Ուշիի վթարից տուժած 3 անձանցից 1-ը բեռնատարի վարորդն է (PAN.am)

Երևան–Վանաձոր ավտոճանապարհին` Ուշիի ոլորաններում, ողբերգական ավտովթարից տուժած 3 քաղաքացիներն էլ շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, վիրաբույժ Աշոտ Կուրղինյանը։

Բժիշկը տեղեկացրել է, որ տուժածներից մեկը բեռնատարի վարորդն է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է Sputnik Արմենիան:

«Նրա մոտ գանգի և դիմային ոսկրերի կոտրվածք կա, կրծքավանդակի վնասվածք, կողերի կոտրվածք, պնևմոթորաքս, և վիճակի ծանրությունը նաև կապված է հենց թոքերի հետ։ Նա դեռ կմնա ռեանիմացիոն բաժանմունքում»,–ասել է Կուրղինյանը։

Վիրաբույժը հայտնել է, որ մյուս երկու տուժածները նույնպես շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, սակայն նրանց առողջական վիճակներն ու ստացած վնասվածքները տարբեր են։

Վիրավորներից մեկի մոտ ախտորոշվել է ձախ ազդոսկրի կոտրվածք։ Նա նախորդ օրը վիրահատվել է, և ներկայում նրա առողջական վիճակը համեմատաբար ավելի բարվոք է գնահատվում։

«Հնարավոր է` նա այսօր տեղափոխվի ընդհանուր տրավմատոլոգիայի բաժանմունք»,– նշել է բժիշկը։

Երրորդ տուժածի մոտ արձանագրվել է ներքին արյունահոսություն, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել վիրաբուժական միջամտություն իրականացնել։

Աշոտ Կուրղինյանի տեղեկացմամբ՝ բժիշկները վիրահատության ընթացքում հեռացրել են տուժածի փայծաղը։ Նա ևս առայժմ կշարունակի բուժումը վերակենդանացման բաժանմունքում։

Բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալը նաև հայտնել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վնասվածքներ ստացած երեք քաղաքացիներն էլ տղամարդիկ են՝ 30-ից 40 տարեկան։

Ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ ժամը 21։10-ի սահմաններում, Երևան–Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների հատվածում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ճանապարհին բախվել են «Jeep Compass», «Opel Zafira» և «Chevrolet Volt» մակնիշների երեք մարդատար ավտոմեքենաներն ու կցորդով բեռնատարը։ Զոհվել է 9 մարդ, ևս 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նոյեմբերի 4-ի առավոտյան հայտնի են դարձել նաև զոհվածներից մի քանիսի ինքնության վերաբերյալ տեղեկություններ։ Մասնավորապես, ինը զոհերից երեքը եղել են Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչներ՝ 50 տարեկանից բարձր ամուսնական զույգ և նրանց 18-ամյա որդին։

Leave a comment