ՊԵԿ նախագահությամբ անցկացվել է ՍԾՏՀ Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահությամբ անցկացվել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) Մաքսային հարցերով աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը։

Միջոցառմանը ՍԾՏՀ անդամ պետությունների հետ մեկտեղ մասնակցել են նաև Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանի ավտոմոբիլային տրանսպորտի միության (BSEC-URTA) և Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների միության (IRU) ներկայացուցիչները։

Նիստի մեկնարկին մասնակիցները հաստատել են օրակարգը, որից հետո ներկայացվել է ՍԾՏՀ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ մաքսային ոլորտին վերաբերող որոշումների և առաջարկությունների կատարման ընթացքը։

Որպես համակարգող երկիր՝ Հայաստանը ներկայացրել է Մաքսային հարցերով աշխատանքային խմբի 2025 թվականի հուլիսի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։ Ներկայացված ծրագիրն արժանացել է աշխատանքային խմբի հավանությանը։

Քննարկումների ընթացքում անդամ պետությունների ներկայացուցիչները ներկայացրել են տեղեկատվություն մաքսային ոլորտում առկա իրավիճակի և իրականացված բարեփոխումների վերաբերյալ։ Մասնավորապես, անդրադարձ են կատարել մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման և պարզեցման, ապրանքների բացթողման ժամանակի ուսումնասիրության, լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի ներդրման, նորարարական տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի ոլորտում մաքսային գործառնությունների կատարելագործման ուղղություններին։

Նիստի ընթացքում ծավալվել է ակտիվ ու կառուցողական քննարկում՝ ուղղված անդամ պետությունների միջև փորձի փոխանակմանն ու համագործակցության ընդլայնմանը։

Leave a comment