Գյումրու ռազմաբազայում նշեցին Ռուսաստանի Ժողովրդական միասնության օրը

Բաժանորդագրվել

Տոնական արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով:

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում այսօր հնչեցին Ռուսաստանի և Հայաստանի պետական օրհներգերը: Շքերթային համազգեստով զինծառայողները շարվեցին շարահրապարակում՝ Ռուսաստանի Ժողովրդական միասնության օրվա կապակցությամբ:

Բարձրաստիճան հյուրերի և բազայի հրամանատարների հանդիսավոր ելույթներից առաջ սպաներն ու զինվորները հանեցին գլխարկները և հրացանների համազարկերի ներքո հարգեցին զոհված ծառայակիցների հիշատակը:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի ելույթից հետո կայացավ պարգևների հանդիսավոր հանձնումը: Ռազմաբազայի զինծառայողները ստացան Արիության շքանշաններ, «Արիության համար» և Սուվորովի անվան մեդալներ, ինչպես նաև պատվոգրեր և հերթական զինվորական կոչումներ:

Տոնական արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով: Շարասյուների անցմանը հարթակից հետևում էին Հայաստանում Չինաստանի և Բելառուսի ռազմական կցորդները:

Հյուրերը ներկա գտնվեցին նաև բազայի տարածքում գտնվող ուղղափառ տաճարում մատուցված աղոթքին, վրանում համտեսեցին խոզաճարպով զինվորական շիլա և թեյ, դիտեցին ժամանակակից սպառազինության նմուշները, որոնց թվում էին նաև օդային և ցամաքային (թրթուրավոր) անօդաչու սարքեր: Տոնական հանդիսություններից անմիջապես հետո բազայի գլխավոր շարահրապարակում վերսկսվեց ծառայողական առօրյան։ Կայացավ նորակոչիկների երդման արարողություն:

Leave a comment