«Բազմաթիվ միջազգային կառույցներ միլիոնավոր դոլարներ են տրամադրում Հայաստանին՝ ուժային կառույցներում բարեփոխումներ իրականացնելու համար, այդ թվում՝ ՆԳՆ-ում։ Բայց այդ նույն միջազգային կառույցները, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններն այս ընտրություններում արձանագրել են պետական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր և ահազանգ են հնչեցրել։ Ինչպե՞ս է լինում, որ ինչքան բարեփոխումների ուղղությամբ գումարի չափն ավելանում է, այնքան արդյունքը վատանում է»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Արփինե Սարգսյանը հարցին հարցով պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ դուք կոնկրետ որ պրոցեսը նկատի ունեք, որ ասում եք՝ վիճակն ավելի է վատացել»։
Այնուհետև հավելեց․ «Ես առիթ ունեցել եմ անդրադառնալու ընտրական պրոցեսին և հստակ ասել եմ, որ ՆԳՆ համար տարբերություն չկա, թե որ թևի մասին է խոսքը, և եթե կա հանցագործության կամ վարչական իրավախախտման ազդակ, դրանք բոլորն արձանագրվել են։ Եթե ես մտաբերեմ այդ քրեական վարույթները, օրինակ, իշխանական թևից կաշառք տալու-ստանալու դրվագ ես չեմ մտաբերում։ Բայց ընդդիմադիր թևից նմանատիպ տարբեր դրվագներ բազմաթիվ են։ Մենք գտել ենք այդ փաստերը, օպերատիվ հետախուզական մարմինների համար տարբերություն չկա, թե որ թևին կվերաբերեն փաստերը, մենք գտել ենք փաստերը, ընթացքավորել ենք։ Դուք ունեք փաստ մեկ այլ բանի մասին, հաղորդում տվեք, այդ հաղորդումը վայրկյանական կուղարկեմ նախաքննական մարմին»։
«Տիկին Սարգսյան, ես հասկանում եմ, որ դուք հիմա փորձում եք իշխանություններին իրավունքների պաշտպանությամբ զբաղվել և անդադար փորձ եք անում սլաքներն ուղղել ընդդիմության վրա։ Դուք փորձելու եք անգամ Հայաստանում կուսակցական գործունեությունը քրեականացնել, դրան է տանում ամեն ինչ։ Ակնհայտ է, որ դուք իշխանության շահերն եք սպասարկում»,- արձագանքեց Իրինա Յոլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ոստիկանությունն այսօր, առավել քան երբևէ, զերծ է քաղաքականությունից։ Ես կարևորում եմ բովանդակությունը, այլ ոչ թե քաղաքական գնահատականները։ Բովանդակային առումով ոստիկանությունը ռեֆորմների արդյունքում առավել քան երբևէ զերծ է քաղաքականությունից»,- հայտարարեց Արփինե Սարգսյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: