Քաղաքականություն
04.11.2026 | 18:23
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց առաջիկա ժամերին սպասվող կարևոր քայլերի մասին՝ այլ մանրամասներ չնշելով։
«Կարևոր բան պիտի լիներ, մի քանի ժամ սպասեք»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Խոսելով իշխանություններից սպասվող գործողությունների մասին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը պնդեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բոլոր քաղաքական քայլերի հետևում ընկած է մեկ հիմնական նպատակ՝ ճնշում գործադրել հայաստանյան քաղաքական գործիչների վրա՝ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջած սահմանադրությունն ընդունելու համար»։
Անդրադառնալով Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը և ֆինանսական չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներին՝ Նարեկ Կարապետյանը նշեց, որ անհնար է չարաշահում կամ հափշտակություն կատարել սեփական 100% բաժնեմասով ընկերությունում, քանի որ դա հավասարազոր է սեփական միջոցները մեկ գրպանից մյուսը տեղափոխելուն։
Նա նաև տեղեկացրեց, որ 100-ից ավելի եվրոպացի պատգամավորներին պատրաստվում են ստեղծված իրավիճակի վերաբերյալ պաշտոնական դիմում-նամակ ներկայացնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան