Երեխայի ծննդյան միանվագ, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, ինչպես նաև մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստների նշանակման և վճարման կարգը կարող է փոփոխվել։ Կառավարությունն առաջարկում է ներդաշնակեցնել նպաստների նշանակման ու վճարման ընթացակարգերը, սահմանել միասնական ժամկետներ և 2028 թվականից խնամքի նպաստի համահարթ չափ։
Iravaban.net–ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված՝ «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում խնամքի նպաստի չափի հարցում
Ներկայումս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պայմանավորված է ծնողի աշխատանքային կարգավիճակով և բնակության վայրով։
Մասնավորապես՝ խնամքի արձակուրդում գտնվող քաղաքաբնակ ծնողը ստանում է ամսական 37 500 դրամ, խնամքի արձակուրդում չգտնվող ծնողը՝ 31 600 դրամ, իսկ խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողը՝ 69 100 դրամ։
Նախագծով առաջարկվում է 2028 թվականի հունվարի 1-ից սահմանել խնամքի նպաստի միասնական՝ համահարթ չափ՝ անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ չգտնվելու, ինչպես նաև գյուղական բնակավայրում հաշվառված լինելու հանգամանքից։
Միասնական նպաստի կոնկրետ չափը նախագծով սահմանված չէ․ այն պետք է որոշվի համապատասխան կարգավորումներով։
Ընդ որում, խնամքի նպաստը շարունակելու է վճարվել ամսական՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը։
Նպաստ ստանալու համար այլևս բանկ ներկայանալու անհրաժեշտություն չի լինի
Գործող կարգավորմամբ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի, ինչպես նաև խնամքի նպաստի վճարումը շարունակելու համար ծնողը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ և ստորագրել հայտարարություն Հայաստանի Հանրապետությունում գտնվելու մասին։
Նախագծով առաջարկվում է վերացնել այդ պահանջը։ Ծնողի՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը կստուգվի սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի (ՍԷԿՏ) տվյալների միջոցով։
Այսպիսով, նախատեսվում է նվազեցնել նպաստ ստացող քաղաքացիների մասնակցությամբ իրականացվող վարչարարությունը։
Երեխայի կամ ծնողի՝ արտերկրում գտնվելու դեպքում նպաստի իրավունքը կդադարեցվի
Նախագծով առաջարկվում է փոփոխել նաև Հայաստանի Հանրապետությունից բացակայելու հետ կապված կարգավորումները։
Մասնավորապես, ծնողի՝ Հայաստանից անընդմեջ երեք ամսից ավելի բացակայելը կդառնա նպաստ ստանալու իրավունքի դադարեցման հիմք։
Երեխայի՝ Հայաստանից բացակայելու դեպքում նույնպես առաջարկվում է սահմանել երեքամսյա ժամկետ՝ գործող 6 և 12 ամսվա ժամկետների փոխարեն։
Այս փոփոխությամբ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ու խնամքի նպաստների մասով կսահմանվեն միասնական ժամկետներ։
Հետադարձ վճարման ժամկետը կկրճատվի
Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի դեպքում գործող վեցամսյա, իսկ խնամքի նպաստի դեպքում՝ 12-ամսյա հետադարձ նշանակման ժամկետները փոխարինել երեքամսյա ժամկետով։
Այսինքն՝ համապատասխան պայմանների առկայության դեպքում նպաստը հետադարձ նշանակելու համար հնարավոր կլինի դիմել առավելագույնը երեք ամսվա սահմաններում։
Նպաստի վճարումը որոշ դեպքերում կվերականգնվի առանց դիմումի
Առաջարկվում է, որ ծնողի կամ երեխայի՝ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու դեպքում նպաստ ստանալու իրավունքը վերականգնվի ինքնաշխատ եղանակով՝ ՍԷԿՏ համակարգի տվյալների հիման վրա՝ առանց ծնողի դիմում ներկայացնելու։
Նախատեսվում է նաև, որ երեխայի կամ ծնողի՝ օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու հիմքով դադարեցված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի իրավունքը կարող է վերականգնվել առանց ծնողի դիմումի՝ բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։
Ի՞նչ այլ փոփոխություններ են նախատեսվում
Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման պայմանները, երբ երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացվել է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից։
Կվերանայվեն նաև նպաստների նշանակման համար դիմելու ժամկետները, մերժման հիմքերը և խնամքի նպաստի իրավունքի դադարեցման պայմանները։
Բացի այդ, նախատեսվում է պարզեցնել պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը՝ ավելի լայնորեն օգտագործելով պետական տեղեկատվական համակարգերում առկա տվյալները։
Ե՞րբ կգործեն փոփոխությունները
Նախագծով նախատեսվում է, որ նպաստների նշանակման նոր պայմանները, խնամքի նպաստի համահարթ չափը և հետադարձ նշանակման ժամկետների փոփոխությունները կգործեն 2028 թվականի հունվարի 1-ից և կտարածվեն այդ օրը կամ դրանից հետո ծնված երեխաների վրա։
Իսկ նպաստ ստանալու իրավունքի դադարեցման և վերականգնման, ինչպես նաև վճարման դադարեցման ու վերսկսման պայմանների փոփոխությունները կգործեն նույն օրվանից և կտարածվեն նաև մինչև 2028 թվականը ծնված երեխաների վրա։
Նախագծի ընդունման դեպքում 2027 թվականի պետական բյուջեի եկամուտների ավելացում չի նախատեսվում, իսկ ծախսերը կարող են նվազել՝ նպաստների իրավունքի իրացման ժամկետների կրճատման արդյունքում։
2028 թվականի համար խնամքի նպաստի համահարթ չափի սահմանման հետ կապված լրացուցիչ ծախսերը կհաշվարկվեն 2028 թվականի բյուջետային գործընթացի շրջանակում։