Հայաստանի տնտեսությունը 2027 թ.-ին կաճի 5,8%-ով․ Ֆինանսների նախարարության կանխատեսումը

Հայաստանի տնտեսական աճը 2026 թ.-ի համար կանխատեսվում է 5,6% մակարդակում, 2027 թ.-ի համար՝ 5,8%, իսկ առաջիկա տարիներին աճի տեմպերը նույնական են լինելու․ Հայաստանի 2027 թ.-ի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս խորհրդարանում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«2027 թվականի դեֆլյատորը սահմանվել է 3,1% մակարդակում, և, ըստ էության, անվանական ՀՆԱ-ն կանխատեսվում է 13 տրիլիոն 616 մլրդ դրամի չափով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը գտնվելու է 6%-ի սահմաններում։

Հովհաննիսյանը նշել է, որ իրական հատվածում նկատվում են գործընթացներ, որոնց պայմաններում աճ են արձանագրել շինարարությունը, ծառայությունների ոլորտը և արդյունաբերությունը։

«Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7,3%-ով, իսկ առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 6%»,- ասել է նա։

Նախարարի խոսքով՝ աշխատաշուկայում գրեթե բոլոր ոլորտներում նկատվում է աշխատատեղերի ավելացում։

Դրան զուգահեռ նա նշել է, որ այն ոլորտներում, որտեղ նախկինում արձանագրվում էր աշխատավարձերի կտրուկ աճ, այժմ նկատվում է աճի տեմպերի որոշակի դանդաղում։ Դա վերաբերում է ֆինանսական, ապահովագրական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներին։

«Ուղղակիորեն միջին անվանական աշխատավարձն աճել է 5,6%-ով՝ կազմելով 312 հազար դրամ, իսկ վարձու աշխատողների թվաքանակն ավելացել է 3,6%-ով»,- հավելել է նա։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, իսկ առաջին ինը ամիսների ընթացքում՝ 4,5%։ Սեպտեմբերին Կենտրոնական բանկը բարձրացրել է դրամավարկային քաղաքականության վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6,75% մակարդակում։

«Հայաստանի ռիսկի հավելավճարը վերջին տարիներին հետևողականորեն նվազում էր, սակայն սեպտեմբերին մենք արձանագրեցինք չնչին աճ»,- նշել է նախարարը։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

2026 թ.-ի պետական բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 5,4% չափով։ ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներով՝ 2026 թ.-ի II եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,7%-ով։ Ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության վերաբերյալ ԿԲ զեկույցի համաձայն՝ 2026 թ.-ի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը սցենարից (A-B) կախված սպասվում է 5,7-5,3% միջակայքում։

Միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թվականի համար Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներն են․ Համաշխարհային բանկ (ՀԲ)՝ 5,6%, Արժույթի միջազգային հիմնադրամ (ԱՄՀ)՝ 5,5%, Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ)՝ 5%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ)՝ 5,5%, Եվրասիական զարգացման բանկ (ԵԱԶԲ)՝ 6%, S&P Global Ratings՝ 4,9%, Fitch Ratings՝ 5,2%։

ԱՌԿԱ

Leave a comment