Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին ի պատասխան անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարներին։
«Մենք առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն ենք բերելու ԱԺ, այն տրամաբանությամբ, որ մինչև վարորդական վկայական ստանալու համար քննության մասնակցելն` անձը պարտադիր պիտի մասնակցի կրթական պրոցեսի, որպեսզի կարողանա բավարար գիտելիքների ու հմտությունների պաշար ունենալ՝ մինչև մասնակցելը տեսական և գործնական քննության։ Դուք կարող եք ինձ հակադարձել, թե ինչու ենք ֆինանսական բեռ դնում անձանց վրա։ Հարգելի գործընկերներ, անվտանգությունը գին ունի։ Եվ անվտանգության գինը կամ պետք է լինի զոհերի կամ վիրավորների տեսքով, կամ մենք բոլորս պետք է պատշաճ ձևով մոտենանք ճանապարհային երթևեկության կանոններին և պատշաճ վարքագիծ դրսևորենք»,- ասաց Արփինե Սարգսյանը։
«Երեկվա Ուշիի դեպքը վարորդական վկայականի և պրոֆեսիոնալիզմի դեպք չէր՝ ճանապարհ և ենթադրում եմ՝ տեխզննման հետևանք»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Արփինե Սարգսյանն ասաց, որ նախնական գնահատականներ ունեն արդեն․ «Շատ նախնական են մեր գնահատականները՝ մեքենայի անսարքության հետ կապված շատ նախնական գնահատական կա, բայց կսպասենք քրեական վարույթի ընթացքին, որպեսզի վստահ լինենք, որ դա է պատճառը»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը, դիմելով Արփինե Սարգսյանին, ասաց․ «Մտածում էի, որ այսօր չեք գա ԱԺ, գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական ներկայացրած կլինեք, որովհետև այն նախարարությունը, որը պատասխանատու է վարորդական իրավունքի վկայական տալու հարցում, վերահսկում է մեքենաների տեխնիկական ստուգումները, կահավորում է ճանապարհները, վերահսկում է ճանապարհների տեսադիտարկող սարքերը, ոստիկանության հսկայական ծառայողների միջոցով իրականացնում է ճանապարհային անվտանգություն, և մեկ օրում Հայաստանի 9 քաղաքացի է մահանում, այդ ոլորտի նախարարը չի կարող հաջորդ օրը պաշտոնավարել։ Բայց այս կառավարությունում ոնց որ սովորական է դա՝ կարող է Ազատ գյուղի կացարանում միանգամից 15 զինծառայող մահանալ, և նախարարը շարունակի պաշտոնավորել։ Ես կարծում եմ, որ այսօրվա հետևությունը ձեզ համարը մեկը պետք է լիներ և ձեր այս մեծ ձախողումը արձանագրվեր հրաժարականով»։
Արփինե Սարգսյանն ի պատասխան ասաց․ «Դեպքը ողբերգական դեպք է, որևէ մեկը չի վիճարկում դեպքի բովանդակությունը, բայց միևնույն ժամանակ հորդորում եմ, որ տեղյակ լինեք ՆԳՆ մանդատից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: