Մոնակոյում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի հետ։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում հակադոպինգային ենթակառուցվածքների զարգացման, դպրոցական կրթական ծրագրերում հակադոպինգային կրթության ներառման և 2027 թվականին նախատեսվող միջազգային սպորտային մրցաշարերի կազմակերպման հարցերը։ WADA-ի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել փորձագիտական և խորհրդատվական աջակցություն տրամադրել Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման ուղղությամբ։
ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունը՝ ստորև․
Մոնակոյի Իշխանապետությունում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեխոտայի հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար՝ բարձր գնահատելով գործակալության աջակցությունը Հայաստանին։
Ժաննա Անդրեասյանը Օլիվիե Նիգլիին ներկայացրել է 2027 թվականին Հայաստանում նախատեսվող միջազգային սպորտային մրցաշարերը՝ կարևորելով գործակալության աջակցությունը WADA-ի պահանջներին համապատասխան անհրաժեշտ գործընթացները պատշաճ և բարձր մակարդակով կազմակերպելու գործում։
Գործակալության ներկայացուցիչների հետ քննարկվել են հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես հակադոպինգային կրթության բաղադրիչը դպրոցական կրթական ծրագրերում ներառելու ուղղությամբ։ Կարևորվել է հակադոպինգային գործակալության գործունեության, դոպինգի կանխարգելման և ոլորտային գիտելիքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը՝ սկսած դպրոցական տարիքից։
Այս համատեքստում նախարարը ներկայացրել է Հայաստանի դպրոցներում ներդրված «Առողջ ապրելակերպ» կրթական ծրագիրը, անդրադարձ է կատարվել Հայաստանում հակադոպինգային գործունեության իրականացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը։
Գործակալության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանին՝ միջազգային չափանիշներին համապատասխան լիցենզավորված լաբորատորիաների ստեղծման և համապատասխան հետազոտությունների անցկացման ուղղությամբ փորձագիտական և խորհրդատվական աջակցության տրամադրման հարցում։
Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների համաժողովին մասնակցում են նաև Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը և ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արփինե Գևորգյանը։