3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում պատգամավոր Ագնեսա Խամոյանի և Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի միջև քննարկում ծավալվեց ընկերությունների կապարակնքման իրավաչափության, պատգամավորական հարցումներին տրվող պատասխանների և դատական ակտերի կատարման շուրջ։

Խամոյանն ասաց, որ վերջին ամիսներին մի քանի տասնյակ ընկերություններ են կապարակնքվել, և ինքը բազմիցս դիմել է Քննչական կոմիտե՝ փորձելով պարզել այդ գործողությունների իրավական հիմքերը։

«Վերջին ամիսների ընթացքում մի քանի տասնյակ ընկերություններ կապարակնքվել են… Քրեական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածով սահմանված 12 քննչական գործողություններից ասեք, թե, ի վերջո, որի՞ մեջ է տեղավորվում կապարակնքումը: «Ժամանակավոր սահմանափակում» եզրույթը ի՞նչ է նշանակում․ դա մի օր է, երկու օր է, մի ամիս է, մի տարի՞ է: Դուք չեք կարծում արդյո՞ք, որ այդ ապօրինի գործողությունների հետևանքով երրորդ անձանց իրավունքներ եք խախտել»,- հարցրեց Խամոյանը։

Նա անդրադարձավ նաև «Օլիմպավան»-ի կապարակնքմանը՝ նշելով առաջին ատյանի դատարանի որոշումը, որով այդ գործողությունը ճանաչվել էր ապօրինի։ Խամոյանը շեշտեց, որ դատական ակտերի կատարումը պարտադիր է։

Քննչական կոմիտեի նախագահը պատասխանեց, որ տնտեսական բնույթի քրեական վարույթների ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանա գույքը ճանաչել իրեղեն ապացույց և այն կնքել՝ ապացույցների պահպանությունն ապահովելու նպատակով։

«Երբ քննիչը… ճանաչում է իրեղեն ապացույց, ապա Քրեական դատավարության օրենքի 98-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված է, որ անհրաժեշտության դեպքում նաև կնքվում է, որպեսզի հետագայում դա չհանգեցնի որևէ ապացույցի կամ ապացուցողական նյութի անտեղի կորստի: Կնքելը քննչական գործողության ընթացակարգային բաղկացուցիչ մասն է»,- ասաց Պողոսյանը։

Անդրադառնալով «Օլիմպավան»-ի վերաբերյալ դատական ակտի կատարմանը՝ ՔԿ ներկայացուցիչը հղում արեց Վճռաբեկ դատարանի ձևավորած պրակտիկային։

«Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ այդ ակտերը ի կատար են ածվում բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո: Եթե ակտը մտնի օրինական ուժի մեջ, մենք պարտավոր ենք կատարել այն»,- նշեց նա։

Խամոյանը հակադարձեց, որ խուզարկությունը կոնկրետ սկիզբ և ավարտ ունեցող որոնողական գործողություն է և չի կարող վերածվել անորոշ ժամկետով կապարակնքման։

«Դատարանը քննիչին տվել է «Օլիմպավան»-ի դեպքով մեկ անգամ խուզարկություն իրականացնելու թույլտվություն, բայց ընթացքում խուզարկությունը դարձել է կապարակնքում․ դռները փակել եք ու դուրս եք եկել: Առաջին ատյանի դատարանի որոշումը կատարելը անհապաղ և իմպերատիվ պահանջ է բոլորի համար»,- ասաց Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment