Գանձակի ձկնաբուծարանում ապօրինի ջրառ է իրականացվել (PAN.am)

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Գանձակ բնակավայրում գործող ձկնաբուծարանում ապօրինի ջրառի դեպք է արձանագրել։ Հայտնաբերված խախտումների վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։

Տեսուչները ստուգումներ են իրականացրել Գեղարքունիքի մարզի Գանձակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Միավար» ՍՊԸ-ին պատկանող ձկնաբուծական տնտեսությունում։

Վերահսկողական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը ձկնաբուծական գործունեության համար ջուր է վերցրել երկու խորքային հորերից՝ չունենալով ջրօգտագործման համապատասխան թույլտվություն։

Տեսչական մարմնի արձանագրած տվյալներով՝ այդ եղանակով ընկերությունն ապօրինի օգտագործել է ընդհանուր 1 միլիոն 369 հազար 681 խորանարդ մետր ստորերկրյա ջուր։

Մասնագետները հաշվարկել են նաև ջրային ռեսուրսներին պատճառված վնասի չափը, որը կազմել է 12 միլիոն 327 հազար 129 դրամ։

Հայտնաբերված խախտումների հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը որոշում է ընդունել դադարեցնելու ձկնաբուծարանի երկու խորքային հորերի շահագործումը։

Leave a comment