«Եթե հանկարծ տեղի կունենա գազի գնի թանկացում, դա մեզ թույլ կտա որոշելու այն տոկոսադրույքը, որը թույլ չի տա թիրախից բարձր գնաճ»․ Մարտին Գալստյան

«Գործադիր մարմինը ոնց որ ապոկալիպտիկ սցենարը ձեր հետ չի կիսում։ Ես ուզում եմ ձեր գնահատականը՝ կապված դրամական ներհոսքի հնարավոր դադարեցման հետ։ Մի քանի միլիարդ միայն ֆիզիկական անձանց ու բանկերի միջոցով, հասկանում ենք, որ եթե չլինի, ինչ ազդեցություն կարող է ունենալ տնտեսության վրա։ Արդյոք վերլուծություն արե՞լ եք՝ այդ գումարները, որոնք գալիս են, եթե որոշակի կենտրոնացումով են գալիս, մի քանի անձանց միջոցով կամ մի քանի տասնյակ ընկերությունների հետ փոխկապակցված անձանց միջոցով, պարզ է, որ Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման նպատակ են հետապնդում։ Մասնավորապես, փողը գալիս է մասնավոր անձանց միջոցով, բայց ներդրում է կատարվում, օրինակ, շինարարության մեջ։ Ի՞նչ ազդեցություն կարող է լինել տնտեսության վրա»,- Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Ապոկալիպտիկ բառը շատ մոդայիկ է դարձել, մի քիչ բան անենք, որպեսզի կրքերը․․․ Ես ակամայից դարձրեցի իրեն շրջանառության մաս, բայց եկեք մի քանի բան տարանջատենք»,- արձագանքեց ԿԲ նախագահը։

Մարտին Գալստյանն անդրադարձավ գազի գնի հնարավոր թանկացմանը՝ նշելով․ «Հիմա գազի գնի թանկացման հետ կապված մենք ունենք հաշվարկներ, բայց ԿԲ-ն որևէ միջամտություն չի կարող անել շուկայում, քանի դեռ դա իրականություն չի  դարձել։ ԿԲ-ն գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել, քանի դեռ դա տեղի չի ունեցել։ Եթե հանկարծ տեղի կունենա գազի գնի թանկացում, որի արդյունքում մենք կտեսնենք դրա ազդեցությունը, այդ ամենը մեզ թույլ կտա որոշելու այն տոկոսադրույքը, որը թույլ չի տա, որ գնաճը բարձր լինի թիրախից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Անդրադառնալով փոխանցումների կրճատման վերաբերյալ կանխատեսումներին՝ Մարտին Գալստյանն ասաց․ «Ձեր ասածն այնքան էլ այդպես չէ, որովհետև այդ գումարները, որ եկել են, չեն եկել Հայաստանի տնտեսությունում ներդրվելու տեսանկյունից։ Մենք բանկերի հետ երկխոսության միջոցով բանկերին ուղղորդում ենք վարքագծի, որ եթե դու չգիտես այդ գումարի ապագան, ուրեմն այդ գումարը ոչ թե պետք է դոլարից սարքել դրամ ու վարկավորել տնտեսությունը, այլ պետք է իրեն իրացվելու պահել, որ եթե հանկարծ գնալու լինի, խնդիրներ չունենանք։ Մեր ամբողջ գործիքակազմը միտված է այդ ռիսկի զսպմանը»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment