ԵՄ-ին հայտ ներկայացնելու ժամկետ՝ Փաշինյանից․ ո՞րն է ՀՀ-ի եվրոպական ուղու հաջորդ քայլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հեռու չէ այն ժամանակը, երբ Հայաստանը պաշտոնապես ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնի։ Նոյեմբերի 3-ին Euronews-ին տված հարցազրույցում նման հայտարարություն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցազրուցավարը ցանկացավ ավելին լսել՝ խնդրելով կոնկրետ ժամկետներ նշել։ 

«Ես չգիտեմ՝ որքանով է դա իրատեսական, բայց հաջորդ տարի կարող է իրատեսական լինել, 2028-ը կարող է իրատեսական լինել»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է քաղաքական երկխոսությամբ ուղեկցվի։  «ԵՄ-ին անդամակցությունը Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությանն ուղղված ռազմավարական ընտրությունը է»,- ասում է վարչապետը։ 

«Գիտեք՝ մենք կենտրոնացած ենք վիզաների ազադականացման երկխոսության շուրջ, և մեր թիրախն է վիզաների ազատականցումն ունենալ 2029-ին։ Դա հերթական շատ կարևոր փուլը կլինի Եվրոպական միության հետ մեր հարաբերությունների զարգացման գործընթացում, բայց մենք կարող ենք ասել, որ արդեն սկսել ենք գործընթաց, որը մեզ կբերի վերջնական որոշման լիարժեք ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու մասին»,- նշեց Փաշինյանը

ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացի պաշտոնական մեկնարկը 2025 թվականին էր, երբ «Եվրաքվե» նախաձեռնությունը ստորագրահավաք սկսեց և 50 հազարից ավելի ստորագրություն հավաքելով  նախագիծ ներկայացրեց Ազգային ժողով։  Իշխող խմբակցությունը կողմ քվեարկեց և ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։  Օրենքի ազդարարում է, որ հիմք է ընդունում ՀՀ ժողովրդի կամքը և սկսում է ԵՄ-ին անդամակցելու իրավական ու դիվանագիտական ընթացակարգերը։  

ԵՄ-ին պաշտոնապես դիմելու մասին գործադիրի ղեկավարն առաջին անգամ հայտարարեց այս տարվա օգոստոսի 24-ին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ։

«Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը: Սա նույնպես ծավալուն գործընթաց է և առաջիկայում մենք թերևս կսկենք այս գործընթացը՝ առավել ևս մեր ԵԱՏՄ գործընկերների հորդրորներին ականջալուր լինելով»,- ասել էր Փաշինյանը:

ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներն այս տարվա մայիսին առաջարկել էին Հայաստանին հանրաքվե անցկացնել՝ ընտրություն կատարելու ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Իսկ երբ է Հայաստանը պատրաստվում հանարքվե անցկացնել։ 

«Հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես ԵՄ-ին դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- հայտնել էր վարչապետը։

Այս տարի առնվազն երեք անգամ Հայաստանի եվրաինտեգրման թեման Փաշինյան-Պուտին քննարկումների առանցքում է եղել։ Ռուսաստանի նախագահը մի քանի անգամ արդեն կրկնել է, որ ցանկանում է՝ Հայաստանը հնարավորինս շուտ հստակեցնի իր ընտրությունը՝ ԵՏՄ-ի ու ԵՄ-ի հարցում։ Վերջին անգամ այս մասին Պուտինը հայտարարեց նաև Բիշքեկում սեպտեմբերի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։ Իսկ Փաշինյանը ասել էր, ընտրություն կատարվի, երբ ժամանակը գա։ 

Այս զրույցից երկու ամիս անց ի՞նչ է փոխվել, և արդյո՞ք Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարն ավելի հստակ է։ Եվրաքվեի նախաձեռնության անդամ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ  Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ՝ թեև ցանկալի է, որ Հայաստանը հնարավորինս շուտ ներկայացնի ԵՄ անդամակցության պաշտոնական հայտը, անելիքներ դեռ շատ կան։

«
Կառավարության ներսում համապատասխան կարողությունների հզորություն պետք է տեղի ունենա, պետք է համապատասխան կառուցվածք ունենա կառավարությունը։ Օրինակ՝ Մոլդովան ունի Եվրոպական ինտեգրման հարցերի փոխվարչապետ, նաև ԱԳՆ է կոչվում Արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերի։ Այսինքն՝ մենք պետք է համապատասխան կառույցներ ունենանք, հենց այնպես դիմում տալու հարց չի դա, պատրաստելու հարց է պետությանը»,-ասում է Լուսինե Հակոբյանը։ 

Հակոբյանի խոսքով՝ կարևոր է նաև իրավական կարողությունների զարգացումը․ պետք է հստակ ազդանշան լինի, որ պետությունը գնում է այդ ուղղությամբ։  Այսպիսով, եթե վիզաների ազատականացման համար Փաշինյանի նշած թիրախը 2029 թվականն է, ապա ԵՄ-ին անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու համար այժմ նշվում է ավելի վաղ՝ 2027-2028 թվականների ժամանակահատվածը։ Արդյոք այս ժամկետները կյանքի կկոչվեն, ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

Leave a comment