Ermenihaber. Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվամիջոցում հրապարակվել է Բարչըն Յինանչի «Ի՞նչ է ուզում Բաքուն, ինչո՞ւ է Անկարան լուռ և ի՞նչ է լինելու հիմա» վերնագրով հոդվածը։ Այդտեղ անդրադարձ է արվել հայ-թուրքական սահմանի բացման հարցին Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության համատեքստում։
Հեղինակը նշել է, որ 2009-ի հայ-թուրքական կարգավորման փորձից հետո Բաքուն Թուրքիայում տնտեսական ու քաղաքական մեծ ներդրումներ է իրականացրել՝ նպատակ ունենալով մեծացնել ազդեցությունն իշխանությունների վրա և կանխել առանց իր լիակատար համաձայնության նման նախաձեռնությունների կրկնությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այսօր Թուրքիայում ազդեցիկ լոբբի ունի և նույնիսկ 2023-ի ընտրությունների ժամանակ միջամտել է հօգուտ գործող իշխանությունների։
Հոդվածում ընդգծվել է, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Բաքուն վերանայել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները և այլևս չի ցանկանում Թուրքիայի հետ հարաբերություններում հանդես գալ «սովորողի և ուսուցանվող երկրի» դիրքից։ Միաժամանակ հոդվածում նշվել է, որ Անկարայի զիջողական քայլերին զուգահեռ Ալիևը շարունակում է սրել իրավիճակը։
Անդրադառնալով ստեղծված իրավիճակում Հայաստանի հետ սահմանը բացելու հնարավորությանը՝ հոդվածի հեղինակը նման քայլի համար ներկա պահը համարում է ոչ նպատակահարմար է համարել՝ նշելով, որ այն կարող է լուրջ խզում առաջացնել Բաքվի հետ հարաբերություններում․
«Քանի որ Կովկասում առանց Բաքվի խաղաղություն չի լինի, Անկարայի նման դիրքորոշումը կարող է Բաքվին ավելի կոշտացնել Երևանի նկատմամբ և հետաձգել տարածաշրջանային կայունության նախագծերը»,- կարծիք է հայտնում հեղինակը։
Նրա գնահատմամբ՝ Անկարան պետք է ավելի լավ հասկանա Ադրբեջանի նոր արտաքին քաղաքականությունը, սակայն հետագա սրման դեպքում նաև Ալիևին հասկանալի ձևով հակազդի՝ հարաբերությունները խզման կետի չհասցնելով։ Այլապես Բաքուն կարող է նոր, անվերահսկելի ճգնաժամեր առաջացնել հատկապես ընտրություններին ընդառաջ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: