«Հետք». Այս աղմկահարույց սխեման բացահայտվեց պատահաբար, երբ «Հետքն» ուսումնասիրում էր Freedom House կազմակերպության՝ Հայաստանում 2017 թվականի ժողովրդավարության վիճակի մասին զեկույցը։ Զեկույցում որպես տեղեկատվության աղբյուր նշված էր պատգամավորների գործունեությունը լուսաբանող parliamentmonitoring.am կայքը։ Անցնելով հղումով՝ պարզեցինք, որ կայքն առաջարկում է առցանց խաղատներ ու բուքմեյքերական ծառայություններ։ Մեր հետաքննությունը բացահայտել է, որ սա պատահականություն չէ․ հայկական պետական, լրատվական և մշակութային տասնյակ կայքեր հայտնվել են խաղատներ գովազդող միջազգային ցանցի թիրախում։
Այդ կայքերի թվում են Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Արցախի իրավական տեղեկատվական համակարգի, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքերը ու մի քանի լրատվական և այլ բովանդակությամբ կայքեր։ Այս բոլոր կայքերը ներկայում փոխկապակցված են, և Հայաստանում դրանց առանցքային հանգույցը haykbet․am-ն է։ Վերջինս էլ իր հերթին կապված է միջազգային նմանատիպ ցանցի։
Ո՞վ է սեփականատերը, և ինչպես է ցանցը գործում
Haykbet․am-ի սեփականատերը բուլղարացի գործարար Միրոսլավ Պավլովն է (Miroslav Pavlov)։ .am տիրույթի մյուս կայքերը փոխկապակցված են հենց Haykbet-ին։ Պավլովն այս ոլորտում նորեկ չէ՝ առնվազն 10 տարի։ Հետաքրքիր մի փաստ՝ 2015-ին Պավլովը Quora-ի կայքում հարց էր ուղղել՝ փորձելով պարզել, թե ինչպես կարելի է սերբական (.rs) դոմեն գրանցելիս թաքցնել սեփականատիրոջ իրական տվյալները։
Պավլովի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև հայկական տիրույթի (.am) կայքերը։ Թեև բաց աղբյուրներում Haykbet-ի իրական սեփականատիրոջ տվյալները փակ են, «Հետքի» տրամադրության տակ հայտնված տվյալներով հաստատվում է, որ կայքի հետևում կանգնած է հենց Միրոսլավ Պավլովը։
Haykbet-ին փոխկապակցված կայքերն են՝ andin.am գրական-մշակութային ամսագիրը, nyut.am և haymedia.am լրատվամիջոցները, Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության minfin-nkr.am կայքը, Արցախի իրավական տեղեկատվական համակարգը՝ arlexis.am, Հայաստանի ազգային արխիվի նախկին կայքը՝ armarchives.am-ը, parliamentmonitoring.am-ը, akhic.am-ը, status4ka.am-ը: Այս կայքերից մի քանիսը պարզապես վերաուղղորդում են դեպի haykbet, իսկ մյուս կայքերի բովանդակությունն ամբողջությամբ փոխվել է․ այժմ դրանք առաջարկում են խաղադրույքների տարբեր կայքեր, սակայն դրանցում չկա Haykbet-ի մասին որևէ նշում։
Սակայն Haykbet-ը և նրա անունը չհիշատակող, բայց դեպի խաղադրույքային տարբեր կայքեր հղումներ առաջարկող ձևափոխված կայքերի (.am) կապն ակնհայտ է դառնում, երբ դրանցում սեղմում ենք առաջարկվող խաղադրույքային կայքերի հղումները։ Բացվող խաղադրույքային կայքերի հասցեներում (URL) առկա է sub_id=haykbet.am նշումը։ Երկրորդ ապացույցը այդ հասցեներում affiliate (գործընկերային) նույն ID համարներն են:
Այս սխեմայի նպատակն այն է, որ ձևափոխված կայքի այցելուն սեղմի դեպի առցանց խաղատներ ուղղորդող ակտիվ հղումների վրա և գրանցվի, իսկ ամեն գրանցվող անձից եկամուտ է ստանում ցանցի սեփականատերը․ առցանց խաղատները վճարում են նոր հաճախորդներ ապահովող կայքերին։ Այս տեսակի գործունեության համար կարևոր է այցելուների քանակը։ Հենց այս նպատակով են օգտագործվում նախկինում գոյություն ունեցած կայքերը, քանի որ բազմաթիվ այլ աղբյուրներում հղումներ են արվել դրանց, և այժմ էլ այդ հղումներն ակտիվ են։ Օրինակ՝ եթե փորձեք Վիքիպեդիայում կարդալ Տիգրան Կարապետյանի, Աշոտ Աղաբաբյանի, Մկրտիչ Մինասյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ մասին, ապա հղումներ կտեսնեք դեպի parliamentmonitoring.am կայք։ Նախկինում այդ հղումներով անցնելիս կարող էիք կարդալ Ազգային ժողովի և պատգամավորների մասին տվյալներ, իսկ այժմ այդ կայքն առաջարկում է խաղատներ։
Պավլովը հերքում է իր կապը
Haykbet-ն էլ իր հերթին համաշխարհային ավելի մեծ ցանցի մաս է, որը նույնաբովանդակ կայքեր ունի Բրազիլիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Ռուսաստանում, Մոնղոլիայում և մի շարք այլ երկրներում։
Այս կայքերը միմյանց փոխկապակցված են affiliate նույն ID համարներով, ինչպես հայկական դոմենով կայքերի դեպքում։ Բացի դրանից՝ ցանցի միջազգային կայքերում առկա էր հղումների բաժին՝ «Լավագույն խաղադրույքների կայքերը այլ լեզուներով» նշումով, որտեղ ներառված էր նաև Haykbet-ը։ Թեև այժմ այդ հղումները հեռացված են, դրանց առկայությունն առնվազն մինչև 2026 թվականի մայիս պահպանվել է ինտերնետ արխիվում։
Կայքերի փոխկապակցվածության մասին են վկայում նաև դրանց նույնատիպ դիզայնը, նույնաբովանդակ տեքստերն ու ստեղծման համար կիրառված միևնույն տեխնոլոգիաները։
Պավլովի լինքդինյան էջին մի քանի հարց գրեցինք, նա անմիջապես արձագանքեց՝ կտրականապես հերքելով իր և իր հիմնադրած ընկերության կապը Haykbet-ի հետ։ Պավլովին առավելապես մտահոգում էր այն փաստը, թե ինչպես է հնարավոր եղել բացահայտել իր անունը. «Ես փորձում եմ հասկանալ, թե որտեղ եք տեսել իմ անունը, քանի որ who is գործիքներն օգտագործելիս ցույց է տալիս, որ տվյալները փակ են»,– նշել է Պավլովը։
Պավլովը նամակագրության ընթացքում մի քանի անգամ հերքեց իր կապը խաղատներ գովազդող կայքերի հետ և կրկին հարցրեց, թե որտեղ ենք տեսել իր անունը, ապա ասաց. «Վաղը ես նաև կխորհրդակցեմ իմ իրավաբանական թիմի հետ, քանի որ ինձ դուր չի գալիս, երբ պատահական մարդիկ իմ դեմ կեղծ պնդումներ են տարածում»։
Չնայած Պավլովի հերքումներին՝ դեռ 2019 թվականի նոյեմբերին affiversemedia.com կայքում հրապարակված հարցազրույցում նա ինքն է պատմել իր ծավալուն ցանցի մասին։
Բուլղարացի գործարարը նշել էր, որ ունեն 150-ից ավելի կայքեր տարբեր տարածաշրջաններում՝ առցանց խաղատներ Մեծ Բրիտանիայում, բուքմեյքերական հարթակներ Եվրոպայում և Ասիայում, ինչպես նաև առցանց խաղատներ ու սպորտային խաղադրույքների կայքեր Լատինական Ամերիկայում։
Ճշտող հարցին՝ արդյոք հարցազրույց տվողն ինքն է, Պավլովը չհերքեց․ «․․․վերոնշյալ հոդվածներն ու հղումները հին են, ինչպես կարող եք տեսնել նաև իմ LinkedIn-ից, ես բոլորովին այլ բիզնեսով եմ զբաղվում (խմբ․՝ ֆինանսական ոլորտ)։ Ինչպե՞ս եք 7-8 տարվա հոդվածները կապում Ձեր պնդումների հետ․․․ »։
Սակայն Պավլովի՝ 2019-ին տված հարցազրույցի և parliamentmonitoring.am դոմենի միջև ուղիղ կապ է հաստատվում։ Հարցազրույցում նա հիշատակել է իր հետ կապված baccarat.net և casinoreviews.net կայքերը, որոնցում տեղադրված հղումներով դեպի խաղադրույքների կայքեր անցնելիս վերջիններիս հասցեներում (URL) երևում էնույն affiliate ID համարը, ինչ parliamentmonitoring.am-ի պարագայում։ Սա հերթական ապացույցն է, որ Միրոսլավ Պավլովն առնչություն ունի հայկական դոմեններով գործող այս ցանցի հետ։
Բուլղարիայի առևտրային ռեգիստրի համաձայն՝ նա 2015 թվականին Վառնայում հիմնադրել է Identidem ընկերությունը։ Վերջինս 2017-ին Creative Solutions – BG-ի հետ համատեղ ստեղծել է Perfomalis ընկերությունը։ Perfomalis-ի կայքում նշված է, որ ընկերությունը գործընկերային արշավներ է իրականացնում առցանց խաղատների ու խաղադրույքների, ֆինանսական և այլ ոլորտների համար՝ օգտատերերին կապելով բրենդների հետ։ Այնուամենայնիվ, Haykbet-ի կամ ցանցի մյուս կայքերի մասին հիշատակում չկա։ Perfomalis-ի ներկայիս սեփականատերը Դուբայում գրանցված Hawk Marketing FZE ընկերությունն է, որի տերն է Մեծ Բրիտանիայում բնակվող, Կանադայի քաղաքացի Քևին Բլեյն Բուրժուան, իսկ Միրոսլավ Պավլովը շարունակում է մնալ ընկերության տնօրենների թվում։
Արեն Նազարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: