Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Հայտնում է Անվտանգության խորհրդի գրասենյակը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է խաղաղության գործընթացի ընթացքը, անդրադարձել տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների զարգացման ներկայիս դինամիկային։

«ԱԽ քարտուղարը ողջունել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների այցը Հայաստան՝ ընդգծելով, որ նման ձևաչափով երկկողմ շփումները կարևոր դեր ունեն փոխվստահության ամրապնդման և բարիադրացիական հարաբերությունների զարգացման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 13-ին հայ-ադրբեջանի սահմանի ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան են ժամանել ադրբեջանցի փորձագետները։ Փետրվարի 13-14-ը Հայաստանում, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում, անցկացվում է երկկողմ կլոր սեղան։

The post Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ appeared first on CIVILNET.

Leave a comment