-որ թուղթ էին տալիս, մի քանի անգամ ստացել ենք։ Եթե այս գործը իրենց կարծիքով ճիշտ է, հանձնաժողովը, հանձնաժողովի անդամները, ՊԵԿ-ի այդ ամբողջ խմբերը, որոնք ստուգումներ են արել, ԱԱԾ-ն, որը չի կարողացել հետևի, այսպես ասած, ազգային անվտանգության խնդիր է վերջին հաշվով, ռազմավարական նշանակություն ունեցող է, ամբողջ պետությունը չի գործել։ Լավ, ի՞նչ են ուզում դրանով ասել։ Ուզում եմ ասել՝ պետք չի լուրջ ընդունել»,-հավելեց նա։

Հիշեցնենք, առավոտից խուզարկություններ էին իրականացվում Նարեկ եւ Սամվել Կարապետյանների բնակարաններում։ Սամվել Կարապետյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀԷՑ-ին 64, 5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել։ Քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ։

36 ձերբակալվածներն, ըստ Դավիթ Ղազինյանի, հավանաբար ՀԷՑ-ի հետ տարբեր առնչություններ ունեցող մարդիկ են։

Այս ամենի նպատակը, ըստ բանախոսի, ճնշումներ գործադրելն է Սամվել Կարապետյանի եւ նրա ղեկավարած ուժի նկատմամբ՝ Ադրբեջանին տրված Նիկոլ Փաշինյանի խոսումները իրականացնելու համար․ «Ո՞նց եք պատկերացնում՝ Սամվել Կարապետյանին գային ձերբակալեի՞ն, ասեին՝ գիտես ինչ, դու չես ուզում, որ Ալիևի պարտադրած սահմանադրությունը անցնի, դրա համար քեզ տանում ենք, իշխանությունը հետապնդո՞ւմ է իրականացնում։ Բնականաբար՝ ոչ»։

Նա չի բացառում, որ Սամվել Կարապետյանին նորից կտանեն կալանքի։

Դավիթ Ղազինյանը վստահեցնում է՝ ոչինչ իրենց չի կաշկանդելու։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment