Համացանցում շարունակում են քննարկել Աննա Հակոբյանի վերջին հարցազրույցը հանրային գործիչ Սամվել Աշոտյանի հետ։
Ուշագրավ է, որ ընտանեկան բռնության դեմ արշավ սկսած Աննա Հակոբյանը փոդքասթի ընթացքում ընդհատել է հաղորդավարին, երբ վերջինս փորձել է ներկայացնել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ ադրբեջանցի զինծառայողների կողմից բռնության ենթարկված և դաժանաբար խոշտանգված հայ կին զինծառայող Անուշ Ապետյանի պատմությունը։
«Ես զրո տիրապետություն ունեմ այդ դեպքի մասին։ Հիմա այդ ամբողջը նորից կարդալը չի՞ վիրավորում ձեր պետական արժանապատվությանը»,- ասել է Աննա Հակոբյանը։
Ո՞վ էր Անուշ Ապետյանը, և ինչո՞ւ նրա պատմությունն անծանոթ է վարչապետի տիկնոջը։
Անուշ Ապետյանը 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի զոհ դարձած հայ կին զինծառայողներից մեկն էր։ Նա իր կյանքը նվիրել էր հայրենիքին՝ զինվորական ծառայության անցնելով 44-օրյա պատերազմից հետո։
Անուշը ծնվել էր Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում։ Նրան ճանաչողները հիշում են որպես ընկերասեր, ուրախ, ժպտերես և իր գործին նվիրված կնոջ։ Մրգաշատի վարչական ղեկավար Մարատ Հովհաննիսյանը MediaHub-ի հետ զրույցում պատմել է, որ 44-օրյա պատերազմից հետո Անուշը որոշել էր պայմանագրային զինծառայության անցնել։
«Անուշը երեք երեխա ունի՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Աղջիկներն ուսանում են Երևանում, տղան ապրում է գյուղում, արդեն զորակոչային տարիքի է։ Երեխաները գտնվում են մոր ծնողների խնամքի ներքո։ Մայրը նպատակ ուներ երեխաներին հասցնել իրենց նպատակներին։ Բայց երկու տարին դեռ չէր լրացել, երբ սկսվեց պատերազմը, և Անուշը զոհվեց։ Նա հուղարկավորվել է հայրենի Մրգաշատում»,- ասել է Մարատ Հովհաննիսյանը։
Անուշի վերջին զանգը սեպտեմբերի 12-ին էր։ Եղբոր ծննդյան օրվա առթիվ նա զանգահարել և շնորհավորել էր նրան։ Նույն գիշերը սկսվեց ադրբեջանական ագրեսիան։ Անուշի վերջին մարտը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր՝ Ջերմուկի ուղղությամբ։
Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման ընթացքում Անուշ Ապետյանը, ավելի քան տասը հայ զինծառայողների հետ, ողջ-ողջ գերեվարվել է։
Ավելի ուշ Telegram-ում տարածվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված հայ կնոջ խոշտանգումների և անդամահատման տեսանյութը։ Հետագայում պարզվել է, որ տեսանյութում պատկերված կինը Անուշ Ապետյանն է։ Ադրբեջանցի զինծառայողներն անասելի դաժան վերաբերմունք են ցուցաբերել գերեվարված կնոջ նկատմամբ։ Նրան խոշտանգել են, անդամահատել, կտրել ոտքերը, առնվազն մեկ մատը դրել բերանը, իսկ աչքը հեռացրել և դրա տեղում քար տեղադրել։ Այդ ամենն իրականացվել է ադրբեջանցի զինծառայողների ներկայությամբ, որոնք ծաղրել ու զվարճացել են կնոջ տառապանքների հաշվին։
Անուշ Ապետյանի պատմությունը պարզապես 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի դաժան դրվագներից մեկը չէ։ Դա հայ կնոջ, մոր և զինծառայողի ճակատագիր է, որի նկատմամբ կատարված վայրագությունները դարձել են ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների հանդեպ իրականացված անմարդկային վերաբերմունքի խորհրդանիշներից մեկը։
Գուցե Անուշ Ապետյանի պատմությունը վերընթերցելը ցավալի է, գուցե այն իսկապես ծանր է լսել, բայց պետական արժանապատվության հարցը ոչ թե այդ պատմությունից խուսափելն է, այլ այն չմոռանալը, զոհերի անունները հիշատակելը և կատարվածի համար արդարություն պահանջելը։
Հունան Թադևոսյան