Հաջողակ գործադիր տնօրեն (CEO) լինելն ինքնաբերաբար մարդուն լրատվամիջոցների հիանալի խոսնակ չի դարձնում։ Հեղինակը, ով մարզել է ֆինանսական և այլ մասնագիտական ոլորտների բազմաթիվ ղեկավարների, նշում է, որ նրանցից շատերը վստահորեն ղեկավարում են կազմակերպություններ, հաղթահարում բարդ մարտահրավերներ և վարում խորհրդակցություններ, սակայն դժվարանում են արդյունավետ հաղորդակցվել լրագրողների հետ, գրում է Entrepreneur-ը։
Նույնիսկ ամենափորձառու ղեկավարները կարող են վնասել իրենց հեղինակությանը՝ չափազանց շատ խոսելով, անհիմն պնդումներ անելով կամ հարցազրույցը վաճառքի առաջարկի վերածելով։ Բարեբախտաբար, այս սխալներից կարելի է խուսափել։ Ահա այն յոթ վրիպումները, որոնք ամենից հաճախ են հանդիպում, և դրանք կանխելու եղանակները․
1. Կարծել, թե պետք է ամեն ինչի մասնագետ լինել
Ղեկավարների ամենամեծ թյուրընկալումներից մեկն այն է, թե իրենք պարտավոր են պատասխանել լրագրողի տված յուրաքանչյուր հարցին։ Դա այդպես չէ։ Նույնիսկ եթե հարցը վերաբերում է տվյալ ոլորտին, այն կարող է դուրս լինել ղեկավարի նեղ մասնագիտական տիրույթից։
Ենթադրություններ անելու փոխարեն ավելի ճիշտ է ասել․ «Ես լավագույն թեկնածուն չեմ դրան պատասխանելու համար, բայց կարող եմ ձեզ կապել համապատասխան մասնագետի հետ» կամ «Դա դուրս է իմ մասնագիտական ոլորտից, սակայն կարող եմ ասել հետևյալը…»։ Լրագրողները չեն ակնկալում, որ խոսնակն անթերի տիրապետի ամեն ինչի․ նրանք ակնկալում են, որ նա հստակ իմանա այն, ինչի մասին խոսում է։ Իհարկե, ենթադրություններից հրաժարվելը չի նշանակում խուսափել բիզնեսին առնչվող տեղին ու բարդ հարցերից։
2. Չափազանց երկար խոսելը՝ նախքան բուն նյութին անցնելը
Լրագրողը տալիս է պարզ հարց, իսկ գործադիր տնօրենը սկսում է հինգ րոպեանոց բացատրություն՝ լի նախապատմությամբ, վերապահումներով և ավելորդ մանրամասներով։ Մինչև խոսնակը կհասնի բուն ասելիքին, լրագրողը կարող է կորցնել հետաքրքրությունը կամ սպառել հատկացված ժամանակը։
Փորձագետի խորհուրդն է՝ սկսել ամենակարևորից (վերնագրից)։ Անհրաժեշտ է պատասխանել հարցին ուղղակիորեն՝ մեկ կամ երկու նախադասությամբ, ապա դադար առնել։ Եթե լրագրողը ցանկանա մանրամասներ, կարելի է ներկայացնել դեպք կամ համոզիչ օրինակ, որը բացատրում է ներկայացված տեսակետը։ Լրագրողները սիրում են պատմություններ, բայց պետք չէ թաղել հիմնական ուղերձը բացատրությունների շերտերի տակ։ Եթե լրագրողը հիշելու է միայն մեկ նախադասություն, ապա դա պետք է լինի հենց ամենակարևորը։
3. Երեք հիմնական ուղերձ չնախապատրաստելը
Յուրաքանչյուր հարցազրույցից առաջ հեղինակն իր հաճախորդներին մարզում է՝ առանձնացնելու երեք հիմնական ուղերձ, որոնք նրանք ցանկանում են հաղորդել։ Ո՛չ 10, ո՛չ 15, այլ ընդամենը երեքը։ Դրանք կարող են վերաբերել բիզնեսին, փորձառությանը, ապրանքին կամ քննարկվող խնդրին։
Ղեկավարը պետք է հարցնի ինքն իրեն․ եթե իր ասածներից հոդվածում հայտնվեն միայն երեքը, որո՞նք պետք է լինեն դրանք։ Նույնիսկ եթե լրագրողը զանգահարում է անսպասելիորեն, լիովին ընդունելի է հարցնել․ «Կարո՞ղ եմ ձեզ հետ զանգահարել 5 րոպեից»։ Այդ ժամանակը պետք է օգտագործել մտքերը կազմակերպելու համար (եթե, ապահարկե, լրագրողի վերջնաժամկետը դա թույլ է տալիս)։
Պետք չէ վախենալ զրույցի ընթացքում բնականոն կերպով ընդգծել այդ կարևոր ուղերձները։ Նախապատրաստվել չի նշանակում սցենարն անգիր անել․ դա նշանակում է նախապես հստակ իմանալ, թե ինչն է առանցքային։
4. Մասնագիտական ժարգոնի օգտագործումը և լրագրողին թերագնահատելը
Ֆինանսական ծառայությունները, առողջապահությունը, կենսատեխնոլոգիաները և այլ մասնագիտացված ոլորտներ լի են հապավումներով, վերապահումներով և տեխնիկական տերմինաբանությամբ։ Սակայն այն, որ որևէ տերմին ծանոթ է ղեկավարին, չի նշանակում, թե լրագրողը հասկանում է այն։
Հեղինակը խրախուսում է ղեկավարներին բարդ հասկացությունները բացատրել այնպես, կարծես խոսում են ընտանիքի անդամի հետ ճաշի սեղանի շուրջ։ Եթե մայրը, տատիկը կամ 10-ամյա երեխան չեն կարող հասկանալ միտքը, ապա այն պետք է պարզեցնել։
Միևնույն ժամանակ, լրագրողի՝ ոլորտային տերմիններին չտիրապետելը պետք չէ շփոթել անբավարար գիտելիքների հետ։ Լրագրողները լուսաբանում են բազմաթիվ թեմաներ՝ հաճախ սեղմ ժամկետներում։ Հարցը, որը փորձագետին ակնհայտ է թվացել, կարող է լինել հենց այն, ինչի պատասխանն անհրաժեշտ է ընթերցողներին։ Ղեկավարն է թեմայի փորձագետը, ուստի նա պետք է օգնի լրագրողին ընկալել այն։
5. Հարցազրույցը գովազդային առաջարկի վերածելը
Մեդիա հարցազրույցը վաճառքի ներկայացում (pitch) չէ։ Լրագրողները հարցազրույց չեն վերցնում լսելու համար, թե որքան հրաշալի է տվյալ ընկերությունը։ Նրանք փնտրում են տեղեկատվություն, տեսակետներ և վերլուծություններ, որոնք կօգնեն իրենց հետաքրքիր պատմություն կառուցել։
«Մենք ոլորտի լավագույնն ենք» կամ «Մեր ընկերությունն առաջարկում է անգերազանցելի ծառայություններ» տիպի հայտարարություններն օգտակար չեն։ Չափազանցված ինքնագովազդը կարող է ակնթարթորեն խաթարել խոսնակի հեղինակությունը։
Փոխարենը՝ ավելի լավ է կիսվել ինքնատիպ մտքով, բացատրել ձևավորվող միտումները, առաջարկել այլընտրանքային տեսակետ կամ բերել իրական կյանքից օրինակներ։ Կարելի է ներկայացնել համառոտ տեղեկություն ընկերության մասին, բայց պետք չէ շեղել զրույցի ընթացքը գովազդի պատճառով։
Լավագույն խոսնակներն օգնում են լրագրողին ավելի հարուստ նյութ պատրաստել, այլ ոչ թե կենտրոնանում են սեփական ընկերության գովազդման վրա։
6. Անհիմն պնդումներ անելը
Անհիմն վիճակագրությունը, չափազանցված պնդումները և չափազանց վստահ կանխատեսումները կարող են արագորեն վնասել ղեկավարի հեղինակությանը, հատկապես ֆինանսական շուկաների, տնտեսական պայմանների կամ այլ բարդ թեմաների քննարկման ժամանակ, որտեղ կանխատեսումներն ըստ էության անորոշ են։
Եթե խոսնակը վկայակոչում է որևէ վիճակագրություն, նա պետք է հստակ իմանա դրա աղբյուրը և պատրաստ լինի նշելու այն։ Կանխատեսում անելիս անհրաժեշտ է սահմանազատել անձնական կարծիքը հաստատված փաստերից։ Իսկ պատասխանը չիմանալու դեպքում ավելի ճիշտ է ազնվորեն ընդունել դա․ «Այս պահին ձեռքի տակ չունեմ այդ թվերը, բայց կարող եմ ճշտել և ավելի ուշ տրամադրել»։
Լրագրողները հիշում են այն աղբյուրները, որոնց կարող են վստահել։ Պետք չէ նրանց պատճառ տալ՝ խոսնակի հավաստիությունը կասկածի տակ դնելու համար։
7. Մոռանալը, որ յուրաքանչյուր խոսք կարող է հրապարակվել
Լրագրողի հետ խոսելիս միշտ պետք է ենթադրել, որ զրույցը ձայնագրվում է։ Դա վերաբերում է նաև պատահական դիտողություններին, անփույթ մեկնաբանություններին և այլ խոսքերին, որոնք ասվել են պաշտոնական հարցազրույցից առաջ կամ հետո։
Հեղինակը խստորեն զգուշացնում է ղեկավարներին չարաշահել «ոչ հրապարակային» (off the record) հայտարարությունները։ Շատերը սխալ են հասկանում դրա իմաստը կամ կարծում են, թե կարող են միտքն արտահայտելուց հետո միայն ասել, որ դա «ոչ հրապարակային» էր։ Դա այդպես չէ։ Նման պայմանավորվածությունները պահանջում են երկկողմանի նախնական համաձայնություն, և հեղինակը սովորաբար խորհուրդ է տալիս խուսափել դրանցից, եթե չկա հույժ կարևոր պատճառ և հստակ սահմանված պայմաններ։
Ամենաապահով մոտեցումը պարզ է․ լրագրողին չպետք է ասել որևէ բան, ինչը անհարմար կլինի տեսնել տպագրված կամ հանրայնորեն հնչեցված։
Լավագույն հարցազրույցները զրույցներ են, այլ ոչ թե ելույթներ
Հաջողված մեդիա հարցազրույցի նպատակը սեփական ինտելեկտը ցուցադրելը, յուրաքանչյուր հարցի անթերի պատասխանելը կամ սեփական բիզնեսն առաջ մղելու առիթներ փնտրելը չէ։ Նպատակն է լինել վստահելի, իրազեկ և օգտակար աղբյուր։
Լավագույն խոսնակները նախապատրաստվում են առանց արհեստական հնչելու, առաջարկում են արժեքավոր գաղափարներ՝ ինքնագովազդի փոխարեն, և գիտեն, թե երբ է պետք կանգ առնել։ Ի վերջո, մեջբերելի լինել չի նշանակում շատ խոսել․ դա նշանակում է ունենալ բովանդակալից ասելիք և իմանալ, թե ինչպես այն ձևակերպել հստակ ու պարզ։