«Ասում են՝ 64 միլիարդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին․ սեփականատերը Սամվել Կարապետյանն է, հիմա նա պիտի լիներ տուժո՞ղը, թե՞ պիտի լիներ մեղադրյալը»․ Մեսրոպ Մանուկյան

«Իշխանության ձեռագիրն այնքան պարզ, այնքան պրիմիտիվ է․ ասում են՝ հաջորդ օրը կոնկրետ իրավաբանները գործողություն են սկսում։ Տեսե՛ք, երբ որ Լևոն Քոչարյանի հետ ինչ-որ ընթացք եղավ, հաջորդ օրն ասացին՝ կգան, կբռնեն, եկան, բռնեցին Ռոբերտ Քոչարյանին, Սեդրակ Քոչարյանին»,- ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ պատասխանելով հարցին՝ ընդդիմությանը «համոզելու» գործընթացը կարծես թե սկսվել է և սպասվելու է, որ շուտով նաև ձեր խմբակցության պատգամավորներին կսկսեն «համոզել» Սահմանադրության փոփոխության հետ կապված կողմ քվեարկել։

Մեսրոպ Մանուկյանի կարծիքով, իշխանության մոտ մի պահ տպավորություն է եղել, թե «Ուժեղ Հայաստանին» հնարավոր է կոտրել, բայց երբ հակառակում համոզվեցին, սկսեցին գործել նման մեթոդներով։

Հիշեցնենք, առավոտից խուզարկություններ էին իրականացվում Նարեկ եւ Սամվել Կարապետյանների բնակարաններում։ Սամվել Կարապետյանն այժմ Քննչական կոմիտեում է։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, ՀԷՑ-ին 64, 5 միլիարդ դրամի վնաս է պատճառվել։ Քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ։

«Ասում են՝ 64 միլիարդ դրամի վնաս է հասցվել ՀԷՑ-ին։ ՀԷՑ-ի սեփականատե՞րն ո՞վ է, ՀԷՑ-ի սեփականատերը Սամվել Կարապետյանն է։ Հիմա Սամվել Կարապետյանը պիտի լիներ տուժո՞ղը, թե՞ պիտի լիներ մեղադրյալը։ Բայց եկեք մի քիչ էլ առաջ գնանք, այսպես մտքի թռիչքին․․․ եթե առաջնորդվենք իրենց հիմար տրամաբանությամբ, ասում է՝ ինչ-որ ձև պիտի բերենք կապենք, որ դա ազդել է հոսանքի սակագնի հետ։ Տրամաբանությունը դա պիտի լինի, որ կարողանան մեղադրանք առաջադրել, բայց այստեղ կա մի պարզ ուրիշ հարց․ հանրային ծառայություններին պարբերաբար ՀԷՑ-ը ներկայացրել է հաշվետվություն։ Այսինքն՝ 2016-26 թվականը՝ 10 տարի անցել է, որից 8 տարին հենց ՔՊ-ն է եղել իշխանություն։  Բա դուք ինչո՞վ էիք զբաղված։ Հետևաբար, սա իրավական պրոցեսի հետ զրո կապ ունի։ Սա կոնկրետ քաղաքական հետապնդում է»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը՝ հավելելով, որ մարդկանց ձերբակալում են, սկսում են ահաբեկել, վախեցնել, որ ինչ-որ կեղծ ցուցմունք կորզեն, սա այս իշխանության ձեռագիրն է։

Այս ամենի նպատակը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, մեկն է՝ ալիեւյան Սահմանադրությունը ընդունելը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment