Ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական թեստը հասանելի է․ փոփոխվել է նաև որոշ առարկաների քննությունների ժամանակացույցը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գեներացվել է կամավոր ատեստավորման փորձնական ուսուցողական թեստ, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս ծանոթանալու թեստի կառուցվածքին և այն լրացնելու հիմնական կանոններին:

Փորձնական ուսուցողական թեստը նախատեսված է բոլոր առարկաներ դասավանդող ուսուցիչների համար և չի հետապնդում գիտելիք ստուգելու նպատակ: Հարցերը հատուկ կազմված պարզ օրինակներ են՝ տարբեր առարկաներից։ Դրանք իրական ատեստավորման հարցաշարերից չեն, և արդյունքը պաշտոնական գնահատական չի համարվում։ Թեստը լրացնելու համար գրանցում կամ մուտքի կոդ անհրաժեշտ չէ։

Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների 2026 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցում կատարվել է փոփոխություն։

Մասնավորապես, թղթային եղանակով իրականացվող եզդիերենի, պարսկերենի, ասորերենի, քրդերենի ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները նոյեմբերի 14-ի փոխարեն կանցկացվեն նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ին։

Կամավոր ատեստավորման մյուս առարկաների քննությունների անցկացման օրերն ու ժամերը մնում են անփոփոխ՝ համաձայն ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ժամանակացույցի։

Քննական կենտրոնների և ատեստավորման կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններն ուսուցիչները կծանուցվեն:

Leave a comment