Գիշերային ժամերին դեպի «Զվարթնոց» չվերթերը կրկնապատկվել են սահմանափակումների պատճառով

Բաժանորդագրվել

Օդանավակայանը գիշերները միաժամանակ ընդունում է երկու ժամանող չվերթ, իսկ վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 10 րոպե:

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանող գիշերային չվերթերի թիվը կրկնակի ավելացել է` օդանավերի ընդունման և բացթողման ժամանակավոր սահմանափակումների ֆոնին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի` թռիչքուղու և ղեկուղու հատման հատվածում նախատեսված աշխատանքների պատճառով։
Sputnik Արմենիայի տվյալներով՝ եթե նախկինում գիշերը օդանավակայանը մեկ ժամվա ընթացքում երեք–չորս չվերթ էր ընդունում, ապա այժմ դրանց թիվը հասնում է յոթ–ութի։

Օդանավակայանը միաժամանակ ընդունում է երկու ժամանող չվերթ, իսկ վայրէջքների միջև ընկած ժամանակահատվածը կազմում է մոտ 10 րոպե:

Ինքնաթիռների ժամանման հաճախականությունը և ուղևորահոսքի ավելացումը կարող է հանգեցնել գիշերային ժամերին օդանավակայանի ծանրաբեռնվածության ավելացման: Մասնավորապես, անձնագրային հսկողության գոտում հնարավոր են ուղևորների կուտակումներ։

Մեր տեղեկություններով՝ օդանավակայանի ղեկավարությունը համապատասխան ծառայությունների հետ միաժամանակ անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ուղևորներին սպասարկելու և ուղևորահոսքը կարգավորելու համար:

Sputnik Արմենիան դիմել է «Զվարթնոց» օդանավակայան՝ պարզելու, թե ինչպես է կազմակերպվում աշխատանքը ժամանակային սահմանափակումների պայմաններում։

«Ավիաընկերությունները նախապես տեղեկացվել են սահմանափակումների մասին, փոփոխություններ են կատարվել չվացուցակում։ Դրանք արդեն արտացոլված են օդանավակայանի տեղեկատվական ցուցատախտակի վրա»,– հայտնել են օդանավակայանից։

Ցերեկային վերջին չվերթը օդանավակայան է ժամանել նոյեմբերի 2–ին՝ ժամը 08։19-ին։ Դա ռուսական «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռն էր։

Leave a comment