ԱՄՆ-ում կայացած միջանկյալ ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։ Սենատում դեմոկրատները կստանան առնվազն 54 մանդատ՝ հաղթանակ տանելով, ի թիվս այլ նահանգների, Տեխասում և Կանզասում, որտեղ տասնամյակներ շարունակ հաղթել են հանրապետականները։ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո Սենատի 100 տեղերից առնվազն 54-ը կանցնեն դեմոկրատների վերահսկողության տակ։
Դեմոկրատներին հաջողվել է հաղթանակ տանել ոչ միայն տատանվող նահանգների մեծ մասում, այլև մի շարք նահանգներում, որոնք մինչև 2026 թվականի նոյեմբերի 3-ը համարվում էին հանրապետականների աջակցության հենակետեր։
Այսպես, Տեխասում դեմոկրատ Ջեյմս Տալարիկոն հաղթել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը վայելող հանրապետական Քեն Փաքսթոնին։ Սա 1988 թվականից ի վեր Տեխասից Սենատի տեղի համար պայքարում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցչի առաջին հաղթանակն է։ Տալարիկոյի օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 53 տոկոսը, իսկ Փաքսթոնին աջակցել է շուրջ 44 տոկոսը։ 2024 թվականի նախագահական ընտրություններում Թրամփն այս նահանգում 14 տոկոսային կետով առաջ էր անցել դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսից։
Կանզասում դեմոկրատ Ադամ Հեմիլթոնը հաղթել է գործող հանրապետական սենատոր Ռոջեր Մարշալին՝ ստանալով ձայների ավելի քան 50 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցը հավաքել է 46 տոկոսը։
Դեմոկրատներին չէր հաջողվել հաղթել Կանզասից Սենատի տեղի համար պայքարում 1932 թվականից ի վեր։ Այսինքն՝ 94 տարի շարունակ Կոնգրեսի վերին պալատում նահանգը ներկայացրել են հանրապետականները։ 2024 թվականի նախագահական ընտրություններում Թրամփն այս նահանգում 16 տոկոսային կետով առաջ էր անցել Հարիսից։
Հարավային Կարոլինայում դեմոկրատ թեկնածու Էննի Էնդրյուսը վերջ է դրել 28-ամյա ընդմիջմանը՝ 1998 թվականին Ֆրից Հոլինգսի վերընտրվելուց ի վեր առաջին անգամ ապահովելով հաղթանակ դեմոկրատների համար Սենատի ընտրություններում։
Ռոյ Կուպերը վերջ է դրել 18-ամյա ընդմիջմանը։ 2008 թվականին Քեյ Հեյգանը վերջին դեմոկրատն էր, որն ընտրվել էր Հյուսիսային Կարոլինայից ԱՄՆ Սենատի անդամ։
Ջոշ Տուրեքի հաղթանակն էլ դարձել է Սենատի ընտրություններում Այովա նահանգում դեմոկրատների առաջին հաղթանակը 2008թ-ին Թոմ Հարկինի վերընտրվելուց ի վեր։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի