Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր, ամերիկացի միլիարդատեր Թոդ Բոելին ձեռք է բերում ռուսական «Լուկօյլ» նավթային ընկերության սառեցված բաժնետոմսերը դրանք ընկերության ակտիվների հետ փոխանակելու նպատակով․ այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելով վաճառքի գործընթացին քաջատեղյակ չորս աղբյուրների
Բոելիի գլխավորած կոնսորցիումը (ով համաներդրողների հետ միասին 2022 թվականին Ռոման Աբրամովիչից գնել էր «Չելսի» ֆուտբոլային ակումբը) նախապատրաստում է գործարք՝ «Լուկօյլ»-ի բաժնետոմսերը ընկերության միջազգային ակտիվների հետ փոխանակելու համար։
Թեև Դոնալդ Թրամփի վարչակազմը նախկինում արգելափակել էր նմանատիպ գործարքի իրականացումը, Բոելիին հաջողվել է համաձայնեցնել մի կառուցվածք, որը երաշխավորում է, որ ռուսական ընկերությունը որևէ օգուտ չի ստանա Ուկրաինայում պատերազմի շարունակման ընթացքում։ Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։
Աղբյուրները հայտնել են, որ կոնսորցիումի անունից հանդես եկող բանկը ձեռք է բերել «Լուկօյլ»-ի բաժնետոմսերը մեկ տասնյակից ավելի ամերիկյան և բրիտանական ներդրումային հիմնադրամներից, ինչպես նաև ամերիկյան պահառու բանկերից, որոնք այդ բաժնետոմսերը պահում էին մասնավոր ներդրողների անունից։
Արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո (ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման)՝ այդ բաժնետոմսերը սառեցվել, իսկ հետագայում հիմնադրամների կողմից դուրս էին գրվել։ Ըստ աղբյուրների՝ կոնսորցիումը արժեթղթերը ձեռք է բերել 70% զեղչով։
Գործարքը չի ենթադրում դրամական վճարումներ. փոխարենը, այն կիրականացվի ձեռք բերված բաժնետոմսերը «Լուկօյլ»-ի միջազգային ակտիվների հետ փոխանակելու միջոցով, որոնք գնահատվում են ավելի քան 20 միլիարդ դոլար։ Դրանք ներառում են նավթի և գազի մոտ 3 միլիարդ բարել հաստատված և հավանական պաշարներ, մասնաբաժիններ հանքավայրերում, որոնցում օրական միջին արդյունահանումը կազմում է մոտ 250 000 բարել, նավթավերամշակման գործարաններ Բուլղարիայում և Ռումինիայում, ինչպես նաև 45% մասնաբաժին նիդերլանդական նավթավերամշակման գործարանում և բենզալցակայանների ցանցեր Եվրոպայում ու Միացյալ Նահանգներում։
Կոնսորցիումի կազմում են Մայամիում գործարար Բոելին, ով բաժնեմասեր ունի Լոս Անջելեսի «Դոջերս» և «Լեյքերս» մարզական թիմերում, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններից ներդրողներ՝ «International Holding Company»-ն (IHC) և «Al Hail Holding»-ը։ Հայտին աջակցում են նաև սիրիա-քաթարական ծագում ունեցող Ալ-Խայաթ եղբայրները և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիան (DFC)։
Բոելիի ներկայացուցիչները չեն արձագանքել մեկնաբանություն ստանալու բազմակի հարցումներին։ IHC-ի խոսնակը հայտնել է, որ ընկերությունը չի մեկնաբանում հնարավոր ներդրումային գործունեությունը։ «Al Hail»-ը, Ալ-Խայաթ եղբայրները և ԱՄՆ DFC-ն նույնպես չեն արձագանքել մեկնաբանության խնդրանքներին։ «Լուկօյլ»-ը անմիջապես չի արձագանքել մեկնաբանություն ստանալու հարցմանը։