Ղազախստանն ու Ադրբեջանը «Կասպյան կամուրջ» կստեղծեն
Ղազախստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են համագործակցել «Կասպյան կամուրջ» նոր անդրկասպյան լաստանավային համակարգի և միջմոդալ բեռնային տերմինալի ստեղծման շրջանակում, հաղորդում է Kazinform-ը։
Կողմերը քննարկել են Ղազախստանի և Ադրբեջանի միջև ներդրումային ու գործարար համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տրանսպորտի և լոգիստիկայի ու ծովային ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը։
Բացի դրանից, հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու փաստաթուղթ՝ ուղղված Ղազախստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային և լոգիստիկ համագործակցության զարգացմանը։
Առաջին փաստաթուղթը նախատեսում է «Կասպյան կամուրջ» նոր անդրկասպյան լաստանավային համակարգի ստեղծումը։ Համաձայնագիրը սահմանում է նախագծի նախապատրաստման և իրականացման ուղղությամբ կողմերի փոխգործակցության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները։
Երկրորդ փաստաթուղթը «Ղազախստանի երկաթուղիներ» ազգային ընկերության և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջև մտադրությունների համաձայնագիրն է (Term Sheet)՝ միջմոդալ բեռնային տերմինալի և համատեղ ձեռնարկության ստեղծման հիմնական պայմանների վերաբերյալ։ Նախագիծն ուղղված է բեռնարկղային և այլ բեռնափոխադրումների զարգացմանը՝ առաջնահերթ շեշտադրելով Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին (ԱՄՏԵ)։