«Իսկ ո՞վ է ասել, որ մեծ ստվերի դեպքում չպետք է նաև լինի բիզնեսի փակում»․ ՊԵԿ նախագահը՝ ընդդիմադիրների հետ փոխկապակցված բիզնեսները փակելու մասին

«Պարոն Հակոբյան, ամենակարևոր բարեփոխումը բաց թողեցիք, որ անկախ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ բիզնես է փակվում՝ ենթադրյալ հարկեր թաքցնելու կասկածանքով։ Խոսքը կապարակնքումների մասին է»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Այսօր շուրջ 60 բիզնես փակված է և չի բացվում ամիսներ շարունակ։ Քննչականը գցում է ՊԵԿ-ի վրա, ՊԵԿ-ը գցում է քննչականի վրա, և այդպես էլ հասկանալի չէ այս ամբողջ պրոցեսի իրավական բացատրությունը։ Ես ձեզ հարցում եմ ուղարկել, պարոն Հակոբյան, ցանկ էի ներկայացրել և խնդրել էի ասել՝ բիզնեսի փակման օրվանից մինչև հարցման օրն ի՞նչ գործողություններ եք իրականացրել։ Երբ ես քննչական հարցում եմ ուղարկել, թե ինչո՞ւ են փակել այդ բիզնեսները, քննչականն ինձ պատասխանել է՝ փակել են, որ ՊԵԿ-ն ապացուցողական գործողություններ իրականացնի։ Այն բոլոր բիզնեսները, որոնք այսօր փակված են, դրանց մասով ՊԵԿ-ի կողմից տարիներ շարունակ ստուգումներ են իրականացվել։ Շատ պարզ եմ ասում՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց հետ կապված բիզնեսների մասին է խոսքը։ Ի՞նչ եք ստուգել, որ չեք գտել, որ քննչականը գնացել է ձեր համար բիզնեսը փակել է, որ դուք գնաք ինչ-որ բան գտնեք։ Ի՞նչ է նշանակում ապացուցողական գործողություն։ Դուք ինձ պատասխանել եք, որ դա պետական գաղտնիք է։ Լո՞ւրջ։ Դուք ոչ մի գործողություն էլ չեք իրականացրել, խնդիրը ՊԵԿ-ի կողմից  ապացուցողական գործողություն իրականացնելը չէ, խնդիրն ուղղակի այդ բիզնեսները փակելն է»,- ասաց Ագնեսա Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Էդուարդ Հակոբյանն ի պատասխան ասաց․ «Բիզնես փակվելու մասին եք խոսում։ Լեգիտիմ կլիներ ՊԵԿ նախագահին հարցներ՝ այդ ո՞նց եղավ, որ տարբեր բիզնեսներ ունեցան այդպես մեծ ստվեր, ինչպե՞ս դա բացահայտեցիք, ե՞րբ բացահայտեցիք։ Իսկ ո՞վ է ասել, որ մեծ ստվերի դեպքում չպետք է նաև լինի բիզնեսի փակում կամ չպետք է լինեն այնպիսի գործողություններ, որոնք ավելի կոշտ են, քան ավելի հավասար պայմաններում»։

Անդրադառնալով տեղեկություններ չտրամադրելու հարցին՝ ՊԵԿ նախագահն ասաց․ «Պարզ է, չէ՞, որ քրեական գործի շրջանակներում գործողությունները գաղտնիք են»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment