ԹՐԻՓՓ- ի շրջանակում մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են լինելու․ ՊԵԿ նախագահ

ԹՐԻՓՓ- ի շրջանակում մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են լինելու․ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։

Հարցը վերաբերում էր մաքսային գործընթացներում օպերատորի ներգրավմանը․ «Եթե բեռների մաքսային ձևակերպման ընթացքում ռիսկեր հայտնաբերվեն և զննման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշումը կկայացնի բացառապես մաքսային ծառայության աշխատակիցը։ Մաքսային աշխատողն է այդ որոշում կայացնողը, չի կարող «ֆրոնտ օֆիսը» այդպիսի որոշում կայացնել։ ՀՀ–ն պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները։ Այսինքն, ռիսկերը մենք ենք վերլուծելու, զննումները մենք ենք անելու»։

Օպերատորի՝ «ֆրոնտ օֆիսի» գործառույթների հստակ շրջանակը դեռ քննարկման փուլում է, վերջնական համաձայնությունները կամրագրվեն պայմանագրով։

Իսկ թե ինչո՞ւ է նախատեսվում միջազգային օպերատորի մասնակցությունը, եթե մաքսային ծառայությունն անցնում է թվայնացման, ՊԵԿ նախագահը պատասխանեց, որ միջազգային օպերատորի ներգրավումը նաև վստահության հարց կլուծի, քանի որ դրա անհրաժեշտությունը ոչ ծանրակշիռ, բայց ինչ-որ չափով կա։

Արդյոք նմանատիպ վստահության մեխանիզմ նախատեսվում է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների անցուդարձի համար, նա պատասխանեց, որ ադրբեջանական կողմի մաքսային աշխատանքի կազմակերպման մոդելից տեղյակ չէ։

Ըստ ՊԵԿ նախագահի, Հայաստանում մաքսային ծառայության թվայնացումը շարունակվում է՝ անկախ ԹՐԻՓՓ-ի գործարկումից։ Մշակվում է նոր թվային հարթակ, որը պետք է ինտեգրվի e-Gate համակարգին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիների և մաքսային ծառայողների անմիջական շփումը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment