Ավելի քան 7 ժամ տևած խուզարկությունից հետո ԱԱԾ-ականները ձերբակալեցին Սամվել Կարապետյանին։ Տնային կալանքի տակ գտնվող «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարին առանձնատնից դուրս բերեցին աջակիցների ծափահարությունների ներքո։
Եվ եթե առավոտյան Նարեկ Կարապետյանը կատակում և ժպտում էր ի պատասխան իրավապահների գործողությունների, ապա հորեղբոր ձերբակալությունից հետո տրամադրությունը մի փոքր այլ էր։
«Էդքան անգամ ինչ պլանավորել ես՝ չի ստացվել մոտդ, ու չի՛ ստացվելու։ Վախդ բռնել ա մեծ թշնամին, դրա համար էլ ինչ ուզում անում են»,- նշեց Նարեկ Կարապետյանը՝ ակնարկելով Փաշինյանին։
Դիմակավորված հատուկ ջոկատայինները խուզարկություն էին իրականացնում ավելի քան 65 ընկերություններում և երկու առանձնատներում․ Սամվել Կարապետյանի և նրա եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի տանը իրավապահները վաղ առավոտից էին։ Իրավապահներն առաջինը Նարեկ Կարապետյանի տան խուզարկությունն ավարտեցին, ինչից հետո Կարապետյանը և նրա հայրը շտապեցին Սամվել Կարապետյանի առանձնատուն։
Եվ մինչ Կարապետյանները հայտարարում էին, որ տեղյակ չեն՝ որ վարույթի շրջանակներում են լայնածավալ խուզարկություններն իրականացվում, Քննչական կոմիտեն գործընթացից ժամեր անց՝ Սամվել Կարապետյանի ձերբակալումից հետո, ծավալուն հաղորդագրություն տարածեց։
«Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Կ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2016-2024 թվականների ընթացքում կատարել են չորս դրվագ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունների չարաշահում, առանձանապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ»,- նշվում էր հաղորդագրության մեջ։
Իրավապահների այս լայնածավալ գործողություններին նախորդել էր կառավարության որոշումը՝ ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը ճանաչվել էին հանրության գերակա շահ։
«Մեր «պլան A»-ն հետևյալն է, որ դա դառնում է պետական սեփականություն ՀԷՑ-ը պետական սեփականություն և մենք կառավարման ենք հանձնում համաշխարհային «թոփ» ընկերության կամ ընկերությունների խմբին։ Այսինքն՝ մենք մասնավորեցնելու նպատակ չունենք»,- կառավարության նիստի ժամանակ ասել էր Փաշինյանը։
Սամվել Կարապետյանը, որն ավելի քան 11 տարի ՀԷՑ-ի սեփականատերն էր, այլ ապագա էր կանխատեսում։
«ՀԷՑ-ի մասով դուք մի՛ անհանգստացեք։ ՀԷՑ-ը կվերադառնա իր օրինական տիրոջը։ Իրենք էլ ոչ մի բան չեն կարողանալու անեն։ Շատ հեշտ, որովհետև իրենք արդեն հասկացել են, որ չեն կարող կառավարել ՀԷՑ-ը։ Հիմա արդեն ցնցումների մեջ ընկած, ինչ-որ մարդիկ են ման գալիս, էդ մարդիկ գան, էդ մարդիկ վերցնեն ու կառավարեն»,- ասել էր Սամվել Կարապետյանը։
ՀԷՑ-ի շուրջ հեռակա բանավեճը ծավալվել էր դեռ 2025 թվականի հունիսի 18-ին․ Կարապետյանի ձերբակալությունից ժամեր անց։ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց՝ «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի»։ Օրեր անց՝ արդեն հունիսի 24-ին, վարչապետը նոր գրառմամբ հայտարարեց՝ ՀԷՑ-ի պետականացման պլանը պատրաստ է, շուտով կմտնենք գործնական փուլ։ Անցած 1․5 տարվա ընթացքում պետականացման հարցը դուրս եկավ քաղաքական հայտարարությունների շրջանակից։ Օրենսդրական փոփոխությունների միջոցով կառավարությունը ստանձնեց ընկերության կառավարման գործընթացը։ ՀԷՑ-ում նշանակվեց ժամանակավոր կառավարիչ՝ Ռոմանոս Պետրոսյանը։ Դրան զուգահեռ՝ Կարապետյանը դիմեց Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային դատարան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան