Նոր անձնագրերի համար գրանցվել եք, բայց QR կոդ չե՞ք ստացել․ պարզաբանում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նոր կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համար առցանց նախագրանցումից հետո QR կոդերի ստացման ուշացումները պայմանավորված են քաղաքացիների անձնական տվյալների լրացուցիչ ստուգման անհրաժեշտությամբ։
Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն՝ անդրադառնալով քաղաքացիների բողոքներին, որ վճարումն ու նախագրանցումն իրականացնելուց հետո չեն ստանում հաստատման ծանուցումը։
«Որևէ գումար դեռ չի կորել, չի էլ կորի», – վստահեցրել է Դավթյանը։
Նրա խոսքով՝ նախագրանցման հաստատումից հետո քաղաքացին էլեկտրոնային փոստով պետք է ստանա QR կոդ պարունակող ստացական։ Սակայն այն կարող է ուղարկվել որոշակի ուշացումով, քանի որ տվյալների ստուգման գործընթացը դեռ ամբողջությամբ ավտոմատացված չէ։
Մասնավորապես, համապատասխան աշխատակիցները ձեռքով համեմատում են դիմողի տվյալները բնակչության պետական ռեգիստրում առկա տեղեկությունների հետ։
«Երբեք չի եղել, որ այդ կոդը քաղաքացին չստանա մինչև իր վերցրած սպասարկման ժամը», – նշել է Դավթյանը։
Միաժամանակ նա ընդունել է, որ անհրաժեշտ է քաղաքացիներին ավելի հստակ տեղեկացնել QR կոդի տրամադրման ժամկետների մասին, որպեսզի նրանք չակնկալեն ստանալ այն նախագրանցումից անմիջապես հետո։
«Մենք ունենք այստեղ խնդիր՝ ծանուցելու անձանց, որ չսպասեն կոդին վայրկենական, այլ մինչև սպասարկման պահն այդ ստացականը լինելու է», – ասել է նա։
Տեխնիկական խնդիրների մասին
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետն անդրադարձել է նաև նոր համակարգի գործարկման առաջին օրերին արձանագրված տեխնիկական խնդիրներին։
Նրա խոսքով՝ առանձին խափանումներ իսկապես կարող էին առաջանալ, սակայն մասնագետները դրանք արագ շտկել են։
Մասնավորապես, խնդիր էր հայտնաբերվել Apple սարքերով, այդ թվում՝ MacBook համակարգիչներով, խիստ էլեկտրոնային նույնականացման գործընթացն անցնելու ժամանակ։
Դավթյանի տեղեկացմամբ՝ այդ խնդիրն արդեն լուծված է։
Նա նշել է, որ նույնիսկ երկարատև և բազմաշերտ նախնական թեստավորումների դեպքում հնարավոր չէ կանխատեսել նման մասշտաբի համակարգի գործարկման բոլոր իրավիճակները։
Դավթյանի խոսքով՝ մասնագիտական թիմերն աշխատում են առաջացող խնդիրները հնարավորինս օպերատիվ լուծելու ուղղությամբ։
Նոր կենսաչափական համակարգի մասին
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանում գործում է կենսաչափական անձնագրերի և ID-քարտերի ձևակերպման նոր համակարգ: Մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին, երևանյան «Երևան Մոլ»-ում բացվել է HayPass սպասարկման առաջին կենտրոնը:
Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում: Սկզբնական փուլում նախատեսված է 14 սպասարկման կենտրոնների աշխատանք, այդ թվում՝ երկուսը Երևանում, հետագայում դրանց թիվը հասցնելով 23-ի:
Կենսաչափական անձնագրի արժեքը կազմում է 28 650 դրամ, ID-քարտինը՝ 5 950 դրամ: Փաստաթղթերի տրամադրման ժամկետը 14 աշխատանքային օր է: Ավելի վաղ տրված անձնագրերն ու ID-քարտերը մնում են վավերական մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: