«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան տեղափոխվելու թեզին։

Factor TV-ի հարցին, որ ընդդիմության կողմից շրջանառվում էր թեզ, ըստ որի՝ Հայաստան են տեղափոխվելու 300 հազար ադրբեջանցիներ, Անդրանիկ Գևորգյանը արձագանքեց՝ մատնանշելով Ադրբեջանից հնչող պաշտոնական հռետորաբանությունը և «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտը։

«Դուք չե՞ք լսել արևմտյան Ադրբեջանի խոսույթը, որ Ալիևը գեներացնում է, փորձում է ամեն տեղ դա առաջ տանել։ Այնպես չի, որ 300 000 ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան, բայց այն պրոցեսը, որը կա, այն խոսույթը, որոնք իրենք առաջ են տանում, և գործողությունները, որոնք իրենք իրականացնում են, միտված են հենց այդ քայլերին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել իր հեռահար պլաններից, իսկ Բաքվում կազմակերպվող վեհաժողովներն ու քաղաքական օրակարգերը նպատակաուղղված են Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցման իրավական ու քաղաքական հիմքեր նախապատրաստելուն։

Անդրանիկ Գևորգյանը, մեկնաբանելով Քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրությունն ու ընդդիմադիր թիմակիցների ձերբակալությունները, պնդեց, որ ներկայացված մեղադրանքներն անհիմն են և իրականում հետապնդում են քաղաքական նպատակներ։

«Քննչական կոմիտեն այդ տեքստի ու այդ բառերի փոխարեն կարար ընդամենը գրվեր, որ գործողություններն իրականացվել են Ալիևյան սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունում հաստատելու և այնպես անելու, որ գործի Ալիևյան սահմանադրությունը։ Ընդամենը այդքանը կարող էր գրել ու ոչինչ չգրել»,- ասաց Գևորգյանը։

Ըստ պատգամավորի՝ իրավապահների քայլերը կազմակերպվում են վախի մթնոլորտ ստեղծելու և ընդդիմադիր գործիչների վրա ճնշումներ բանեցնելու համար։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի, խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տներում։ ՔԿ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment